Սեպտեմբերի 14-ին Ալավերդու «Էս-Սի-Փի» ՓԲԸ-ի ծխատարի տեղափոխման մասին Ալավերդու «Օրհուս» բնապահպանական կենտրոնում կազմակերպվելու է քննարկում: Ըստ ալավերդցիների՝ քննարկումն ընդամենը իրազեկելու է հասարակությանը ծխատարի տեղափոխումից առաջացող վտանգների մասին: «Մեկ ա, հաստատ տեղափոխելու են»,- համոզված են Ալավերդու բնակիչները: Ըստ նրանց՝ գործարանի վերաբացումից հետո իրենք մշտապես բողոքել են ծխատարից՝ ընկերությանն առաջարկելով ֆիլտրեր օգտագործել, ինչպես դա արվում էր Խրհրդային Միության տարիներին: «Բայց Սովետի փլուզումից հետո գործարանը թալանվեց, ու երբ վերաբացվեց գործարանը, արդեն չկային այդ ֆիլտրերը: Ընկերությանն առաջարկեցին ֆիլտրեր դնել, բայց չարեցին, որովհետեւ շահավետ չէր»,- ասաց Ալավերդու բնակիչներից մեկը: Իսկ այն հարցին, թե, ի վերջո, ինչո՞ւ են որոշել հանկարծ տեղափոխել, մեր զրուցակիցներից մեկը պատասխանեց, որ այդ քայլով ընկերությունը փորձում է խուսանավել ավելորդ պատասխանատվությունից, թեեւ տեղափոխումից հետո խնդիրներն ավելի կշատանան: