Վախեցած են

11/09/2010

Ֆրանսիայի առաջին տիկին Կառլա Բրունիի կենսագրությունն իսկական իրարանցում է առաջացրել Ելիսեյան պալատում: Ֆրանսիական marianne 2.fr կայքէջի փոխանցմամբ` էքս մոդել ու երգչուհի Բրունիի կենսագրականը 1,5 տարվա ուսումնասիրությունից հետո գրի է առել ֆրանսիացի լրագրող Բեսմա Լահուրին: Գրքում, որը շուտով կհայտնվի Ֆրանսիայի գրախանութներում, ներկայացվում են Բրունիի սիրային կապերն այնպիսի ճանաչված դեմքերի հետ, ինչպիսիք են կիթառահար Էրիկ Քլեփթոնը եւ ռոք երգիչ Միք Ջագերը: Դրանից բացի, կայքէջի փոխանցմամբ, գրքում տեղ է գտել այնպիսի սենսացիոն տեղեկություն, որը կարող է վնասել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հեղինակությանը: Այդ պատճառով Ելիսեյան պալատից զանգահարել են Բեսմա Լահուրին եւ «Flammarion» հրատարակչատուն ու սպառնացել, որ անգամ «փոքրիկ ապատեղեկատվության» դեպքում լրագրողն եւ հրատարակչատունը կհայտնվեն դատարանի առջեւ: Բեսմա Լահուրին Ելիսեյան պալատի կողմից ստացված սպառնալիքների մասին առայժմ որեւէ հայտարարություն չի արել: