Երեկ առավոտյան, Երեւանի ժամանակով ժամը 7:00-ին Ստամբուլի օդանավակայանի թուրք աշխատակիցները մի քանի ժամ պահել են հայ լրագրողներին եւ թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա:
Հիշեցնենք, որ հայ լրագրողները մեկնել են Թուրքիա` մասնակցելու սեպտեմբերի 13-15-ին կայանալիք «ԶԼՄ-ների դերը ղարաբաղյան հակամարտությունում եւ տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության բարելավումը» սեմինարին: Անձնագրերի ստուգման ժամանակ, Թուրքիա ժամանած հայ լրագրողներից, ինչպես նաեւ մյուս հայ ուղեւորներից թուրք սահմանապահները վերցրել են անձնագրերը: Նրանք հայերին կանչել են իրենց մոտ ու ստուգել, թե ունե՞ն, արդյոք, հետդարձի տոմս եւ ապրելու համար անհրաժեշտ գումար: Տեղեկանալով, որ ուղեւորների մի մասը լրագրողներ են, Ոստիկանության հսկիչ ծառայության աշխատակիցներն առանձնացրել են նրանց ու մեկ ժամից ավելի պահել: Երբ Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, ով սեմինարի կազմակերպիչներից է, փորձել է միջամտել, նրան սպառնացել են արտաքսել երկրից:
Սակայն միջադեպը հարթվել է, երբ գործին միջամտել են սեմինարի կազմակերպիչ թուրքական կողմի ներկայացուցիչները: Ի դեպ, սեմինարը կազմակերպել են Երեւանի մամուլի ակումբը, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը, ադրբեջանական «Ենի Նեսիլ» լրագրողների միությունը եւ «Global Political Trends Centre»-ը:
Երեկ դեպքի առնչությամբ Ստամբուլից Բորիս Նավասարդյանը հայտնել է. «Մենք` 11 հոգի, ժամանել էինք Ստամբուլ` մեր կողմից կազմակերպված տարածաշրջանային կոնֆերանսին մասնակցելու համար: Մեզ հետ նույն չվերթով Երեւանից ժամանած մոտ երկու տասնյակ ուղեւորների թուրքական իմիգրացիոն ծառայությունները հատուկ ստուգման եւ հարցապնդման էին ենթարկել: Մասնավորապես, ապացույցներ էին պահանջում` թե արդյո՞ք եկածները մնալու, կացության եւ վերադարձի համար բավարար միջոցներ ունեն: Շեշտեմ, որ այդ կարգի ստուգման ենթարկել էին բացառապես միայն Երեւանից ժամանած չվերթի ուղեւորներին: Ստուգման ենթարկվածների մեջ էին նաեւ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից հրավիրված մի խումբ այլ լրագրողներից չորսը: Չնայած «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչը, որն ուղեկցում էր այդ խմբին Երեւանից, ներկայացրել էր այդ չորս հոգու ով լինելը, թուրք ծառայողները շարունակում էին պահանջել, որպեսզի լրագրողները ցույց տան իրենց մոտ եղած կանխիկ գումարները եւ ապացուցեն, որ ունեն հյուրանոց եւ այլն: Իմանալով այդ մասին, ես հրաժարվեցի սահմանային անցակետը հատել եւ հայտարարեցի, որ կանցնեմ միայն ստուգման ենթարկված լրագրողներից հետո: Իմիգրացիոն ծառայության պատասխանատուները սպառնացին դեպորտացիայի ենթարկել ինձ: Ես ասացի` խնդրեմ: Հետո միջադեպին խառնվեցին մեզ դիմավորող մեր թուրք գործընկերների ներկայացուցիչները եւ Հրանտ Դինքի դուստր Դելալ Դինքը, որն ինձ հետ միացել էր հեռախոսով: Մոտ երկու ժամ հետո լրագրողներին թույլ տրվեց անցնել սահմանը: Ես անցա անմիջապես նրանցից հետո»:
Ի դեպ, Բ. Նավասարդյանը երեկ սեմինարի բացման ժամանակ Թուրքիայի իշխանություններից պահանջել է պաշտոնական բացատրություն տալ կատարվածի վերաբերյալ: