Բազում դիմակներով մարդ Վարդան Պետրոսյանն արդեն մի քանի ամիս պարտադիր
անշլագներով խաղում է իր նոր «Վերելք» ներկայացումը: Որքան էլ հաճախ
դերասանն ասել է, որ ցանկանում է իր երգիծական-ողբերգական
մենախոսությունները համեմել կամ լուծել ֆրանսիական դերասանների թեթեւ եւ
սեթեւեթ խաղով, բոլորն էլ թատրոն են գալիս միայն նրա բացահայտումները
լսելու համար:
«Ցեղասպանության փաստը մեր գիտակցության մեջ դեռ իմաստավորված չէ»,- ասել
է նա: Բեմադրությունը կառուցված է դրվագային սկզբունքով, բեմականացված
դրվագներին հաջորդում են մերկ մենախոսությունները, երգն ու
երաժշտությունը, նաեւ Եղեռնի վավերագրական կադրերը: Այսօրվա հայը
ցեղասպանության մասին խոսում է շտամպներով, որոնց տակ խեղդվելով` չի
տեսնում վաղվա անելիքը: Շտամպները կոտրելու համար Վարդան Պետրոսյանը հաճախ
կատակում է` գրեթե հատելով բարոյականության արդեն ձեւավորված եւ
թույլատրված եզրագիծը, խախտում է լռության տաբուն եւ հանդիսատեսին
անհարմար վիճակի մեջ դնում: Նա ամեն ինչ անում է, որ դահլիճում ոչ մի
անտարբեր մարդ չմնա, ոգիները խառնելու համար ընտրում է տարբեր խավերին
հասու լեզուներ: Շփոթմունքը, բողոքը, սարսափն օգտագործվում են սրտի
ամենանուրբ լարերին դիպչելու համար: Ծիծաղահարույց մենախոսությունը
փոխվում է դաժան վավերագրական կադրերով, անհոգ ծիծաղը միանգամից կտրվում
է, հանդիսատեսը մոլորվում է, իրավիճակն անծանոթ է, խաղի կանոնները տարբեր
են: Վարդան Պետրոսյանն օգտագործում է հանդիսատեսի այս շվարած վիճակը, մի
քանի պատմական փաստ եւ որոշակի տեղեկություններ տալով: Դահլիճը ծիծաղում
է, տեղ-տեղ էլ ուղղակի գալարվում է ծիծաղից՝ Վարդան Պետրոսյանի ստեղծած
կերպարներում շատ լավ ճանաչելով այսօրվա հայաստանցուն, ով Եղեռնի
հուշարձան է այցելում եւ «տոնում է» Եղեռնի հերթական տարին, «ջոկելով», որ
Եղեռնի սրածայր հուշարձանը նման է «կոտորված եղեւնուն», հետո իր պարտքը
կատարած` գնում է տուն եւ հանգիստ սրտով լսում է թուրքական կլկլացող
երգերը: Տարբեր են դիմակները, տարբեր է խոսելաոճը: Արեւմտահայը եւ հրեան
վիճում են, թե ում ազգի կոտորածն էր ավելի դաժան: «Այո, ձեզ ավելի շատ են
կոտորել, սակայն մենք առաջինն ենք: Եվ ցեղասպանության էքսկլյուզիվ
իրավունքը մեզ է պատկանում»,- ասում է հայը: Իհարկե, դաժան եւ տխուր մտքեր
են արթնանում: «Լավ են արել, որ կոտորել են, մեզ դեռ քիչ էր»,- նման
խոսքեր էլ են հնչում՝ «Ինչպե՞ս կարող է նման սրբապիղծ բառեր ասել» միտք
առաջացնելով հանդիսատեսի մոտ: Դա շոկային թերապիա է, որը ձգվում է ճիշտ
այնքան, որքան պետք է, փոխարինվելով կամ Կոմիտասի զուլալ մեղեդիներով, կամ
կրակոտ պարով: Որպեսզի նյութը մարսվի: Թուլացած եւ ծիծաղից լիցքաթափված
ուղեղն ավելի լավ է ըմբռնում ինֆորմացիայի փշուրները, իմանում, որ
տասնամյա Կոմիտասը մինչ Էջմիածին գալը հայերեն խոսել չգիտեր, միայն
հայկական երգեր էր երգում, իսկ վարդապետ օծվելուց եւ խազերի վերծանման
գործը գրեթե ավարտելուց հետո պատրիարքարանի հետ լուրջ ընդհարումներ է
ունեցել: «Ապե, բա որ Կոմիտասը Բեռլինում սովորած հայտնի դեմք էր, ուրեմն
նրանով պետք է հպարտանալ»,- ասում է հասարակ գյուղացու դիմակ հագած Վարդան
Պետրոսյանը: Դրվագների ու կերպարների խճանկարը հուշում է, որ ժամանակն է
վերադասավորել մեզ զգացմունքներն ու Եղեռնի մասին մեր ունեցած գիտելիքները
եւ փորձել առաջ շարժվել: Մեզ միայն թվում է, որ մենք ազնիվ, աշխատասեր,
կառուցող եւ իրար հասնող ազգ ենք, իրականում սեփական քթից հեռու չենք
տեսնում, փակվում ենք մեր տներում եւ մեր ցավի մեջ տապակվում ենք: Սփռված
ենք աշխարհով մեկ եւ իրար չենք հասկանում: Վարդան Պետրոսյանն իր հեգնական
ամպլուայից դուրս չէ, մեծ վարպետությամբ ու կրքով ծաղրում է մեզ: Անում է
այն, ինչը քչերն են համարձակվում անել: Եվ ինքնահեգնանքի պահանջ է
առաջացնում: Գուցե իսկապես «ճնշված փոքրամասնությունից ճնշող
փոքրամասնություն դառնալու» համար Հայաստանը պետք է Չինաստանից օգնություն
խնդրի եւ այնքան բազմանա, որ «պոռնիկ Եվրոպան» հողերը ստիպված ետ տա:
Կատակ է իհարկե, բայց հետեւողական քաղաքականության կառուցվածք ունեցող
միտք է: Եթե հրեաների նման հողերը գնել չենք ուզում, մեզ միայն դա է
մնում: Հրեաները որտեղ էլ որ ապրեն, իրար ճանաչում ու սատարում են,
այնպես` ինչպես «ղարաբաղցիները մեր մեջ»: «Վերելքի» մեջ շատ բան է
խառնված, շատ բան է ասվում, սուր, իրատես եւ հաճախ դաժան բառեր են հնչում:
Ամեն բան արվում է հանդիսատեսին հավասարակշռված անտարբերությունից հանելու
համար: «Հետոն» պետք է հետո որոշվի: «Մեզ մի բուռ հող են թողել՝
եղբայրական գերեզմանի համար: Չի ստացվի…»,- հնչում է ֆինալում:
Հպարտության եւ ինքնագնահատման բարձրացման համար այդ «Չի ստացվին» հերիք
է: Եթե այդ «Չի ստացվին» ասում ենք գիտակցված եւ միասին: Երկուսուկեսժամյա
լարված բեմադրությունը եւ Վարդան Պետրոսյանի խրթին, ոչ միանշանակ
հարցադրումներն ու կրքոտ, անմնացորդ խաղը դա են ասում: