Ա՛յ, քո դեպքն ուրիշ է

15/09/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Երբ ընդդիմությունն ազդարարում է իր որեւէ ձեռնարկի մասին (այս դեպքում` անցկացնել հանրահավաք սեպտեմբերի 17-ին), պատեհ առիթ է շատերի համար` հիշել, թե որքան հիասթափված են ընդդիմությունից, որը կամավոր բաց թողեց իր հնարավորությունները եւ մարտավարական անհարկի փոփոխություններ արեց` նեղացնելով իր համակիրներից ոմանց: Եթե այս մասին խոսում են ՀԱԿ-ի ներկայացուցիչները կամ նախկին համակիրները, նրանց խոսքն առավել ազդեցիկ է համարվում: Ընդդիմության ներկայացուցիչները բարեկիրթ են այնքան, որ բարձրաձայն չեն ասում, թե հիասթափվածներն այդպիսով, քաղաքական մեր հռետորաբանությամբ ասած, ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին:

Իշխանությունների ջրաղացին ջուր, իրո՛ք, լցվում է: Այդ դաշտից եւս համերաշխ ձայներ են լսվում. «Ընդդիմությունը սպառվել է», «ընդդիմությունը գործարքի մեջ է իշխանությունների հետ»: Եվ սա ասվում է իբրեւ հակափաստարկ այն իրականությանը, որ իշխանությունը կոռումպացված է, գործունակ չէ, գրագետ չէ եւ այլն: Իբր` հետո՞ ինչ, որ մենք ձախողում ենք պետության գործերը, փոխարենը ընդդիմության շարքերը նոսրանում են: Թույլ հակափաստարկ է: Ամեն դեպքում, հետաքրքիր է` ինչի՞ց են դժգոհ մարդիկ, ի՞նչ էին ակնկալում ընդդիմությունից, որ չստացան: Իշխանափոխությո՞ւն: Սակայն Հայաստանում իշխանափոխություն` հեղափոխության կամ արտահերթ ընտրությունների միջոցով, գրեթե անհնար է: Պատճառները շատ են, սակայն բավական է միայն մեկը. որեւէ ուժ Հայաստանում գործնականորեն իշխանափոխություն չի ուզում:

Իշխանափոխության համար ավելի լավ ժամանակ, քան մարտի մեկն էր, չկար: Ինչո՞ւ մարտի մեկին դա տեղի չունեցավ: Բանն այն է, որ մարդիկ (խոսքը խառնամբոխի մասին չէ), պատրաստ էին գնալ այնտեղ, ուր կառաջնորդեին: Անել այն, ինչ կասեին: Սակայն այդ ամենի համար որեւէ մեկը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել: Մեր երկրում իշխանության պատրաստ չէ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը:

Եթե նկատել եք, թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական վերնախավը, թե՛ ընդդիմությունը ամենից շատ չեն ցանկանում փոփոխություններ: Որքան էլ բոլոր կողմերը ռադիկալ են խոսքերում, նույնքան պահպանողական են գործերում: Փոփոխությունը, մեր ընկալմամբ (եւ նախադեպերն էլ դա հաստատում են) նշանակում է` անորոշություն: Նրանք, ովքեր կոչված են անել այդ փոփոխությունները, բավականաչափ վստահելի չեն: Պատրաստ չէ նաեւ հասարակությունը: Ավելի կոնկրետ` հասարակության անդամներից յուրաքանչյուրը: Քանի որ դրա համար իրենից եւս պահանջվում է լրացուցիչ ճիգ:

Եվ իշխանությունը դա լավ հասկանում է եւ օգտագործում: Ընտրությունների ընթացքը, դրան հաջորդող իրադարձությունները, թանկացումները, իրավազրկությունը թեեւ լուրջ ազդանշան են հասարակության ակտիվության, ըմբոստության համար, սակայն, միեւնույն է, հանրահավաքների ժամանակ հավաքվում են ոչ թե գործնական, այլ տեսական զրույցների:

Մարդկանց հոգնածությունը, հիասթափությունը, անտարբերությունը իշխանություններին եւ, ցավոք, նաեւ ընդդիմությանը, թույլ են տալիս չընկալել հասարակությունն` իբրեւ գործոն: Տեսեք, իշխանություններն իրենց որոշումները վերեւից իջեցնում են միայն այն ժամանակ, երբ դրանք կնքված ու ստորագրված են: Ժողովրդի համար կարեւոր խնդիրները որոշվում են փակ դռների ետեւում` շրջանցելով ոչ կոմպետենտ հասարակությունը: Ընդդիմությունն էլ առանձնապես չի ջանում պահպանել հասարակության այնքան երերուն վստահությունը: Մենք ձանձրանում ենք հետեւողականորեն քննարկել որեւէ հարց եւ հասնել դրա լուծմանը: Բոլորը սպասում են, որ իրենց կկազմակերպեն, կհամախմբեն, կնշանակեն հանդիպման օրն ու ժամը եւ անպայման կզգուշացնեն: Եվ իրենք անպայման կգնան… Անպայմա՛ն, եթե հանկարծ այլ կարեւոր գործ չպատահի: Յուրաքանչյուրիս անձնական երջանկությունը ոչ մի կերպ չի խաչվում մյուսի, երրորդի` երջանկության մասին ունեցած պատկերացումների հետ:

Բանակում օրերս հերթական միջադեպն էր` մահվան ելքով: Համացանցում տեղադրվեց հերթական սկանդալային հոլովակը, երբ ԶՈՒ սպան հենց այնպես, ադրենալինի համար հարվածում է զինվորներին: Սոցիալական ցանցերում այդ տեսագրությունը մեծ իրարանցում է առաջացրել: Իսկ որտե՞ղ են բողոքողները: Իրենց համակարգիչների առաջ. վիրտուալ աշխարհում նրանց հիմնական էներգիան սպառում են հնարավորինս խիստ ու դիպուկ գնահատականները:

Բանակն այն օղակն է, որի հետ առնչվում են գրեթե բոլոր ընտանիքները: Այստեղ սեղանին է դրված երիտասարդների կյանքի ու, ցավոք, արդեն մահվան հարցը: Ի դեպ, վստահ ենք, որ ընդդիմության առաջնորդը հանրահավաքում այս թեմային կհատկացնի մեծ պարբերություն: Իշխանությունների հետ հույսեր չեն կապվում այն աստիճանի, որ նման դեպքերի համար ավելի շուտ մեղավոր են համարվում ոչինչ չանող ընդդիմադիրները, քան լծակներ ունեցող իշխանությունները:

Իսկ ի՞նչ են անում հասարակության անդամները: Համախմբվո՞ւմ են: Բանակում տիրող վիճակը բողոքի զանգվածային ալիքնե՞ր է բարձրացնում: Ո՛չ: Յուրաքանչյուրը, ով բախվել է այս սարսափելի խնդրին, տանն առանձնանում է իր վշտի հետ, մյուսները հույս են փայփայում, որ իրենց զավակի դեպքում ողբերգությունը նրան կշրջանցի:

Ինչպե՞ս է, որ Ֆրանսիայում այդ եվրոպացիները, ովքեր անգամ իրենց նախագահին չեն ճանաչում, դուրս են գալիս փողոց: Նրանց որդիների կյանքին բանակում վտանգ չի սպառնում, ընտրությունների ժամանակ նրանց ոչ ոք չի նվաստացնում, սակայն կենսաթոշակային տարիքը իշխանությունները 60-ից բարձրացնում են 62-ի: Եվ, ահա, մոտ մեկ միլիոն մարդ, տվյալ դեպքում` ուսուցիչ, գործադուլ է անում եւ դուրս գալիս փողոց: Արհմիություններն իրենց գործն անում են, այո՛:

Սակայն մեր առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուրս մեր խնդիրը նախընտրում ենք լուծել միայն մեզ համար, լոկալ: Ուրիշի խնդրի համար փողոց դուրս գալը համարում ենք անլուրջ կամ ոչ արդյունավետ միջոց: Եթե անգամ դրանով լուծվում է նաեւ քո խնդիրը: Եվ այդ անտարբերությունն ու պասիվությունը կարելի է հեշտորեն հիմնավորել` չգիտես էլ` այդ ուրիշն իրո՞ք անմեղ է, ազնիվ, ու արդյո՞ք նրան հանիրավի են նեղացնում:

Ա՛յ, քո դեպքն ուրիշ է…