Հոկտեմբերի 10-ին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը հոդված էր հրապարակել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի՝ օրերս Երեւան կատարած պաշտոնական այցի մասին: Կարծում ենք, մեր ընթերցողին հետաքրքիր կլինի ծանոթանալ մոսկովյան լրագրողի կարծիքին` Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին:
Մոսկվայի քաղաքապետի այցը Երեւան չի կարելի համարել «լուրջ» միջոցառում: Թեեւ Լուժկովը, ինչպես հայտնի է, չի խմում, այցն, այնուամենայնիվ, մի թեթեւ «անլուրջ» էր՝ մի քիչ գինով, մի քիչ կոնյակով, բայց հիմնականում՝ շինարարական: Ինչո՞ւ այդպես` ամեն ինչ ու միանգամի՞ց: Որովհետեւ Հայաստանն այժմ Ռուսաստանի գրեթե միակ բարեկամն է Կովկասում: Իսկ Մոսկվան ՌԴ միակ սուբյեկտն է, որ կարող է վճարել այդ բարեկամության դիմաց:
Նկատի ունենք այն, որ դեպի Ռուսաստան Հայաստանի արտահանման 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: Վերջին տարում ապրանքաշրջանառությունն աճել է 20%-ով: Իմիջիայլոց ասենք, որ մոսկվացիներն օգտագործում են “Made in Armenia” ապրանքներ ու մթերք 3,5 անգամ ավելի շատ, քան հայերը` մերը: Շուտով մետրոյի «Տուլսկայա» կայարանի մոտ կկառուցվի «Երեւան» առեւտրի կենտրոնը: Եվ որպեսզի այնտեղ հայերը կարողանան վաճառել իրենց հայկական արտադրանքը, Մոսկվայի ղեկավարությունը Հայաստանին հողատարածք է հատկացրել Մոսկվայի օղակաձեւ մայրուղու մոտ՝ մեծածախ առեւտրի պահեստների համար: Ինչ վերաբերում է հոգեւոր սնունդին, ապա «Երեւան» կ/թ շենքում կբացվի հայկական մշակույթի կենտրոն:
Իսկ մոսկովյան շինարարները Երեւանում արդեն ամբողջ թաղամասեր են կառուցում (Լուժկովին այցի ընթացքում ուղեկցում էր Վլադիմիր Ռեսինը):
Երեւանի քաղաքապետարանն էլ, իր հերթին, սեփական շենքի կողքին պատվավոր տեղ է հատկացրել «Մոսկովյան տուն» կառուցելու համար:
«Մի տարի հետո մենք այստեղ մամուլի ասուլիս կկազմակերպենք»,- խոստացավ Յուրի Լուժկովը: Իսկ մինչ այդ` «ասուլիսները» կոմերսանտների, չինովնիկների ու լրագրողների միջեւ տեղի էին ունենում տարբեր տեղերում: Եվ բոլորն այն համոզմանն էին, որ այսպես ապրել (ուտել, խմել) այլեւս չի կարելի: Վերջին հանգամանքը մի հայ գործարար նկարագրեց ուղղակի սրտաճմլիկ թվերով. «Ահավո՛ր բան է: Հայաստանում 100 գր չոր գինին արժե 100 դրամ (մոտ 6 ռուբլի), իսկ Մոսկվայում՝ 60 ռուբլի: Էդքան թանկ գնով ո՞վ է առնողը»:
Նկատենք, որ տեղական գինին հրաշալի համ ունի, իսկ կոնյակի մասին (իսկակա՛ն, ոչ թե կեղծված) էլ չենք խոսում: Բայց հայկական գինին, կոնյակն ու միրգը չեն էժանանա, քանի դեռ դրանք ներկրվում են փոքրիկ ինքնաթիռներով: Եվ մեր քաղաքապետը Հայաստանի վարչապետին խոստացավ տրամադրել մինչեւ 120 տոննա տարողությամբ մեծ ինքնաթիռներ: Ծրագրվում է նաեւ վերագործարկել Հայաստանից Վրաստան ու Աբխազիա երկաթուղին: Բայց սա թեեւ` լուսավոր, այնուամենայնիվ, ապագա է: Առայժմ Հայաստանը «պաշարման» մեջ է: Գուցե նաեւ սա է պատճառը, որ Ռուսաստանին այստեղ հարգում են. Երեւանի փողոցների անունները գրված են նաեւ ռուսերեն, դպրոցում ռուսերեն են սովորում, նույնիսկ սրճարաններում հնարավոր է ռուբլիով վճարել…
Ռուսական պատվիրակության այցի պաշտոնական նպատակը «Երեւանում Մոսկվայի օրերի» բացումն էր: Մի առիթ եւս կար՝ Երեւանի 2787-ամյակը: Բայց տոնին մասնակցելու մնացին միայն արտիստները: Մյուսները ժամանակ չունեին կամ էլ համապատասխան հագուստ. Երեւանի օդանավակայանում Մոսկվա վերադարձրին հյուրերի իրերի մի մասը՝ ոմանց թողնելով առանց փոխնորդ հագուստի: Ամեն դեպքում, մենք հայերին շատ բանով ենք նման. Մոսկվայի օդանավակայանում էլ մեր սիմֆոնիկ նվագախումբը մնաց առանց կոնտրաբասի. պարզապես մոռացել էին այն բեռնել: Բայց նման մանրուքների պատճառով ոչ ոք առանձնապես տխուր չէր: Ինչո՞ւ: Նայի՛ր վերնագիրը:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»