Շնորհակալ են

11/09/2010

Ադրբեջանի կողմից թիվ A/64/L.57 բանաձեւի նախագիծը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի քննարկումից եւ քվեարկությունից հանելու կապակցությամբ հինգշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտգործնախարարությունը: «Շնորհակալ ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր այն երկրներին եւ առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին, որոնք իրենց դիրքորոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը՝ շեղել եւ վնաս հասցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին` թույլ չտալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված ապակառուցողական բանաձեւի ընդունումը»,- ասված է հայտարարությունում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա ներկայացված բանաձեւի նախագծի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 6-ի հայտարարության մեջ նշեցին, որ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել կողմերի միջեւ ամառվանից առաջ, այսինքն` Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա բանաձեւի նախագծի ներկայացումից շաբաթներ առաջ: Ադրբեջանը պետք է զերծ մնա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացը այլ հարթակներ տեղափոխելու շարունակական փորձերից, սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից եւ գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացը առավել կառուցողական եւ արդյունավետ ընթացք ունենա»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: