Առաջին հայացքից թվում է` դեռ վաղ է համապետական ընտրությունների մասին խոսելը, քանի որ ամենամոտ ընտրությանը` ՀՀ ԱԺ ընտրություններին, ավելի քան 1,5 տարի դեռ կա:
Հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2012թ. գարնանը, եթե, իհարկե, ֆորս մաժորային իրավիճակ չստեղծվի: Այդուհանդերձ, նոր խորհրդարանում հայտնվել ցանկացողներն արդեն ինտենսիվորեն աշխատում են կուսակցական որեւէ ցուցակում անցողիկ տեղ ձեռք բերելու համար:
Վերջին մի քանի տարիների խորհրդարանական ընտրություններին բուռն քննարկումների առարկա էին դարձել հատկապես Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակները: Պատճառն այն էր, որ 1990 թվականից սկսած այդ կուսակցությունը Հայաստանի խորհրդարաններում անընդհատ ավելացրել է իր պատգամավորների քանակը եւ ավելի քան 10 տարի իշխանության մեջ է: Եթե 1990թ. Գերագույն խորհրդում ՀՀԿ-ն ունեցել է ընդամենը 1 պատգամավոր` ի դեմս կուսակցության նախագահ Աշոտ Նավասարդյանի, 1995թ. Ազգային ժողովում` 5 պատգամավորներ (Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարյան, Գալուստ Սահակյան, Յուրի Բախշյան եւ Գագիկ Մինասյան), ապա 1999թ. հետո այդ թիվն արդեն կտրուկ մեծացել է: 1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն արդեն ՀԺԿ-ի հետ միասին կազմած «Միասնություն» դաշինքի, Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի շնորհիվ ԱԺ-ում միանգամից 27 պատգամավոր ունեցավ: Վերջին երկու` 2003 եւ 2007 թվականների խորհրդարանական ընտրություններում այդ կուսակցությունն արդեն խորհրդարանում մեծամասնություն է ձեռք բերել:
ՀՀԿ-ում արդեն մասամբ բացահայտ, մասամբ էլ դեռ կուլիսներում քննարկվում են հաջորդ խորհրդարանական ընտրություններում կուսակցական ցուցակին վերաբերող հարցերը: Քննարկվում են ոչ միայն ցուցակում հայտնվելու հավակնորդների անունները (շատերն էլ առհասարակ կասկածում են, որ կհայտնվեն ցուցակում), այլեւ, առաջին հերթին, այն հարցը, թե ո՞վ է գլխավորելու ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը: 1999թ., երբ ՀՀԿ-ն ղեկավարում էր Ա. Մարգարյանը, «Միասնության» նախընտրական ցուցակը գլխավորում էր Կ. Դեմիրճյանը: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցնում էին Վ. Սարգսյանն ու Ֆադեյ Սարգսյանը: Ա. Մարգարյանը 4-րդ տեղում էր: Վ. Սարգսյանն, ով այդ ժամանակ ֆորմալ առումով ՀՀԿ գրեթե շարքային անդամ էր եւ ընդամենը կես տարի առաջ էր անդամակցել կուսակցությանը, համարվում էր ՀՀԿ առաջնորդը: 2003թ. արդեն Ա. Մարգարյանն էր գլխավորում ՀՀԿ նախընտրական ցուցակը, 2007-ին` նույնպես: Նշված երկու ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը ցուցակի երկրորդ տեղում էր: Եթե 2003-ին նա ՀՀ պաշտպանության նախարար էր, կուսակցության անդամ չէր եւ կուսակցությունում այդքան մեծ դերակատարում չուներ, ապա 2007-ին վիճակը կտրուկ փոխվեց: ԱԺ վերջին ընտրություններից առաջ արդեն Ս. Սարգսյանը անդամագրվել էր
ՀՀԿ-ին, ավելին, գլխավորեց կուսակցության խորհրդի նախագահի պաշտոնը, եւ նա գործուն դերակատարում ունեցավ ցուցակը կազմելիս: Ս.Սարգսյանն իր հետ միասին ՀՀԿ բերեց մի խումբ մարդկանց, ովքեր այն ժամանակ որեւէ առնչություն չունեին ՀՀԿ-ի հետ, սակայն տեղեր գրավեցին նախընտրական ցուցակում: Իսկ Ա. Մարգարյանը կուսակցական ցանկացած հարց արդեն համաձայնեցնում էր Ս. Սարգսյանի հետ: 1999-ից սկսած նրանք, ովքեր գլխավորել են ՀՀԿ ցուցակը կամ զբաղեցրել են երկրորդ տեղը, ընտրություններից հետո դարձել են ՀՀ վարչապետ: Կամ նախապես արդեն որոշվել է, թե ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը եւ ՀՀԿ-ում նրան պատվավոր` երկրորդ տեղն են հատկացրել: Ա. Մարգարյանը 2000թ. հանգամանքների բերումով` հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո, նշանակվեց ՀՀ վարչապետ: Իսկ հաջորդ ընտրություններից հետո խորհրդարանում մեծամասնություն ձեռք բերած ՀՀԿ-ի առաջնորդն արդեն վարչապետի պաշտոնը ստանալու լիարժեք իրավունք ու հնարավորություն ուներ: ՀՀԿ-ի 20-ամյա պատմության մեջ Ա. Մարգարյանը միակ վարչապետն էր, ով կանգնած էր այդ կուսակցության ակունքներում: Մյուսները կուսակցությունում, այսպես ասած, եկվորներ էին: 2007թ. ընտրություններից դեռ առաջ արդեն ակնհայտ էր, որ վարչապետ է նշանակվելու Ս. Սարգսյանը: Այսինքն` ՀՀԿ-ի ցուցակը միշտ գլխավորել են կամ «վարչապետացուները», կամ գործող վարչապետները: Արդյոք կարո՞ղ է նույն պատմությունը կրկնվել նաեւ այս անգամ:
Վերջին շրջանում այդ հարցը շատերին է հետաքրքրում, հատկապես ՀՀԿ-ում, եւ դարձել է շատերի լուռ մտահոգության առարկան, քանի որ նույնիսկ ամենաֆանտաստիկ երեւակայության դեպքում դժվար է պատկերացնել, որ քաղաքական առումով քիչ կշիռ ունեցող Տիգրան Սարգսյանը կարող է գլխավորել ՀՀԿ-ի ցուցակը: Սակայն փաստն այն է, որ մոտ մեկ տարի առաջ նա դարձել է ՀՀԿ անդամ` իր հետ կուսակցություն բերելով մի խումբ «ֆանտազյոր տնտեսագետների»: Եվ որքան էլ առաջին հայացքից զարմանալի, նույնիսկ զավեշտալի թվա, իշխանական վերնախավին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու ամենամեծ շանսն առայժմ հենց Տ. Սարգսյանինն է: ՀՀ նորագույն պատմության մեջ երկրի նախկին նախագահներից որեւէ մեկը խորհրդարանական ընտրությունների ցուցակը դեռ չի գլխավորել: Այսինքն` թեեւ ՀՀԿ նախագահը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, բայց դժվար թե երկրի նախագահը գլխավորի ԱԺ ընտրությունների ՀՀԿ-ի ցուցակը: Իշխանական բուրգում սահմանադրորեն երկրորդ պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը, ըստ ՀՀԿ-ամերձ աղբյուրների, այսօրվա դրությամբ ցուցակի նույնիսկ առաջին հնգյակում տեղ զբաղեցնելու քիչ շանսեր ունի: Նախորդ երկու ընտրությունների ժամանակ նա եղել է 4-րդ տեղում: Իհարկե, որոշ ՀՀԿ-ականներ էլ նշում են, որ Հ. Աբրահամյանն այս անգամ էլ առաջատար հորիզոնականում կլինի, բայց դա արդեն էական նշանակություն չի ունենա պաշտոններ բաժանելիս:
Այսպիսով ճակատագիրը եւ քաղաքական ներկայիս իրավիճակը նորից կարող է չար կատակ խաղալ հնաբնակ ՀՀԿ-ականների գլխին, եւ 2012թ. ցուցակը կարող է գլխավորել վարչապետ Տ. Սարգսյանը: Խոսակցություն կա, որ վերջինս ցանկանում է նաեւ ԱԺ-ի ապագա ՀՀԿ խմբակցությունում ունենալ իր առանձին թիմը: Ցուցակը, բնականաբար, կազմելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Ս. Սարգսյանը, եւ ցանկացողները հիմնական բանակցությունները պետք է հենց նրա հետ վարեն: Կարծիք կա, որ իրենց մանդատները կպահպանեն ՀՀԿ խմբակցության ներկայիս անդամների կեսից ավելին, սակայն ոչ բոլորը: Ցուցակում 1-ին տեղից հետո մյուս հորիզոնականների հավակնորդների անունները դեռ այնքան էլ պարզ չեն: Ըստ մեր աղբյուրների՝ ՀՀԿ-ի ցուցակում անցողիկ տեղեր զբաղեցնելու հարցում փոքր են նաեւ նախկին նախարարներ Վարդան Այվազյանի, Կարեն Ճշմարիտյանի, Դավիթ Հարությունյանի շանսերը: Իհարկե, չի բացառվում, որ առաջիկա 1,5 տարիներին այս կուսակցությանն անդամագրվեն ու ԱԺ-ում մանդատ ստանան մի շարք այլ «կարեւոր» մարդիկ` գործող նախարարներ ու այլ պաշտոնյաներ: Այնպես որ, ՀՀԿ ցուցակում եւ 2012-ի ԱԺ-ում պատվավոր տեղ ունենալու համար բանակցությունները մեկնարկել են, իսկ անակնկալներն առջեւում են: