Անիմացիա. կուտակման ու գովազդի արանքում

11/09/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երեւանում մեկնարկեց «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնը, որը մի քանի օրերի ընթացքում հայաստանցի հանդիսատեսին կներկայացնի բազմաոճ անիմացիոն կինեմատոգրաֆի նմուշները: «Նմուշ» բառը շատ լավ բնութագրում է փառատոնային ֆիլմերը, քանի որ ցանկացած ֆիլմ, որը կցուցադրվի «ՌեԱնիմանիայի» օրերին, բացառիկ նմուշ է: Փառատոնային ֆիլմերի ընտրությունը խելամիտ ու բծախնդիր է արված: Հնարավոր է դիտել վերջին տարիների ամենահաջողված աշխատանքները` ինչպես, օրինակ, Սիլվան Շոմենի «Աճպարարը» նուրբ հոգեբանական ֆիլմը, արգենտինացի Գուստավո Կովայի «Բուգի» սեւ հումորի վրա կառուցված «էքշն» ոճի գրաֆիկական պատմությունը, վերջերս մեծ աղմուկ հանած ռուս-ճապոնական «անիմե» ոճի «Առաջին ջոկատը», որը հանդգնել է զոմբիների կերպարներն ու անդրշիրիմյան թեմատիկան զուգակցել Մեծ Հայրենական պատերազմի հերոսամարտերի հետ:

Ընդ որում` միայն զարմանալ կարելի է, թե ինչպես կարողացավ այդ փառատոնը ընդամենը 2 տարիների ընթացքում այնպիսի հեղինակություն ստանալ աշխարհում, որ բոլոր անվանի անիմացիոն վարպետները պատրաստ են ֆիլմ տրամադրել Հայաստանին ու համագործակցության եզրեր գտնել մեզ հետ: Ֆիլմերի սելեկցիայի աշխատանքներին մասնակցող կինոգետ Սիրանույշ Գալստյանը նկատում է. «Այնքան շատ հայտեր ենք ստանում, որ թվում է՝ արդեն մի քանի տասնամյակների պատմություն ունեցող փառատոն ենք»:

Ցանկացած ֆիլմ, որը հնարավոր է դիտել այս օրերին (օրինակ, մրցութային ծրագրում, Անսիի հայտնի փառատոնի կողմից առաջադրված կամ աֆրիկյան ու ռուսական ֆիլմերի ծրագրերում), հաստատ կօգնի հասկանալ, որ անիմացիայի աշխարհը այնքան անսպառ ու վառ է, որքան մարդկային երեւակայությունը:

Անիմացիան եւ՛ տեխնիկա է, եւ՛ արվեստ: Ընդ որում, անիմացիոն ֆիլմերում ավելի շատ է արվեստի տարրը, քան այն ֆիլմերում, որտեղ գլխավոր գործող անձն ու նյութը միս ու արյուն ունեցող դերասանն է: Անիմացիան ներքին ազատություն ու ներքին հարստություն պահանջող արվեստ է: Միգուցե այդ պատճառով էլ այդ արվեստի սիրահարները քիչ են, սակայն` որակյալ են:

«Ընտրեք ձեզանից խելացի մարդկանց շրջապատը»

Երեկ «ՌեԱնիմանիան» հյուրընկալել էր բրիտանացի պրոդյուսեր Դեւիդ Սփրոնքստոնին, որ ներկայացրեց իր հիմնադրած «Աարդման» ստուդիայի վերջին աշխատանքը` «Ուոլեսն ու Գրոմիտը, մարդաճագարի անեծքը» անիմացիոն լայնամետրաժ ֆիլմը: Անգլիական նուրբ հումորով հագեցած ու բազմաթիվ խորամանկ ենթատեքստեր պարունակող այս ֆիլմը դիտելը իրական հաճույք է: Համենայնդեպս, դիտողներին ապահովված է կեսժամանոց առողջ ծիծաղն ու մի կեսժամ էլ` կերպարների ամեն մի դետալով հիանալը: Կյանքից ու ժողովրդից կտրված ու միայն գիտական փորձերի վրա կենտրոնացած Ուոլեսն իր լռակյաց, բայց ամեն ինչ հասկացող (եւ հենց այդ պատճառով էլ` միշտ թախծոտ) շուն Գրոմիտի հետ փորձում է փրկել գյուղը ճագարներից: Ուոլեսի գիտական փորձերի արդյունքում ահաբեկիչ ու մուտանտ ճագար է ստացվում, որը ոչնչացնում է բանջարեղենի մրցույթին պատրաստվող գյուղացիների բերքը: Գյուղը սարսափի մեջ է, իսկ բնության հետ կատակ անողները ստիպված են լինում ընդունել, որ ամեն բան պետք է իր տեղն ու դերը ունենա: Ճագարը` իր տեղը, մարդն` իր, իսկ բանջարեղենն էլ` իր:

«Բրիտանական խորհրդի» աջակցությամբ Երեւան ժամանած անիմացիոն ֆիլմերի պրոդյուսերը նկատեց նաեւ, որ բազմամիլիոնանոց արժեք ունեցող «Ուոլեսն ու Գրոմիտը» բարդ է հարթել իր ճանապարհը Ամերիկայի «պրոկատում»: «Հասկանում եք, ամերիկացիները սովոր են, որ հերոսները որոշակի ներքին ճամփորդություն են կատարում, եւ ֆիլմի ավարտին սկսում են ավելի շատ բան հասկանալ ու ավելի լավը դառնալ: Շատ դժվար էր ամերիկացիներին բացատրել, որ մեր ֆիլմի «համն ու հոտը» հենց նրանում է, որ հերոսների հետ ոչ մի փոփոխություն չի կատարվում: Նրանք այնպիսին են, ինչպիսին կան: Եվ հենց դա է կարեւորը»:

Այս ֆիլմը պարոդիայի (հատկապես սարսափ ֆիլմերի ու «Կինգ Կոնգի»), դեդեկտիվի (ո՞վ է վերջապես մուտանտ ճագարը) եւ միստիկայի (ոսկե գազար-փամփուշտի օգտագործումը միայն կարող է ոչնչացնել հրեշին) տարրեր ունի: Սակայն ֆիլմը ոչ մի վայրկյան մոռացնել չի տալիս, որ առաջարկում է դիտել մեծ կինո` մեծ վարպետների կողմից ստեղծված: Ընդ որում` «ՌեԱնիմանիայի» նախագահ Վրեժ Քասունին ասաց, որ ֆիլմի ռեժիսոր Նիկ Պարքսը, ով բազմաթիվ մրցանակների (նաեւ «Օսկարի») հավաքածու ունի, ցանկություն է հայտնել հաջորդ տարի Երեւան գալ: Չգիտես` ինչո՞ւ, մեր փոքր փառատոնն իրենց պրոֆեսիայում գագաթնակետի հասած մարդկանց ուշադրության կենտրոնում է հայտնվում: Եվ դա՝ այն դեպքում, որ շատերը նույնիսկ չգիտեն, որ կա նման մի պետություն` Հայաստան: «Դիսնեյ» ընկերության փոխնախագահի պաշտոնը 20 տարի զբաղեցրած եւ այժմ «Exodus» ընկերության նախագահը հանդիսացող պրոդյուսեր Մաքս Հաուարդն, օրինակ, նկատել է. «Դուք` Հայաստանում մեծ հարստություն ունենք, ձեր ոսկին ձեր մշակույթն է, որը դեռ նոր պետք է ներկայացվի անիմացիայում»: Մաքս Հաուարդը այնպիսի մեծ վաստակ ու «հոտառություն» ունի, որ նրան անիմացիայի «գայլ» են անվանում: Անցյալ տարի լինելով Հայաստանում, նա նկատել է, որ պատրաստ է իր վարպետության դասընթացները (որոնց համար նա սովորաբար մի քանի տասնյակ դոլարի հասնող հոնորար է պահանջում) անվճար անցկացնել: Հատուկ նրա դասընթացներին մասնակցելու համար այլազգի անիմատորներ են գալու Հայաստան: Եվ շատ տարօրինակ է, որ պրոֆեսիոնալ աճ ենթադրող դասընթացները մեր ուսանող-նկարիչները կամ կինոռեժիսորները պասիվությամբ են դիմավորում: Մինչդեռ Մաքս Հաուարդը խոսելու է անիմացիոն ֆիլմ պատրաստելու ողջ շղթայի մասին` սկսած գաղափարը լիարժեք սցենարի վերածելուց, վերջացրած ֆիլմը մեծ շուկա հանելու բանաձեւերից: Իր «Սպիրիտ. տափաստանների ոգին» ֆիլմի օրինակով նա կցուցադրի անիմացիոն ստանդարտների ու դրանցից հեռանալու սկզբունքները:

Իսկ Դ.Սփրոնքստոնն ու 3D-անիմատոր Փոլ Ամիթը Երեւանում աշխատանքային դասընթաց կվարեն` ներկայացնելով տիկնիկային ծավալային անիմացիայի (stop-motion) կառուցման գաղտնիքները: Պլաստիլինե կամ կավե ֆիգուրները ձեռքով են պատրաստվում, եւ նրանց յուրաքանչյուր շարժումը ֆիքսվում է տեսախցիկով ու վերածվում անդադար շարժման: Ընդ որում` Դ.Սփրոնքստոնը նկատեց, որ այժմ դասական տիկնիկային անիմացիան վերելք է ապրում աշխարհում. «Երբ համակարգչային գրաֆիկան սկսեց զարգանալ, բոլորին թվաց, որ տիկնիկային անիմացիան այլեւս ոչ մեկին պետք չէ: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը` տեխնոլոգիական հնարքներով ստեղծված ֆիլմերը լայնացրեցին անիմացիայի դաշտը ու վերաիմաստավորեցին «stop-motion» ֆիլմերի դերը: Տիկնիկային, մակետային ֆիլմերը թեեւ ավելի աշխատատար են, սակայն էժան են իրենց պատրաստման եղանակով եւ թույլ են տալիս ավելի ստույգ մշակել միջավայրը»:

Դ.Սփրոնքստոնը խորհուրդ տվեց երիտասարդ անիմատորներին՝ ցանկացած գործ սկսելուց առաջ մշակել սեփական աշխատանքի սցենարը. «Հիշեք, որ կարեւորը պատմություն պատմելն է, եւ եթե նույնիսկ ձեր ֆիլմը տեխնիկական թերություններ կամ ոչ հստակ մշակված անիմացիա ունի, միեւնույն է` հանդիսատեսի հիշողության մեջ պատմությունն է մնալու: Այնպես որ, առաջնայինը սցենարն է: Եվ ընդհանրապես միշտ պետք է ձգտել խելացի ու բանիմաց մարդկանց շրջապատում գտնվել: Երբ քեզանից խելացի ու լավ մարդկանց հետ ես շփվում, պրոֆեսիոնալ առումով աճում ես: Մարդկային առումով՝ նույնպես»:

Շուկան կարո՞ղ է «ճեղքել» գովազդային պատնեշը

Փառատոնային 2 օրերի ընթացքը խիտ ու բովանդակալից է: Իսկ դահլիճները ցավալիորեն կիսադատարկ են: Պատճառը, թերեւս, մեկն է. «ՌեԱնիմանիան» լավ ծրագիր է պատրաստում, սակայն դրանք չի կարողանում տեղ հասցնել, քանի որ սեփական ծրագրերը գովազդելու դռները ոչ միայն փակ են, այլեւ` ամուր կողպած են: Հայտնի է, օրինակ, որ որոշ լրատվամիջոցներ փառատոնային ռեպորտաժ անելու համար փող են պահանջում, կամ էլ ճակատային հարցնում են. «Իսկ վարչապետը կամ ԱԺ նախագահը ներկա՞ են լինելու: Եթե՝ ոչ, մենք չենք գա»: Ստացվել է այնպես, որ ՀՀ կառավարության որեւէ ներկայացուցիչ անպայման պետք է իր ձեռքը դնի արվեստի ձեռնարկների վրա, որպեսզի հեռուստատեսային դռները կախարդական փայտիկի հպումով բացվեն: Այս իրողությունը «երկսայրի սուր է». պետական այրերը գովազդ են ապահովում, սակայն միեւնույն ժամանակ որակի անկման գարանտն են դառնում, եթե նպատակ են դնում սեփական «PR»-ն անել (ինչն էլ, որպես կանոն, տեղի է ունենում տեսախցիկների լույսերի ներքո): «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, օրինակ, նույն ճանապարհն է անցել. սկզբում այդ փառատոնը ոչ մեկին պետք չէր, իսկ հետո սկսեց ինքն իրեն գովազդել բարձրաստիճան չինովնիկների օգնությամբ: Եվ դրա շնորհիվ մամուլը եկավ կինոթատրոն` հետն էլ հանդիսատես բերեց:

Հասարակության մեծ մասը կարծես սովոր է, որ պետք է այցի գնալ միայն այն վայրերը, որոնք գովազդվում են: Համենայնդեպս, երբ երեկ դիտում էինք իրական գլուխգործոց դարձած բրիտանական «Ուոլեսն ու Գրոմիտը» անիմացիոն ֆիլմը, մարդկային հսկայական բազմություն տեսանք, որը սակայն եկել էր «Մոսկվա» կինոթատրոնգ. «Հ1»-ի արտադրած «Խաչագողի հիշատակարանը» դիտելու: Նույն ժամին ու նույն վայրում երկու բան էր ցուցադրվում, մեկը` ֆանտաստիկ երեւակայությամբ ստեղծված, իսկ մյուսը՝ ֆանտաստիկ ուժգնությամբ գովազդված: Հաղթեց գովազդը:

Որքան կարելի է նկատել, փառատոնի կազմակերպիչներն ակտիվորեն գովազդում են իրենց ցուցադրումները` ինտերնետային տարածքում, եւ դրա շնորհիվ` շատ որակյալ երիտասարդ հանդիսատես է գալիս կինոթատրոն: Սակայն, մեծ իմաստով, «ՌեԱնիմանիայի» նման լոկալ ու պրոֆեսիոնալ իրադարձությունները մեծ ամբիոններից պրոպագանդվելու կարիք ունեն: Նման փառատոները զերծ են պսեւդո-ակցիաների ձեւաչափից, փոխարինելով դատարկության քարոզը արվեստի ինֆորմացիայի կուտակումով: Կուտակելն այսօր դիմակայման միակ միջոցն է, հերիք է մեկանգամյա օգտագործման ֆիլմեր ու միջոցառումներ անենք: Եկեք հարթակներ բացենք` զարգանալու համար, ու գովազդենք հենց կուտակման պրոցեսը: Արդյունքը անպայման կլինի: Թվում է, որ Հայաստանում անիմացիայի զարգացման բոլոր նախադրյալները կան, չէ՞ որ հայաստանյան անիմացիան ոչ միայն փառահեղ անցյալ, այլեւ` փայլուն ապագա ունի: Այդ մասին են նշում Հայաստան այցելած բոլոր անվանի հյուրերը: Նկարիչներն ու բարձր տեխնոլոգիաներով աշխատող մասնագետները դեռ չեն վերացել մեր հայրենիքից: Եվ հատուկ նրանց համար այսօր «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկելու է «ՄառԱնի» (Market of animation) ծրագիրը, որի օգնությամբ անիմացիայի տեղական շուկա ստեղծելու ու խոշոր միջազգային կառույցների ստեղծած շուկայում տեղ գրավելու շանս կբացվի: Անիմացիան ոչ միայն արվեստ է, այլեւ` տնտեսական ճյուղ: Պատկերը, որը շարժման մեջ է դրվում ու հույզեր է առաջացնում, ինքնին արդեն արժեք է: Այդ արժեքը հասունացնել է պետք: