Պատասխանել է

16/09/2010

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը արձագանքել է Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մոր` Հասմիկ Հովհաննիսյանի` իրեն ուղղված բաց նամակին: Ներկայացնում ենք նախարարի պատասխանն ամբողջությամբ: «Հարգելի տիկին Հովհաննիսյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հղած բաց նամակում Դուք կասկածի տակ եք առել Ձեր որդու` թիվ 21127 զորամասում հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածը` մատնանշելով նրան ինքնասպանության հասցնելու փաստի առիթով հարուցված քրեական գործի քննության` թերություններով ընթացքը: Խորապես կիսելով Ձեր որդու կորստյան վիշտը` հայտնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել թիվ 21127 զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին: Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել նույն զորամասի զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Հարութիկ Կիրակոսյանին եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Տիկին Հովհաննիսյան, քրեական գործի նախաքննության կատարումը 04.09.2010թ. հանձնարարվել է ՀՀ Պն քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժնին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, եւ վստահեցնում եմ, որ այն ի սկզբանե գտնվել է իմ անմիջական հսկողության ներքո: Հրահանգված է ամենայն մանրամասնությամբ վերլուծել կատարվածը` մեղավորներին արժանի պատժի ենթարկելու եւ նման երեւույթները բացառելու համար: Ձեզ մտահոգող բոլոր հարցերի շուրջ պատրաստ եմ հանդիպել եւ առանձնազրույց ունենալ Ձեզ հետ: Նախաքննությանն առնչվող հարցերին իմ ներկայությամբ Ձեզ կպատասխանի ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետը»: