Շրջադարձ՝ մարդկանց հոգեվիճակո՞ւմ

15/09/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Այն, որ նախորդ 2 տարիներին Հայ Ազգային կոնգրեսը չկարողացավ հասնել իշխանափոխության կամ գոնե դրան տանող որեւէ ռեալ քայլի, արդեն փաստ է:

ՀԱԿ-ում եւս հասկանում են, որ հնարավոր չէ անվերջ խոսել իշխանափոխությունից եւ ոչինչ չանել: ՀԱԿ անդամներն, անշուշտ, հասկանում են նաեւ, որ իրենց շուրջ համախմբված բազմահազար մարդիկ իրենցից ոչ թե սոցիալական ու մշակութային ծրագրեր են սպասում, ինչով վերջերս զբաղված է ՀԱԿ-ը, այլ կոնկրետ քայլեր, հստակ մեխանիզմներ, որը կհանգեցնի խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրությունների: Թերեւս հենց սա է պատճառը, որ ընտրազանգվածին չկորցնելու եւ համակիրներին հուսախաբ չանելու համար ՀԱԿ-ում ժամանակ առ ժամանակ հիշում են գերխնդիր հռչակած հարցի մասին: Ու որպես կանոն, հանրահավաքից հանրահավաք էլ այդ մասին բարձրաձայնվում է: «Սեպտեմբերի 17-ի հանրահավաքը լինելու է նախորդներից խիստ տարբեր, իսկ ՀԱԿ առաջնորդի ելույթն էլ` լինելու է շատ անակնկալ, լուրջ ու նոր շեշտադրումներով»,- հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Սակայն, պարզվում է, որ անգամ հենց իրենք` ՀԱԿ անդամ կուսակցություններն առանձնապես որեւէ ակնկալիք չունեն: Ավելին` նրանցից շատերը ոչ մի անակնկալի էլ չեն սպասում: Օրեր առաջ, պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում ի՞նչը կարող է անակնկալ լինել, ՀՀ ԱԳ նախկին նախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը նույնիսկ հեգնել էր` ասելով. «Դե որ հայտարարի, թե Հայաստանը Չինաստանի անքակտելի մասն է»: Բացի այն, որ ՀԱԿ անդամ շատ կուսակցությունների ղեկավարներ եւս որեւէ նոր ու շրջադարձային բան չեն սպասում, նրանցից շատերն անգամ տեղյակ էլ չեն, թե ի՞նչ է խոսելու իրենց առաջնորդը հանրահավաքում: Այսինքն, ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարները հանրահավաքում են ծանոթանալու իրենց առաջնորդի ելույթի տեքստին` շարքային քաղաքացու նման: Ու եթե անգամ նրա հնչեցրած այս կամ այն առաջարկի, հարցադրման ու առավել եւս կոնկրետ քայլի հետ համամիտ էլ չլինեն, միեւնույն է` դա դիտվելու է որպես ՀԱԿ միասնական տեսակետ:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով նաեւ վարելու է հանրահավաքը, կարծում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթին նախապես տեղեկանալը դեմ է ազատական եւ ժողովրդավարական սկզբունքներին: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Ոչ ՀԱԿ-ում եւ ոչ էլ

ՀՀՇ-ում որեւէ ելույթ, որեւէ հարցազրույց, կամ որեւէ միտք նախապես չի քննարկվում, եւ դա ժողովրդավարության հիմքն է: Դա ծրագիր չէ, դա փաստաթուղթ չէ, մեր բոլոր ելույթներն ազատ են, դրանք գրաքննության չեն ենթարկվում: Օրինակ, ես երբեք իմ ելույթներն ու անգամ մտքերը որեւէ մեկի հետ չեմ կիսել»: Մեր հարցը, թե` հնարավոր չէ՞, որ ՀԱԿ-ի անունից խոսվեն այնպիսի սկզբունքային հարցերի շուրջ, որոնց հետ ՀՀՇ-ում համամիտ չլինեն, նա համարեց «պրովոկացիա»: Իսկ ի՞նչը կարող է շրջադարձային կամ անակնկալ լինել Լ. Տեր-Պետրոսյանի ելույթում։ Ա. Մանուկյանն ասաց. «Չգիտեմ, թե ինչ է խոսելու ելույթում Լ. Տեր-Պետրոսյանը, բայց հույս ունեմ, որ կլինեն նորություններ, կլինի լուրջ վերլուծություն: Վստահ եմ, որ կլինեն հետաքրքիր պահեր, բայց բովանդակային մանրամասներ չգիտեմ: Ուզում եմ հավատալ Զուրաբյանին, այսինքն` վստահում եմ Լ. Զուրաբյանի ինֆորմացիային, եթե, իհարկե, դա ինֆորմացիայի արդյունք է»: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւս տեղյակ չէ ՀԱԿ առաջնորդի ելույթից. «Ելույթին ծանոթ չեմ: Ընդհանրապես երբեք էլ ծանոթ չեմ եղել, թե որ հանրահավաքին ինչ ելույթ է ունենալու նախագահը: Մոտավոր ուղղվածությունները միշտ էլ քննարկվել են եւ պարզ է, բայց ոչ կոռեկտ եմ համարում նախապես առաջին նախագահի ելույթին ծանոթանալը: Ես էլ ձեզ նման գնալու եմ հանրահավաքին եւ այնտեղ եմ ելույթը լսելու: Նրա բազմաթիվ ելույթներում մշտապես եղել են անակնկալներ, եւ հուսով եմ ու համոզված եմ, որ այս ելույթը եւս բացառություն չի լինելու: Իմ համար ամենամեծ անակնկալը կլինի այն, որ քնեմ, արթնանամ` այս իշխանությունները հեռացած լինեն»: Ա. Սարգսյանը կարծում է, որ ՀԱԿ առաջնորդի ելույթում չի հնչի որեւէ բան, որը կհակասի ՀԱԿ անդամ կուսակցությունների դիրքորոշմանը. «ՀԱԿ-ում ամեն շաբաթ տեղի են ունենում քաղխորհրդի նիստեր, այդ նիստերին ու դրանց ընթացքին Լ. Տեր-Պետրոսյանը տեղյակ է, նա գիտի ՀԱԿ-ում տիրող իրավիճակը, մոտեցումները եւ որեւէ բան չի անում, որ հակասություն առաջանա այնտեղ հավաքված ուժերի մեջ»:

Ի տարբերություն նախորդների, պարզվում է, որ Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթը քննարկել է ՀԱԿ անդամ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի հետ: «Այո, ես տեղյակ եմ, ու երբ որ լսել եմ այդ պրոյեկտի մասին, հավանություն եմ տվել, բայց գնահատական տալը դեռ վաղ է: Եթե եղել են կետեր, որոնց հետ համամիտ չեմ եղել, այդ մասին ես ասել եմ: Քաղխորհրդում լսվել է բոլորի կարծիքը»,- մեզ հետ զրույցում ասաց Գ. Մարգարյանը: Քանի որ նա, իր իսկ հավաստմամբ` տեղեկացված է Լ. Տեր-Պետրոսյանի ելույթից, նրանից փորձեցինք ճշտել, թե հատկապես ինչն է լինելու շրջադարձային: «Դե այնտեղ շրջադարձային մի քանի կետեր կան, այ, օրինակ, որ ՀԱԿ-ը կայացրել է իշխանափոխության խնդիր, այսինքն` այն կարծիքները, որ մենք գնում ենք հերթական ընտրության, դա անհիմն է: Երկրորդ, որ ՀԱԿ-ը՝ կայացած մարմին լինելով, ունի իր համապատասխան կառույցները, որոնք աշխատել են տնտեսական, սոցիալական, կրթական, գիտական կամ առողջապահական ծրագրերի շուրջ: Ոչ մի կառույց նման ելքային լրջագույն ծրագրեր չի իրականացրել»,- ասաց Գ. Մարգարյանը: Ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ի գերխնդիրը ոչ թե գիտական ծրագրեր կազմելն էր, այլ` իշխանափոխությունը, նա ասաց. «Հիմա նորից շարունակում ենք դա, ամեն ինչ կառուցվելու է դրա շուրջ, դա մեր համար առաջին խնդիրն է: Ելույթում կհնչեն դեպի իշխանափոխություն տանող ռեալ քայլերի ու ճանապարհների մասին: Հիմա, տեսեք, սոցիալականը ներսում խեղդում է, մեր պետականության գոյության գլխին ծանրացել է դեմոգրաֆիկ խնդիրը, քաղաքականության մեջ բոլոր հարցերում տանուլ ենք տվել, հիմա սա կուտակվել է եւ ներսում պայթելու է ու հանգեցնելու է իշխանափոխության»:

ՀԱԿ անդամ մեկ այլ կուսակցության` ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց. «Լ. Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթները բոլորիս համար էլ անակնկալ են, ու տրամաբանորեն կարող ենք հասկանալ, թե ինչ թեմա է շոշափվելու: Իսկ թեմաներն այսօր, դժբախտաբար, բազմազան են: Կարծում եմ, որ այն, ինչ ասվել է շրջադարձայինի մասով, դա միանշանակ այդպես է, քանի որ Հայաստանը հիմա գտնվում է մի շատ ծանր կարգավիճակում: Մեզ համար շատ դժվար է լինելու որպես անկախ պետություն գոյատեւելը, որովհետեւ ամեն կարգի կախվածության մեջ ենք հայտնվել գերտերություններից: Շրջադարձը տեղի է ունենալու մարդկանց հոգեվիճակում, որովհետեւ այն հուսախաբությունը, որ նրանք ապրում են իշխող վարչակազմի կողմից, մարդկանց հասցրել է մի տրագիկ իրավիճակի, երբ Հայաստանի քաղաքացիները ոչ մի ապագա չտեսնելով իրենց երկրում՝ փորձում են լքել երկիրը: Եթե այսօր էլ հասարակությունը ուշքի չգա ու չհասկանա, որ այսպես շարունակել չի կարելի, ուրեմն այս երկիրը կործանված է»: Նա եւս ասաց, որ ելույթը չի քննարկվել, բայց եթե լինեն այնպիսի կետեր, որոնց հետ իրենք համամիտ չլինեն, ապա հիմա դրանց վրա կենտրոնանալու հարմար ժամանակը չէ. «Մենք միավորվել ենք շատ լուրջ խնդրի շուրջ, եւ մանր-մունր փոքրիկ գաղափարական տարաձայնություններն այսօր վճռորոշ չեն: Կարծում եմ, որ բոլոր կուսակցությունները պիտի վեր կանգնեն իրենց նեղ գաղափարական սկզբունքներից ու ամբիցիաներից եւ միավորվեն այն քաղաքական ուժի շուրջը, որը կարողանում է համախմբել հասարակությանը: Հիմա մեր խնդիրն է՝ հասունացնել մեր ժողովրդին եւ պատրաստել դեմոկրատական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելուն»: