Դատապարտյալին անհի՞մն են մերժել

15/09/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներից խմբագրություն ստացված ահազանգերը հիմնականում վերաբերում են պայմանական վաղակետ ազատման հանձնաժողովի կողմից ստացված մերժումներին: Դատապարտյալներից շատերը համարում են, որ հանձնաժողովն անհիմն է մերժում իրենց ազատման դիմումները` նպատակահարմար չգտնելով անգամ հիմնավորել այն:

Ի դեպ, Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պայմանական վաղակետ ազատման հանձնաժողովին կարող է ներկայացնել այն դատապարտյալների դիմումները, որոնք կալանքի ընթացքում, այսպես ասած` «չեպե» չեն արձանագրել եւ, որոնց վաղակետ ազատման ներկայացնելու ժամանակը համապատասխանում է օրենքին: Երեկ մեր թերթին են դիմել «Սեւան» քրեակատարողական հիմնարկում կալանքը կրող Սամվել Թելյանի հարազատները` խնդրելով թերթի միջոցով իրենց խնդրանքը «հասցնել» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանք պատրաստվում են դիմումներ ուղարկել ՀՀ նախագահին, ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Բանն այն է, որ 2009թ. նոյեմբերի 18-ին Ս. Թելյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է երկու տարի երեք ամսվա ազատազրկման: Նրա ընտանիքը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Արդեն տասը ամիս է` Ս. Թելյանը կրում է իր պատիժը: Դատաքննության ժամանակ նրա կինը հղի սթրեսային իրավիճակի պատճառով կորցրել է վեց ամսական երեխային: Թոշակառու ծնողները, մասնավորապես հայրը, անկողնային ծանր հիվանդ է: Ս. Թելյանի քույրը` Սիրանն, ասում է. «Ծնողներս չեն դիմանա: Հայրս ասում է` մինչեւ դուրս գա, ես այլեւս չեմ լինի»: Ս. Թելյանը ծնողների միակ խնամակալն է: Վերջինս տառապում է «հեպատիտ C» հիվանդությամբ եւ կալանավայր է տեղափոխվել ծանր վիճակում: Ս. Թելյանը դատապարտվելուց հետո երկու ամիս գտնվել է ՀՀ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում եւ երկու ամիս բուժման ենթարկվելուց հետո նոր միայն տեղափոխվել է «Սեւան» ք/հ: Այդուհանդերձ, օգոստոսի 30-ին լրացել է Ս. Թելյանի անձնական գործը պայմանական վաղակետ ազատման հանձնաժողով ներկայացնելու ժամկետը. «Մենք մեծ հույսեր էինք կապում այդ մեկ երրորդով ազատելու հետ, որովհետեւ խանգարող հանգամանք չկար: Նրա վարքը շատ լավ ա եղել, ոչ մի տույժ ու տուգանք չի եղել անձնական գործում: Կալանքի ընթացքում ոչ մի խախտում չի արել: Ավելին` կարծում էինք, որ հաշվի կառնեն ընտանիքի վատ վիճակը: Նրան մերժելն ախր ճակատագրական է ծնողներիս ու նրա կնոջ համար»,- ասում է Սամվելի քույրը, ով համարում է, որ հիվանդ եղբոր հետ այդպես վերաբերվելն, այնուամենայնիվ, անարդար է: Ի դեպ, Ս. Թելյանը մեզ տեղեկատվություն փոխանցեց, ըստ որի` իր ազատման դիմումը մերժել է ոչ թե պայմանական վաղակետ ազատման հանձնաժողովը, այլ ԱՆ «Սեւան» ք/հ ղեկավարությունը: Ս. Թելյանը պնդում է, որ իր անձնական գործում չկան խախտումներ, եւ իր վարքը կալանավայր մուտք գործած պահից մինչեւ այսօր բավարար է եղել, հետեւաբար նկատողություններ, տույժ ու տուգանքներ չունի: Այդուհանդերձ, վերջինս տարակուսած է այն հանգամանքից, որ կալանավայրի ադմինիստրացիան իր ազատման դիմումը հանձնաժողով ներկայացնելու համար մերժել է եւ նպատակահարմար չի գտել նույնիսկ հիմնավորել մերժումը:

ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի հոդված 12-ն ամրագրում է, որ դատապարտյալն իրավունք ունի տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների, դատարանի նշանակած պատժի կատարման կարգի եւ պայմանների, դրանց փոփոխությունների, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների մասին: «Դատապարտյալն իրավունք ունի իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմ, նրանց վերադաս մարմիններ, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ եւ կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ կազմակերպություններ` իրավաբանական օգնություն, առողջության պահպանման, բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու համար»: Մինչդեռ, որքան էլ տարօրինակ է, դատապարտյալներն օրենքով սահմանված կարգով իրենց իրավունքները կիրառելիս մշտապես մտավախություն են ունենում, որ կալանավայրի ղեկավարությունն «իրենց հետ կթարսվի»: