Երբ մի հիմար քար է գցում, 100 խելոք չեն կարող հանել

11/09/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Այսօր սեպտեմբերի 11-ն է: Մինչ աշխարհը փորձում է հասկանալ, թե ինչո՞ւ պատահեց Սեպտեմբերի 11-ը եւ որքանով է ձախողված կամ արդյունավետ պայքարը միջազգային ահաբեկչության դեմ, Ամերիկայի հասարակության ուշադրությունը սեւեռված է Ֆլորիդա նահանգի հակաիսլամական եկեղեցու պաստոր Թերրի Ջոնսի (Terry Jones) վրա: Վերջինս սպառնացել է, որ սեպտեմբերի 11-ին, ի նշան կատարված ահաբեկչության դեմ բողոքի, հրապարակայնորեն այրելու է Ղուրանի 200 օրինակ: Պաստորն իր այդ արարքը հիմնավորել է այսպես. «Ղուրանը «չարիք» է, եւ մահմեդականներին դրդում է ագրեսիվ գործողությունների»: Հետաքրքիրն այն է, որ Միացյալ Նահանգների օրենքով` պաստորը որեւէ անօրինական քայլ չի անում: Այսինքն` ողջամտությունից շատ հեռու նրա այդ քայլը օրենքի շրջանակներում է: Իսկ քանի որ օրենքով պաստորը պաշտպանված է, ողջ Ամերիկան, շունչը պահած, սպասում է: Պակիստանի ներքին գործերի նախարարն անձամբ է կապվել ամերիկացի իր գործընկերոջ հետ եւ նախազգուշացրել, որ մահմեդականների սուրբ գրքի այրումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, եւ նշել ահաբեկչական հնարավոր գործողությունների հավանականության մասին:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարը համագործակցող երկրներին զգուշացրել է մոբիլիզացնել ուժերը եւ այս օրերին լինել առաջին աստիճանի պատրաստվածության վիճակում: Նա նաեւ հորդորել է պաստորին ողջամիտ լինել եւ չգնալ նման քայլի, քանի որ այդպիսով վտանգի տակ կդրվի բազմաթիվ անմեղ քրիստոնյաների կյանքը:

Խնդրին միջամտել է նաեւ ԱՄՆ գլխավոր դատախազը: Ջոնսի այս քայլը նա որակել է իբրեւ «ապուշ եւ վտանգավոր»: Ձեռքերը ծալած չի նստել նաեւ Աֆղանստանում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը: Նա հանդես է եկել հայտարարությամբ, որ պաստոր Ջոնսի քայլը կավելացնի լարվածությունը ոչ միայն Քաբուլում, այլեւ ողջ աշխարհում:

Պաստորը, սակայն, անդրդվելի է: Նա սպասում է իր աստեղային ժամին, երբ սեպտեմբերի 11-ին իր եկեղեցու սպասավորների հետ այրվող լուցկին կմոտեցնի սուրբ գրքի օրինակներին: Գործին փորձել է միջամտել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` հայտարարելով, թե պայքարի նման ձեւը ողջամիտ չէ, ավելին` լուրջ սպառնալիք է բազում անմեղ մարդկանց համար: Սակայն պաստորը, միեւնույն է, շատ վճռական է տրամադրված:

Թերրի Ջոնսին դիմել է անգամ ԱՄՆ նախագահ Օբաման: Վերջինս իր դիմումը շատ զգույշ եւ նրբանկատ է կազմել: ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, թե պաստորն, այնուամենայնիվ, կհասկանա, որ իր մտադրությունը հակասում է Ամերիկայի որդեգրած արժեքներին, որոնց հիմքում ազատությունն ու կրոնական հանդուրժողականությունն է: Նա մանրամասնորեն նշել է, թե ինչպես հարգարժան պաստորն իր այդ քայլով կվտանգի բազմաթիվ պատանիների ու աղջիկների կյանքը, որքան անմեղ զոհեր կլինեն:

Սակայն անգամ իր երկրի նախագահի անձնական խնդրանքից հետո Ջոնսն իր մտադրությունը, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, չի փոխել:

Այն, որ խելքը թռցրած մեկը պատրաստ է անմիտ իր քայլով շուռ տալ աշխարհը, որ աշխարհը պատրաստ է կուլ գնալ նման անհեթեթ սադրանքին ու շուռ գալ, այնքան զարմանալի չէ, որքան այն, թե ինչպես է պաշտպանված ԱՄՆ քաղաքացու` անգամ ծայրահեղ հիմար լինելու իրավունքը: Եվ այդ իրավունքը, ինչպես տեսնում ենք, բարձր է ամեն ինչից: Անգամ տրամաբանությունից:

Մի պահ պատկերացնենք, թե Հայաստանում որեւէ հայ, ի նշան ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության դեմ բողոքի` փորձի հրապարակայնորեն այրել այդ երկրի դրոշը: Նախ` նրա մտադրության մասին անմիջապես կիմանան ԱՄՆ դեսպանատանը, եւ դժվար թե նման քայլն ընդունվի որպես սեփական կարծիքն արտահայտելու ազատություն: Եվ հետո` դժվար է պատկերացնել, թե նախագահ Սերժ Սարգսյանը կամ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նրան հրապարակայնորեն կխնդրեն, կհորդորեն, որ նման ոչ խոհեմ քայլ հանկարծ չանի. քանի որ դրանով կարող են լրջորեն կասկածի տակ դրվել հայ-ամերիկյան հարաբերություննե՞րը: Իհա՛րկե ոչ: Բանը նման «բարձր» մակարդակի չէր հասնի. թաղամասը սպասարկող ոստիկանները հանդուգն քաղաքացուն կտանեին բաժին, կծեծեին, կծիծաղեին նրա նաիվության վրա եւ վզակոթին տալով` դուրս կշպրտեին:

Մյուս կողմից հետաքրքիր է, թե ինչպես են աշխարհում արձագանքում պաստորի հակաիսլամական հայտարարություններին: Փաստորեն, ընդունվում են ոչ թե ԱՄՆ նախագահի կամ պետքարտուղարի հավաստիացումները, թե ԱՄՆ-ի հիմնական արժեքներն ազատությունն ու կրոնական հանդուրժողականությունն են, կոչերը` ուղղված Թերրի Ջոնսին` չանել անմիտ այդ քայլը: Ստացվում է` այն, ինչ ասվում է ԱՄՆ նախագահի մակարդակով, լուրջ չի ընկալվում: Մահմեդական աշխարհի ուշադրությունը պաստորի ուղղությամբ է`կհանդգնի՞ ձեռք բարձրացնել իրենց սրբության վրա, թե՞ ոչ: Իսկ եթե այո՞: Այդ ժամանակ արդեն որեւէ մեկը չի կարող պատասխանատվություն կրել այն հնարավոր աղետի համար, որը կհաջորդի Ղուրանի օրինակներից առաջացած կրակի տեսարանից:

Ինչո՞ւ են աշխարհում (եւ ոչ միայն) առավել հաճույքով եւ հետաքրքրությամբ արձագանքում հիմարությանը, քան լուրջ մեկի խոսքին: Գուցե այն պատճառով, որ հիմար քայլը ենթադրում է հախուռն, հիմարությամբ համարժեք արձագանք: Եվ եթե հանկարծ ու Ֆլորիդայի այդ պաստորը հաջողացնի իր «ապուշ եւ վտանգավոր» ծրագիրը` դրանից բխող հետեւանքներով, արդեն լիարժեքորեն հնարավոր կլինի արձանագրել` աշխարհը ղեկավարում են հիմարները, իսկ խելոքները ստեղծում են օրենքներ, որոնք պաշտպանում են նրանց` իրենց հիմարություններն իրականացնել անպատիժ: