Թշնամու լուսավոր կերպարը

16/10/2005 Սեմյոն ՆՈՎՈՊՐՈՒԴՍԿԻ

Ժողովրդի դրական իմիջ ձեւավորելը սկզբունքորեն անհնարին է, քանի որ նման խնդրի հասցեատերը թաքնված կամ ակնհայտ ֆաշիստ է:

Ոչ մի նորմալ մարդ ապրիորի չի կարող բացասական կարծիք ունենալ կոնկրետ ազգի նկատմամբ: Ինչպե՞ս համոզել, ասենք, հակասեմիտին, որ հրեաները լավն են: Նրանցից ոմանք ձեզ կասեն, որ անձամբ ճանաչում են մի քանի լավ հրեայի, եւ նույնիսկ ընկերություն են անում նրանց հետ: Բայց դրանից նրանք չեն դադարում հակասեմիտ լինելուց: Նույն պատմությունն է չեչենների դեպքում: Եթե դուք չեք սիրում կովկասցիներին, մուսուլմաններին, «չար» չեչեններին, եւն, ապա ձեր՝ «բարի» չեչենների գոյության փաստի ընդունումը չի վերացնի ձեր ատելությունը նրանց նկատմամբ:

Խնդրի անհեթեթությանն արժանի են եւ դրա լուծման ձեւերը: Անհեթեթ են պրոպագանդիստական «տրյուկները», ինչպես, ասենք, ողջ Ռուսաստանով անցնող ագիտգնացքը՝ չեչեն արտիստներով ու հանրապետության ղեկավարներով, կամ չեչենական «Թերեք» ֆուտբոլային ակումբը, որին դուրս բերեցին Պրեմիեր-լիգա ու հիմա չգիտեն, թե ինչպես պահեն այնտեղ: Վոկալ-գործիքային կամ պարային անսամբլներ ունենալու փաստով դեռ չի որոշվում` ժողովուրդը լավն է, ոչ թե վատը:

Ամեն դեպքում չեչենների դրական կերպար ստեղծելը հնարավոր է: Եվ գիտե՞ք՝ ով է դա անելու: Չեչնիայի ղեկավարությունն ու Ռուսաստանի իշխանությունները: Եվ գիտե՞ք ինչպես: Չեչեններին վերաբերվել իբրեւ Ռուսաստանի լիիրավ քաղաքացիների:

Եթե Չեչնիան Ռուսաստանի նույնպիսի մաս է կազմում, ինչպես, օրինակ, Տամբովի մարզը (իսկ դա, անշուշտ, այդպես է), ուրեմն չեչեններն էլ նույնպիսի ռուսաստանցիներ են, ինչպես տամբովցիները:

Իսկ չեչենական ղեկավարները չպետք է իրենց զգան պատերազմում հաղթած դաշտային հրամանատարներ, որոնք համաձայնության են եկել նախկին թշնամու հետ: Նրանք պետք է հնարավորինս նրբանկատ ու ազնիվ լինեն հասարակ մարդկանց հետ շփվելիս:

Իրավապահ մարմինների ղեկավարներին մինչեւ հիմա չի արգելվել օգտագործել ակնհայտ ֆաշիստական «կովկասյան ազգության դեմք» արտահայտությունը:

Չնայած այժմ ոստիկանական համեմատաբար ինտելիգենտ ղեկավարներն օգտագործում են ավելի մեղմ արտահայտություն՝ «էթնիկ հանցավոր խմբեր»: Եթե հանցավոր խումբը կազմված է սլավոններից, դա նույնպես «էթնիկ խմբավորում» է:

Եթե պետպրոպագանդան ամեն օր խոսում է չեչեն կամ իսլամիստ ահաբեկիչների մասին, եթե դուք հավատում եք այդ խոսքերին, իսկ ոչ մի խոշոր ահաբեկչական ակտ դեռ պատշաճ չի հետաքննվել, ապա դուք ակամա սկսում եք ատել չեչեններին ու մուսուլմաններին: Ատելության ոգով ձեզ դաստիարակում է հենց պետությունը:

Իրաքի ու Չեչնիայի պատերազմները հաղթանակով չեն ավարտվում մի պատճառով. այդ երկրներում իր կանոնները հաստատել ցանկացող կողմը տեղի բնակչությանը վերեւից է նայում: Կարծես թե նրանք մարդ չեն:

Ամենից առաջ բոլոր մակարդակների չինովնիկներն ու իշխանավորները պետք է հասկանան, որ չեչենները, ռուսները, հրեաներն ի սկզբանե հավասար են օրենքի, Աստծո ու մարդկանց առաջ:

Պիտի հասկանան, որ լավ կամ վատ ժողովուրդներ սկզբունքորեն չեն լինում: Որ ազգերին լավերի ու վատերի բաժանող յուրաքանչյուր ոք ֆաշիստ է: Որ սպիտակամորթի կողմից սեւամորթի ցանկացած սպանություն ֆաշիզմ է, ոչ թե կենցաղային հողի վրա կատարված խուլիգանություն: Դա գիտակցելով՝ իշխանությունները գուցե հասկանան, թե որքան անիմաստ է թշնամու լուսավոր կերպար ստեղծելը: Եթե, իհարկե, նա թշնամի է: