Հրավիրել է

11/09/2010

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն աշխարհահռչակ տնտեսագետ հայազգի Տարոն Աջեմօղլուին հրավիրել է ապրել եւ աշխատել Թուրքիայում: Այս մասին հայտնի տնտեսագետն ասել է թուրքական «Milliyet» օրաթերթին տված հարցազրույցում: «Անձամբ Դավութօղլուի հետ հանդիպելու բախտ չի վիճակվել, սակայն նրա հետ զրուցել եմ հեռախոսով: Հուսով եմ` մոտ ապագայում կկարողանամ վերադառնալ Թուրքիա»,- ասել է Մասաչուսեթս համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն: «Milliyet»-ի փոխանցմամբ` Դավութօղլուն ցանկանում է, որ Աջեմօղլուն կարեւոր դերակատարություն ստանձնի Թուրքիայի տնտեսության մեջ: Ի դեպ, Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում: 1986թ. ավարտել է Գալաթասարայի վարժարանը, որից հետո` Անգլիայի Յորք համալսարանի տնտեսագիտության բաժինը, իսկ գիտական աստիճան ստացել է Լոնդոնի տնտեսագիտական համալսարանում, որտեղ եւ դասավանդել է 1992-1993թթ.: 1993-ից ի վեր դասավանդում է Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտում: IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աջեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը, այն դեպքում, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆեսոր Պոլ Կրուգմանն այդ աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: