Հոլիվուդում աշխատող հայազգի Ռոջեր Կուպելյանը, ով ընդգրկված է եղել շուրջ 50 հոլիվուդյան ֆիլմերի արտադրությունում, այդ թվում` «Մատանիների տիրակալը» եռապատումը, «Տերմինատոր 4»-ը եւ այլն, եղբոր` Արմեն Կուպելյանի հետ միասին Հոլիվուդում ձեռնարկել են Վարդան Մամիկոնյանի մասին պատմական ֆիլմի ստեղծումը: Fugitive Studios Entertainment ընկերության ղեկավարներ` Կուպելյան եղբայրների ֆիլմի տեսահոլովակի (թրեյլերը) հայաստանյան շնորհանդեսը տեղի կունենա հենց «ՌեԱնիմանիա 2010» միջազգային անիմացիոն կինոփառատոնի MarAni բիզնես-ֆորումի ժամանակ: Կուպելյան եղբայրներն, արդեն յոթ տարի է, աշխատում են Վարդան Մամիկոնյանի մասին պատմող ֆիլմի սցենարի եւ նախապատրաստական աշխատանքների վրա, բանակցություններ են վարել հոլիվուդյան հայտնի ստուդիաների հետ: Ֆիլմի ստեղծման գաղափարը շատերին է հետաքրքրել` անգամ օսկարակիր դերասանների, հայտնի ֆիլմ արտադրող ստուդիաների` այդ թվում Մել Գիբսոնի M power production ընկերությանը եւ մի շարք այլ ստուդիաների, որոնք համագործակցության ցանկություն են հայտնել, սակայն, այդուամենայնիվ, ֆիլմի նկարահանման աշխատանքները դեռեւս չեն սկսել։
Ա. Կուպելյանը news.am-ին ասել է, թե արտասահմանյան ֆիլմարտադրող որեւէ ստուդիա, որը ցանկանում է համագործակցել եւ որոշակի ֆինանս տրամադրել ֆիլմի նկարահանման համար, նախ եւ առաջ ցանկանում է, որպեսզի 40-50 տոկոս ֆինանսավորումն արդեն լինի, իսկ մնացած գումարը ինքն է հատկացնում:
«Մեր երիտասարդությանը հերոս է պետք, իսկ հայության մեջ մենք ունենք այնպիսի հերոսներ, որոնց դժբախտաբար ճիշտ ձեւով չենք ներկայացնում, իսկ արդյունքում երիտասարդները հերոսներ են փնտրում դրսում»,- ասել է Ա. Կուպելյանը՝ հավելելով, որ ֆիլմը կարեւոր է հատկապես հայ երիտասարդների համար, ու նաեւ հնարավորություն է օտարներին մեր եւ մեր պատմության մասին տեղեկացնելու։
Ա. Կուպելյանի խոսքով` ուրիշ երկրների կառավարությունները, օրինակ՝ Ռումինիա, Բուլղարիա, ավելի հետաքրքրված են այս նախագծի իրականացմամբ, Ռումինիայի կառավարությունը անգամ հրավիրել է այնտեղ նկարահանումներ իրականացնելու, սակայն հայ ֆիլմարտադրողները նախընտրում են ֆիլմը նկարահանել հենց Հայաստանում, եւ ֆիլմի ստեղծման աշխատանքներում օգտագործել հայերին:
«Հետաքրքրական է, որ ուրիշ երկրների կառավարությունները ավելի հետաքրքրված են ֆիլմի ստեղծմամբ, քան մեր կառավարությունը»,- ասել է Ա. Կուպելյանը` հավելելով, որ մինչեւ անգամ «Խիզախ սիրտը» կամ «Գլադիատորը» ֆիլմերում նկարահանված հայ դերասանները մեծ ցանկություն ունեն եւ ոգեւորված են այս գաղափարով: