Ուժի գաղտնիքը

16/09/2010

Շառլ Ազնավուրը «Արգումենտի ի ֆակտիին» տված հարցազրույցում պատմել է, թե որքան մեծ նշանակություն ունի իր համար Ռուսաստանը: «Իմ հայրը խոհարար էր ռեստորանում, որտեղ ռուսական կերակուրներ էին պատրաստում: Ռեստորանը կովկասյան էր, բայց կերակուրները մաքուր ռուսական էին, այն իրական ռուսական խոհանոցի, որն այսօր գոյություն չունի: Եվ ոչ միայն նրա համար, որ շատ բաղադրատոմսեր կորսված են, այլ ուղղակի չկան անհրաժեշտ բաղադրիչները: Ի դեպ, հայկական ռեստորանների հետ էլ նույն պատմությունն է: Հայաստանում շատ բարդ է ավանդական խոհանոցով ռեստորան գտնել: Մայրս ռուսերեն է սովորել` օգնելով պապիկիս (պապս խոհարար է եղել Նիկոլայ 2-րդի մոտ, ապա հորս ռեստորանում): Մեր տանը միշտ հյուրեր են հավաքվել, հիմնականում` ռուսներ: Ուստի ես փոքրուց լողացել եմ ռուսական մշակույթի մեջ: Ծնողներիս տանը մշտապես ռուսական երգեր են հնչել»,- ասել է Ազնավուրը: Հարցին, թե որտեղի՞ց է էներգիա քաղում, Ազնավուրը պատասխանել է. «Հնարավոր է` իմ ուժի գաղտնիքը նրանում է, որ ես ներգաղթյալների զավակ եմ: Իսկ երբ ներգաղթյալը ստիպված է ապրել օտար երկրում, ինչ էլ որ անի, միշտ դժբախտ է: Առաջին հերթին՝ նրա համար, որ կտրված է իր հայրենիքից: Բայց հայրս մեծ լավատես էր, նա երբեք չէր կորցնում կապն իր ծնողների հետ, որոնք ապրում էին ԽՍՀՄ-ում` Լենինականում: Մորս վիճակն ավելի վատ էր, նա կորցրել էր բոլոր հարազատներին Հայոց ցեղասպանության ժամանակ: Հենց այդ սպանդի պատճառով էլ մերոնք փախել էին Ֆրանսիա»: Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը ծնվել է ներգաղթյալների ընտանիքում 1924թ.: 2009-ից Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում: Երեք անգամ ամուսնացել է, ունի վեց երեխա: