Ամերիկյան «Global Finance» ամսագիրը հրապարակել է աշխարհի 50 ամենահուսալի բանկերի վարկանիշային աղյուսակը, որը կազմվել է միջազգային առաջատար վարկանիշային գործակալությունների գնահատականների հիման վրա: Ցուցակում գերակշռում են Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Կանադայի բանկերը: Ռուսական ֆինանսական ինստիտուտները չեն մտել նույնիսկ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում: Նախորդ տարվա համեմատ վարկանիշի առաջին տասնյակը համարյա չի փոխվել: Նախկինի նման առաջատարը գերմանական KfW բանկն է: Նրան, ինչպես նախկինում, հետեւում են ֆրանսիական Caisse des Depots et Consignations-ը (CDC) եւ հոլանդական Bank Nederlandse Gemeenten-ը:
Վարկանիշային աղյուսակում գերակշռում են գերմանական, ֆրանսիական եւ կանադական բանկերը, որոնք 6-ական ներկայացուցիչներ ունեն: Հոլանդական բանկերը 3-ն են, սակայն նրանք բոլորը առաջին տասնյակում են: Ամերիկյան բանկերը չորսն են, որոնցից ամենահուսալին` BNY Mellon-ը, զբաղեցնում է ընդամենը 30-րդ տեղը: Բրիտանական բանկերի թիվն այս տարի 2009 թ. համեմատ ավելացել է մեկով, սակայն նրանք նույնպես չեն մտել առաջին տասնյակ. HSBC-ն 19-րդ տեղում է, Barclays-ը` 34-րդ եւ Nationwide Building Society-ն)` 46-րդ: