«Ամոթից գետինը մտանք…»

15/10/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Գրքի մոսկովյան միջազգային ցուցահանդես-տոնավաճառն այսօր Ռուսաստանում
ամենամեծն ու ամենաներկայանալին է, եւ արդեն 27 տարի ռուս
գրահրատարակիչների համար այն տարվա ամենանշանակալից իրադարձությունն է:

Այս միջոցառմանը մասնակցում են ոչ միայն ռուսական, այլեւ բազմաթիվ
արտասահմանյան հրատարակչություններ: Սեպտեմբերի 7-12-ը տեղի ունեցած
միջոցառմանն այս տարի մասնակցել են 2780 հրատարակչական ֆիրմաներ, գրավաճառ
կազմակերպություններ, գրադարաններ, ուսումնական հաստատություններ,
մշակութային կենտրոններ աշխարհի ավելի քան 50 երկրներից: Այս միջոցառումը
հրաշալի հնարավորություն է նոր կապեր ստեղծելու, գրքերի, դրանց
հրատարակման իրավունքի առքուվաճառքի եւ ընդհանրապես գրքի շուկան
ուսումնասիրելու համար: Սա պրոֆեսիոնալ միջոցառում է, որին մասնակցելը
համարվում է գրքի միջազգային շուկան նվաճելու բաղկացուցիչ մաս: Հայաստանը
եւս ամեն տարի մասնակցում է այս միջոցառմանը: Այս տարի Հայաստանից
մասնակցել են Հրատարակիչների ազգային ասոցիացիան՝ անդամ 10
հրատարակչություններով եւ Հրատարակչական գործի գործակալությունը՝ առանձին
ստենդներով: Մոսկովյան այս ցուցահանդես-տոնավաճառին հայ հրատարակիչներն
ավելի հաճույքով են մասնակցում մի շարք հանգամանքներից ելնելով. նախ`
փոխադարձ շփման համար լեզվական խնդիր չեն ունենում, եւ ապա՝ միջազգային
այլ նմանատիպ միջոցառումների համեմատ` այն պակաս ծախսատար է: Այս
ցուցահանդեսում 4 քմ տարածքով ստենդի վարձակալությունն արժե 800 դոլար,
նույն տարածքը Ֆրանկֆուրտի տոնավաճառում գնահատվում է շուրջ 1000 եվրո:
Եթե նախորդ տարիներին Հայաստանը մոսկովյան այս միջոցառմանն ի վիճակի է
եղել վարձակալել ընդամենը 4 քմ ստենդ, ապա այս տարի հնարավոր է եղել ձեռք
բերել շուրջ 40 քմ: «Այս տարի մեզ հաջողվեց բանակցել տոնավաճառի
տնօրինության հետ, եւ նրանք տարածքը մեզ տրամադրեցին 75% զեղչով, այս
պայմանավորվածությունն ուժի մեջ կլինի նաեւ հետագայում՝ յուրաքանչյուր
հերթական ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ։ Փաստորեն վերջին 15 տարիների
ընթացքում առաջին անգամ մեզ հաջողվեց նորմալ ներկայացնել մեր երկիրը»,-
տեղեկացնում է Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան
Խաչատրյանը:

Ցուցահանդես-վաճառքի ժամանակ կազմակերպվում է նաեւ մրցույթ, մրցույթի 7
անվանակարգերի համար նախատեսված է երեքական մրցանակ եւ խրախուսական
դիպլոմներ: Հայ հրատարակչություններին տարբեր անվանակարգերում հաջողվել է
շահել երրորդ կարգի երեք մրցանակ՝ Հրանտ Մաթեւոսյանի «Սպիտակ թղթի առջեւ»
(«Հայագիտակ» հրատարակչություն), «Հայոց վիպաշխարհի լեգենդները» («Արեւիկ»
հրատարակչություն) գրքերով եւ Էդ. Իսաբեկյանի գեղանկարչական ալբոմով
(«Անահիտ» հրատարակչություն):

Ի դեպ, սեպտեմբերյան այս ցուցահանդես-տոնավաճառում առաջին մրցանակ է շահել
Ադրբեջանը: ««Կորուսյալ արժեքներ»՝ կարծեմ այդպես էր կոչվում մրցութային
այն անվանակարգը, ուր ադրբեջանցիները ներկայացրել էին «Ղարաբաղ» շքեղ
ալբոմը եւ առաջին մրցանակ շահեցին,- պատմում է Վ.Խաչատրյանը,- իսկ մենք
ամոթից ուղղակի գետինը մտանք, որովհետեւ 500 հոգանոց դահլիճն այդ պահին
մտածում էր՝ եթե ադրբեջանցիներն են ներկայացնում Ղարաբաղը, այդ դեպքում
Հայաստանն ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հետ, ինչո՞ւ Հայաստանը չի ներկայացնում
Ղարաբաղը: Մենք, բազմաթիվ անգամ, կարեւորելով նման հրատարակությունները՝
առաջարկել ենք պետբյուջեից գումարներ հատկացնել, սակայն որոշ մարդիկ միշտ
դեմ են եղել այդ առաջարկին՝ պատճառաբանելով, որ դա տուրիստական
գրականություն է, եւ պետբյուջեից չարժե գումար հատկացնել: Մինչդեռ մենք ոչ
միայն Ղարաբաղի, այլեւ ընդհանրապես մեր պատմամշակութային արժեքները
ներկայացնող նման հրատարակություններ չունենք, գոնե մեր Հանրապետությունը
ներկայացնող ալբոմ ունենայինք, մի բան, որ ունեն բոլոր պետությունները, եւ
երբ մեր պաշտոնյաներն արտերկրի իրենց գործընկերների հետ հանդիպումների
ժամանակ նման նվերներ են ստանում, փոխարենը տալու բան չեն ունենում:
Ժամանակն է, որ մտածենք՝ ինչ ենք ներկայացնում աշխարհին»: