Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ, համաճարակաբան Լիանա Թորոսյանի խոսքերով՝ Առողջապահության նախարարությունը մշտապես փոխտեղեկատվության մեջ է գտնվում Իրանի Առողջապահության նախարարության հետ, եւ այդ դեպքի մասին պաշտոնական տվյալներ չեն ստացվել. «Մենք արդեն դիմել ենք ԱՆ արտաքին կապերի բաժին, որպեսզի նրանք կապվեն եւ ավելի սպառիչ տեղեկություններ ներկայացնեն արձանագրված դեպքերի վերաբերյալ»:
Այնուամենայնիվ, թեեւ պաշտոնական տվյալներ դեռեւս չկան Արաքս գետում հայտնաբերված սատկած թռչունների մասին, Լ. Թորոսյանը ոչ այն է` հերքեց, ոչ այն է` հաստատեց այս տեղեկությունը: Համաճարակաբանի տվյալներով՝ Իրանում թռչնի գրիպի դեպքեր դեռեւս չեն գրանցվել: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սկսած 2003թ. դեկտեմբերից` Հարավային Ասիայի երկրներում արձանագրվել են թռչնի գրիպի համաճարակներ: Թաիլանդում եւ Վիետնամում այդպիսի դեպքեր գրանցվել են նաեւ բնակչության շրջանում: Մինչ օրս աշխարհում արձանագրվել է թռչնի գրիպի 120-ից ավելի դեպք, որոնցից 60-ը մահացու ելք է ունեցել: Ընթացիկ տարվա հունիս ամսին Ռուսաստանում նույնպես թռչնի գրիպի դեպքեր գրանցվեցին, բարեբախտաբար, բնակչության մեջ այն չտարածվեց: Օրերս պարզ դարձավ, որ Թուրքիայում նույնպես ի հայտ է եկել թռչնի գրիպի հարուցիչ, որի պատճառով ոչնչացվել է հնդկահավի մեծ գլխաքանակ: Թռչնի գրիպի ուսումնասիրություններն աշխարհում շարունակվում են եւ դրա դեմ պայքարի լուրջ միջոցներ դեռեւս չկան: «Մարդը հիմնականում վարակվում է հիվանդ թռչնի հետ սերտ շփման մեջ գտնվելու միջոցով»,- ասաց Լ. Թորոսյանը: Հարցիս, թե հիվանդ թռչնից վարակված մարդը կարո՞ղ է վարակել այլ մարդկանց, Լ. Թորոսյանը պատասխանեց. «Այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարվում, բայց չի բացառվում, որ թռչնի գրիպի վիրուսը, հանդիպելով մարդու սովորական գրիպի հետ, ենթարկվի որոշակի մուտացիաների: Այսինքն՝ ձեռք բերի այնպիսի հատկություն, որը կկարողանա փոխանցվել մարդուց մարդ»: Նման դեպքեր դեռեւս չեն արձանագրվել: Հայաստանի բնակչությանն այս վարակից պաշտպանվելու համար ի՞նչ է առաջարկվում: Հարցի պատասխանը ստանալու համար նախ Լ. Թորոսյանը խորհուրդ տվեց դիմել Գյուղատնտեսության նախարարություն, ապա հավելեց. «Միջոցառումների ծրագիր է պատրաստվում, որտեղ անելիքները մանրամասն կհստակեցվեն, սակայն ծրագիրն ավարտուն չէ: Կան դեղամիջոցներ, որոնց արդյունավետությունը դեռեւս ուսումնասիրվում է»: Համաճարակաբան Լ. Թորոսյանը հավելեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների կողմից դրա դեմ պատվաստանյութեր ստեղծելու աշխատանքներ են տարվում: Հիշեցնենք, որ թռչնի գրիպով հիվանդանում են ընտանի թռչունները՝ հավերը, հնդկահավերը: Պարզվում է՝ նաեւ խոզերը: