Մի քանի օր առաջ պաշտոնանկ արվեց ՀՀ Ոստիկանության Պետական պահպանության վարչության պետ Արամ Զաքարյանը: Նրա պաշտոնանկության պատճառն այդպես էլ չհրապարակվեց, միայն տեղեկացանք, որ նա մնացել է Ոստիկանության կադրերի ռեզերվում, եւ հնարավոր է, որ տեղափոխվի այլ աշխատանքի` նույն համակարգում: Մեր տեղեկություններով, այդ պաշտոնում նշանակվելու է Տավուշի մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Խաչիկ Ասատրյանը: Թեեւ Խ. Ասատրյանը նախորդ տարեվերջին պարգեւատրվեց ՀՀ նախագահի կողմից` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, սակայն, հայտնի է, որ նրա պաշտոնավարման տարիներին մարզում կրկնակի անգամ ավելացել են հանցագործությունները: Այդ մասին փաստում են նաեւ իր իսկ ներկայացրած հաշվետվությունները: Նրա անվան հետ են կապվում նաեւ մարզում կատարվող բազմաթիվ ապօրինությունները: Ուշագրավ է նաեւ այն, որ մարզի ոստիկանապետ եղած տարիներին Խ. Ասատրյանը 2 անգամ ազատվել է զբաղեցրած պաշտոնից` 2006-ին այն ժամանակվա ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի, իսկ 2008-ին` Ալիկ Սարգսյանի հրամանով: Իսկ աշխատանքից ազատման համար հիմք են հանդիսացել ծառայողական քննության արդյունքում բացահայտված չարաշահումները: Ինչ վերաբերում է Խ. Ասատրյանի քաղաքական հայացքներին, ապա նրա մասին ասում են, որ նա կիսադաշնակցական եւ կիսա-ԲՀԿ-ական է: