Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն Ռուսաստանի առաջնորդներին առաջարկում է տարածքային խնդիրների կարգավորման շուրջ երկխոսություն սկսել Վրաստանի հետ, ինչպես նաեւ վերականգնել երկու երկրների միջեւ համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները: «Ես պատրաստ եմ հանդիպել իմ ռուս գործընկեր պարոն Լավրովի հետ: Մենք հանդես ենք գալիս բանակցային գործընթացի վերսկսման նախաձեռնությամբ, սակայն, նախեւառաջ, մենք պաշտոնական Մոսկվային առաջարկում ենք ապաօկուպացնել վրացական գրավված տարածքները»,- ասել է Վաշաձեն:
Թբիլիսիում կարծում են, որ Ռուսաստանը, որպես նախապայման, պետք է դուրս բերի իր զորքերը զավթված տարածքներից եւ ստեղծի բոլոր անհրաժեշտ պայմանները փախստականների ու բռնի տեղահանված անձանց` Աբխազիայի եւ Ցխինվալի իրենց տները վերադառնալու համար: Վրաստանի ԱԳ նախարարը վստահեցրել է, որ Վրաստանը անմիջապես կսկսի բանակցային գործընթացը, երբ ռուսական իշխանություններն ընդունեն այդ պայմաններն ու սկսեն համապատասխան աշխատանքներ տանել շահագրգիռ կողմերի հետ: Ի դեպ, ՌԴ ԱԳՆ-ն վրացական կողմի առաջարկին դեռեւս չի արձագանքել: