Նա վայելել է իշխանությունների բարյացակամությունը եւ իշխանությունների պատվերով շատ աշխատանքներ կատարել: Նույնիսկ հասցրել է Խորհրդային Միության վերջին մրցանակը ստանալ. տարվա լավագույն ցուցահանդես կազմակերպելու համար արժանացել է ԽՍՀՄ արծաթե մեդալի: Պետպատվերների հիմնական թեման կոմունիզմի կառուցումն ու Լենինի անմահ կերպարը հավերժացնելն էր: Նա չի սիրում խոսել այդ տարիների մասին, խնդրելով, որ հանգիստ թողնեն այդ շրջանը: «Մի փորփրեք անցյալը, բոլորս էլ այդպես էինք աշխատում»,- ասում է նա: Սովետական դարաշրջանը Էդուարդ Արծրունյանի հոգում կարոտախտ չի առաջացնում: Նրա «հոգու համար» արված նկարները Հայաստանի մասին են եւ հայկական գույներ ունեն: Հայ կանայք, հայկական պատմությունը նա երկար տարիներ պատկերել է Լենինի դիմանկարների հետ զուգահեռ: Անցյալ տարի ստացած կաթվածից հետո Է. Արծրունյանի ձախ ոտքն ու ձեռքը անշարժացել են, եւ, չնայած դրան, նա շարունակում է նկարել:
– Նկարչի համար սիստեմը նշանակություն չունի: Նկարիչը քաղաքականություն չի սիրում: Եթե նկարիչը սկսի սիրել քաղաքականությունը, չի կարողանա նկարել: Քաղաքականությունը վատ բան է: Հենց մտար դրա մեջ, անձնականդ կորչում է, սկսում ես ենթարկվել ուրիշների գաղափարներին: Էդքան տարի Լենինի գաղափարներն էին իշխում: Իսկ հիմա նրան դամբարանից հանում-դուրս են շպրտում, նրա գաղափարներն էլ ջնջում են: Հիմա մարդիկ ուզում են մոռանալ այդ գաղափարների մասին:
– Պատմությունն ապացուցել է, որ նորերը` գալով, միշտ ջնջում են հինը:
– Էդպես է, նորը պիտի հնին ջարդի: Բայց ժամանակը մեկ կամ երկու մարդ չեն ստեղծում, կոմունիզմի կառուցումը մասսայական գաղափար էր, շատերն էին դրանով ապրում:
– Դուք Լենինին շա՞տ եք նկարել:
– Շատ: Մոսկվայում ապրելու ժամանակ քաղաքական պլակատներ եմ նկարել: Քաղպլակատը բարդ արվեստ է: Պլակատը միայն Սովետի ժամանակ գոյություն ուներ, հիմա պլակատը մահացել է: Պլակատն առանց քաղաքականության չի կարող լինել:
– Հիմա պլակատ չկա, ուրեմն քաղաքականությո՞ւն էլ չկա:
– Ռոբերտ Քոչարյանի նկարնե՞րը անեն: Քաղաքական գործիչները չեն ուզենա` իրենց մասին պլակատ անել, դա կարող է իրենց դեմ աշխատել: Պլակատը պարզ ցույց է տալիս, որ էս բանը լավ է, իսկ էս բանը՝ տգեղ: Հիմա մարդիկ ասում են՝ ես ինքս եմ պլակատը, իմ գաղափարներով պիտի ապրեք, նրանց պլակատ պետք չի: Ոչ ոք պլակատ չի անում: Ժամանակին պետք էր ցույց տալ, որ հեղափոխության զինվորները, բանվորները եւ գյուղացիները միասին են կոմունիզմ կառուցում: Հիմա ի՞նչ կա ասելու: Ամբողջ օրը հեռուստացույցով տեսնում ես, որ Քոչարյանը սրան-նրան է ընդունում, դա արդեն նրա գովազդն ու պլակատն է:
– Լենինից ու սովորական աշխատավոր մարդկանցից բացի ովքե՞ր են դարձել ձեր մյուս պլակատների հերոսները:
– Նկարել եմ Վիետնամի պատերազմի դեմ, միասնություն քարոզող պլակատներ: Պլակատները շատ են: Երբ 1963 թվականին պարզ դարձավ, որ Կուբայից Մոսկվա է գալիս Ֆիդել Կաստրոն, մեծ իրարանցում սկսվեց: Պլակատի մրցույթ էր հայտարարվել: Ես որոշեցի մասնակցել, բայց Կաստրոյի լուսանկարը չունեի: Մտածեցի, որ առանց ֆոտոյի կարող եմ անել: Կաստրոն ինձ նման արծվաքիթ եւ թուխ էր, ես նրան պատկերեցի՝ ինքս ինձ հայելու մեջ նայելով: Այդ պլակատը շատ հետաքրքիր կոմպոզիցիա ուներ, պատկերում էր Կաստրոյին եւ նրան ողջունող սովետական մարդկանց ամբոխը՝ Կարմիր դրոշի ֆոնի վրա: Ամբոխն էլ Սովետական Միության ուրվագիծն ուներ: Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն հաստատեց իմ պլակատը, եւ այն երկար ժամանակ ամենուրեք Մոսկվայում կախված էր:
– Բացի պլակատից, դուք նաեւ շատ յուղաներկ Լենին ունեիք: Որտե՞ղ են հիմա այդ նկարները:
– Չգիտեմ, երեւի պատռել, գցել, թափել են: Ֆոնդեր կային, որտեղ հավաքվում էր, հետո եկան նորերը եւ ֆաշիստաբար ոչնչացրին: Իսկ Մոսկվայում հիմա այդ պլակատները մեծ գին ունեն, որովհետեւ ռետրո են համարվում: Իսկ մենք մեր պլակատները կորցրել ենք: Հետքն անգամ չկա: Երբ սկսվեց թալանը, թալանողները լավ նկարներն իրենց տները տարան: Իսկ այնտեղ Սարյան, Կոջոյան, Մինաս կար: Ո՞ւր են հիմա այդ նկարները: Գիտեմ, որ Մինաս Ավետիսյանի գործերը շատ պաշտոնյաների կաբինետներում են կախված: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այնտեղ կախված, ինչո՞ւ թանգարաններում չեն, որպեսզի մարդիկ կարողանան գալ եւ տեսնել: Կախել են, որ զարմացնեն իրենց հյուրերին:
– Տանը ոչ մի Լենինի նկար չունե՞ք:
– Ոչ, պահում եմ՝ ի՞նչ անեմ: Հո կուրորեն չէի՞ հավատում Լենինի գաղափարներին: Ժամանակին նկարել եմ, պետք է եղել, պետությունը պահանջել է, հիմա պահանջ ու պատվեր չկա, անցել-գնացել է: Էն ժամանակ նկարչական կոմբինատ կար, նրա պատվերով էինք նկարում: Մի մոռացեք, որ նույնիսկ մանկական թերթերում անպայման գրվում էր. «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք»: Հզոր գաղափարախոսություն էր, ոչ ոք դրանից ազատ չէր: Ճանապարհները փակ էին, նույնիսկ գրադարանից Գոգենի կամ Վան Գոգի ալբոմները վերցնելու համար ծանոթություն էր պետք, նրանք «բուրժուական նկարիչներ» էին համարվում, իսկ Սովետի մարդկանց միայն սոցռեալիզմ էր պետք: Սովետը պարտադրում էր, որ ամեն մի գործարանում, կոլխոզում Լենինի նկարը կախված լիներ, մենք էլ նկարում էինք: Էդ պատվերները լավ վճարվում էին: Պլակատից ստացված փողերով ես եւ իմ կինը՝ Նատաշան, Մոսկվայում երեք սենյականոց բնակարան գնեցինք: Հիմա այնտեղ իմ դուստրն է ապրում:
– Իսկ ինչո՞ւ որոշեցիք Հայաստան վերադառնալ:
– Իմ վերադարձի պատճառը Կարեն Դեմիրճյանն է եղել: 1975 թվականին Մոսկվայի Մանեժում համամիութենական մեծ ցուցահանդես էր, Դեմիրճյանն էլ էր եկել: Նա տեսավ, որ նկարիչների մեջ հայ կա, կանչեց ինձ իր մոտ ու հարցրեց. «Ինչո՞ւ ես էստեղ ապրում, դու հայրենիք չունե՞ս: Ինչո՞ւ չես գալիս քո երկիրը»: Եվ ես եկա Երեւան: Ճիշտ արեցի, որ եկա, մի վայրկյան անգամ չեմ ափսոսել, բայց շատ եմ ափսոսում, որ Դեմիրճյանի նման հիանալի մարդուն այդպես դաժանությամբ սպանեցին: Հիշում եմ նրան, ու լացս գալիս է: Կներեք:
– Հայաստանում դուք Նկարիչների միությունում պաշտո՞ն ունեիք:
– Ես գեղանկարչական սեկցիայի նախագահն էի, զբաղվում էի գումար տրամադրելով: Այն ժամանակ նկարիչն իրեն պաշտպանված էր զգում. եթե գումար չուներ, նրան ստեղծագործական օգնություն էինք տալիս՝ 200 ռուբլի: Այն ժամանակ դա մեծ փող էր: Հետո շատերին նկարչական ամառանոցներ էինք ուղարկում, որտեղ նկարիչը երկու ամիս անվճար ուտում, խմում, աշխատում էր: Հիմա նման բան չկա, նկարիչները սոված են: Եթե իրենց նկարները չեն վաճառում, ինչպե՞ս ապրեն: Այն ժամանակ պետպատվերներ կային, նկարիչներն ապահովված էին: Եթե հիմա պետությունը շահագրգռված լինի ու պատվերներ անի, նկարիչներն իրենց պաշտպանված կզգան: Հինը դուր չի գալիս, թող պետությունը նոր բան պատվիրի:
– Ձեզ համար դժվար է շարժվելը: Փողոց դուրս գալի՞ս եք:
– Դուրս չեմ գալիս, ժամանակ է պետք, որ առողջանամ: Առաջ իմ տունն անտառում էր գտնվում, բայց սկսեցին կտրել Մոնումենտի ծառերը, եւ հիմա միայն փոշի է դրսում: Առաջ դուրս էի գալիս այգի, էտյուդներ էի նկարում: Հիմա այս կապիտալիստական երկրի պայմաններում նույնն անել չեմ կարող: