Նոր Սահմանադրություն

15/09/2010

Թուրքիայում կիրակի օրը կայացած սահմանադրական հանրաքվեի մասնակիցների 58 տոկոսը «կողմ» է քվեարկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հեղինակած բարեփոխումների փաթեթին: Արդյունքում` զինված ուժերի ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում կտրուկ կերպով նվազելու է: Սահմանադրական փոփոխությունների համաձայն, լիազորությունների մեծ մասից զրկվելու են ռազմական դատարանները, Սահմանադրական դատարանի անդամների թիվը 11-ից հասնելու է 17-ի, դատավորների մի մասին էլ նշանակելու են խորհրդարանի անդամները: «Մենք մի նոր լուսաբացի ականատեսն ենք դառնում` Թուրքիայի 73 միլիոն քաղաքացիները, 81 վիլայեթները դառնում են այս նոր արեւածագի ականատեսը… Մենք պետք է հասկանանք, որ ժողովրդավարությունն ու ազատությունը բոլորի համար են»,- քվեների 99 տոկոսի հաշվարկի արդյունքները հրապարակելուց հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Ակնհայտ է, որ այս փոփոխությունները եթե ոչ մոտ ապագայում, ապա հեռանկարում ազդելու են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վրա: Գոնե արտաքուստ Թուրքիան հանդես է գալու ավելի ժողովրդավարական կերպարով եւ Եվրամիությանն ավելի մոտ երկրի դիրքերից: