Թեեւ հերթական խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի ժամանակ կա, սակայն հատկապես իշխանական կուսակցությունները ոչ միայն պատրաստվում են դրանց, այլեւ քննարկում են իրենց նախընտրական ցուցակների կազմը: Վերջին շրջանում քաղաքական կուլիսներում ամենաշատը խոսվում է առաջին հերթին Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի մասին: Բնականաբար, ամենաինտրիգայինն այն է, թե ո՞վ է գլխավորելու այն: Այս օրերին որոշ իրազեկ ՀՀԿ-ականներ իսկական «մանթրաժի» մեջ են, քանի որ քննարկվում է ՀՀԿ ցուցակի առաջին հորիզոնականը վարչապետ Տիգրան Սարգսյանին հատկացնելու հնարավորությունը: Դա, առաջին հերթին, մեծ հարված է հատկապես հնաբնակ ՀՀԿ-ականների համար, որոնք դեռեւս չեն համակերպվել Տ. Սարգսյանի նույնիսկ` շարքային ՀՀԿ-ականի կարգավիճակի հետ: Մյուս կողմից, դա նաեւ տարօրինակ եւ անտրամաբանական է քաղաքական իմաստով, քանի որ, չնայած զբաղեցրած պաշտոնին, Տ. Սարգսյանը գրեթե զրոյական դերակատարություն ունի քաղաքականության մեջ եւ ավելի շատ համապատասխանում է «վարձու վարչապետի» կաղապարին: Եվ չնայած քաղաքական տեսանկյունից նման զարգացումը շատ անհավանական է թվում, սակայն միանգամայն իրական կարող է դառնալ, եթե հաշվի առնենք, թե ինչի շնորհիվ է Տ. Սարգսյանը պաշտոնավարում մինչ այսօր: Նա վարչապետի պաշտոնում նշանակվեց 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, եւ շատերը նույնիսկ կանխատեսում էին, թե ներքաղաքական վիճակի կայունացումից հետո պաշտոնանկ կարվի: Սակայն Տ. Սարգսյանը մինչ օրս վարչապետ է աշխատում` առանձնապես ազդեցություն չունենալով իր ղեկավարած կաբինետի անդամներից շատերի վրա: Այսինքն` «դեկորատիվ պաշտոնյայի» նրա դերակատարությունն իշխանությունները արդյունավետ կերպով կարող են օգտագործել նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ` նրան հատկացնելով նույնիսկ ԱԺ նախագահի պաշտոնը: Տարբեր ժամանակներում նման կարգավիճակում եղել են, ասենք, Խոսրով Հարությունյանը կամ Արմեն Խաչատրյանը: Իսկ մականուն եւ քրեական աշխարհի հետ կապեր չունեցող Տ. Սարգսյանը՝ որպես մեծամասնության նոմինալ ղեկավար եւ խորհրդարանի խոսնակ, կարող է ընդունելի համարվել նաեւ «դրսի» հետ հարաբերություններում: Եվ դիտարժան` հեռուստատեսային ռեպորտաժների համար: