ՄԻԵԴ-ի որոշումը Հրանտի ծննդյան նվերն էր

16/09/2010

«Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, նախօրեին Դինքի գործով թուրքական իշխանությունների դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշման առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Ռաքել Դինքը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի որոշումը Հրանտի ծննդյան նվերն էր (Հ. Դինքը ծնվել է սեպտեմբերի 15-ին): Նաեւ հայտարարել է, որ եթե ՄԻԵԴ-ը չբավարարեր իրենց որոշումը, իրենք հեռանալու էին Թուրքիայից: «Ոմանք ծրագրված եւ կազմակերպված ձեւով ցանկանում էին թուրք հասարակությանը հավատացնել, որ Հրանտը վիրավորել է թուրքական ինքնությունը, որ նա թուրքի թշնամին է: Այդ որոշումից հետո ցանկանում ենք հավատալ, որ Թուրքիայում իրավական եւ քաղաքական տեսանկյունից շատ բաներ են փոխվելու: Հուսով ենք, որ թուրքական պետությունը հետայսու կհրաժարվի մեղավորին արդարացնելու, իսկ անմեղին էլ դատապարտելու գործելաոճից»,- ասել է Հ.Դինքի այրին: Ռաքել Դինքը հայտարարել է նաեւ, որ այն 133.595 եվրոն, որը Թուրքիան որպես փոխհատուցում վճարելու է իրենց ընտանիքին, իրենք բաժանելու են կրթական կառույցներին, այդ թվում` Կենտրոնական հայկական վարժարանին եւ Գեդիքփաշայի բողոքական եկեղեցուն: Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվում է, որ Թուրքիան ոտնահարել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ, 10-րդ եւ 13-րդ հոդվածները, ինչի առնչությամբ Անկարան Հրանտ Դինքի հարազատներին պետք է վճարի 133.595 եվրոյի չափով փոխհատուցում, որը ներառում է նաեւ դատական ծախսերը: