ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին: Ողջունելով հյուրին, Ս. Սարգսյանն ասել է, թե այցելությունների հաճախականությունը կարեւոր է հայ-ամերիկյան բազմաբնույթ եւ համակողմանի երկխոսության շարունակականության տեսանկյունից: Ս. Սարգսյանի հավաստմամբ, Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում գրանցված բարձր մակարդակն ու դրանց հետագա ընդլայնումը Հայաստանը դիտարկում է որպես մեր երկրի տնտեսական զարգացման, ինչպես նաեւ՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման կարեւոր գործոն: Սերժ Սարգսյանը եւ Թինա Քեյդենաուն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: ՀՀ նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան ներգրավվածությունը: Ս. Սարգսյանը եւ Թինա Քեյդենաուն կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի շարունակումը` հույս հայտնելով, որ այդ ձեւաչափով ընթացող բանակցությունները կտան անհրաժեշտ արդյունք: