Իշխանություններն «ինքնահաշվում են»

09/09/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Արտաքին քաղաքական հարցերի լուծումը հնարավորինս ձգձգելու գործընթացներին զուգահեռ` Հայաստանի իշխանություններն արդեն պատրաստվում են հաջորդ ընտրություններին:

Այդ գործընթացները դեռեւս բացահայտ չեն, որովհետեւ նախընտրական շրջանի համար կա օրենքով սահմանված ժամկետ: Սակայն քաղաքական ուժերը հիմնական քայլերն իրականացնում են մինչ այդ ժամկետը: Իսկ այդ վերջին մի քանի շաբաթներին ընդամենը քարոզարշավ են իրականացնում եւ տարատեսակ սոցիոլոգիական հարցումներով փորձում են պարզել, թե որքան է պակասում քվեների` իրենց ցանկալի տոկոսն ապահովելու համար: Եվ այս խաղաղ շրջանը բավականին հարմար է նախընտրական կազմակերպչական հարցերը լուծելու համար, ինչով էլ զբաղվում են եւ իշխանական, եւ ընդդիմադիր ուժերը: Արդեն նկատելի է կուսակցական շտաբ-գրասենյակների ավելացում թե մայրաքաղաքում, թե մարզերում: «Ձայն բերող» ու շարքային քաղաքացիներով համալրում են կուսակցությունները, ճշտում են տեխնիկական ու ֆինանսական հնարավորությունները, եւ որ ամենակարեւորն է, դրանց ապահովումը բաշխում են «կարող» ուժերի միջեւ: Ներկայումս ինտենսիվ են աշխատում հատկապես իշխանական ուժերը, որովհետեւ մեծ են հատկապես նրանց ռեսուրսները: Մեր հարցումների արդյունքում պարզվեց, որ կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի ավելի քան 5 տասնյակ գրասենյակներ, որից 5-6-ը բացել է այս տարի: ԲՀԿ-ից տեղեկացրեցին, որ մինչեւ տարեվերջ էլի գրասենյակներ կավելացնեն: Իսկ հաջորդ` նախընտրական տարում ՀՀ-ում լինելու է կուսակցական գրասենյակների իսկական բում: ԲՀԿ-ից այդպես էլ չասացին, թե քանի անդամ ունեն, թեեւ դա խոստացել էին դեռ 3 ամիս առաջ: Ասացին միայն, որ դեռ հաշվում են: Հիշեցնենք միայն, որ 2007թ. ԱԺ ընտրություններից առաջ ԲՀԿ պատասխանատուները հայտարարում էին, որ ունեն 400.000 անդամ, բայց կրկնակիից էլ քիչ քվեներ ստացան: Չար լեզուներն ասում են, որ ԱԺ հաջորդ ընտրությունները ճակատագրական են լինելու ԲՀԿ-ի համար, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հաջորդ նախագահական ընտրություններին եւ փորձում է իշխանական բուրգում հնարավորինս նվազեցնել ոչ համակիր ուժերի առկայությունը: Իսկ ԲՀԿ-ն համարվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժ: Թեեւ, ըստ որոշ կանխատեսումների` վերջինս կարող է չառաջադրվել, որովհետեւ դժվար կլինի նորից ձեռք բերել ՌԴ-ի համաձայնությունը:

Եվ դեռ հստակ չէ, թե մինչեւ հերթական կամ արտահերթ նախագահական ընտրությունները վերը նշված ուժն ի՞նչ կողմնորոշում կունենա, միգուցե պաշտպանի հենց Ս. Սարգսյանին, բայց ակնհայտ է, որ վերջինս փորձում է իր վերընտրվելու հարցում հնարավորինս ապավինել սեփական ուժերին, իսկ համակիրներին քիչ հնարավորություն տալ: Ս. Սարգսյանի համար, իշխող ՀՀԿ-ից բացի, սեփական է համարվում «Օրինաց Երկիր» կուսակցությունը: Թվերը ցույց են տալիս, որ 2010թ.«բարեբեր» է եղել հատկապես ՕԵԿ-ի համար: Այս տարի նրանց օգտին աշխատել են նաեւ իշխանության մնացած ներկայացուցիչները: Նախ՝ կուսակցությունը համալրեցին համեմատաբար ավելի պատրաստված նախարարներով ու մի շարք մականունավոր հայտնի անդամներով, որոնք կարող են ընտրությունների ժամանակ ձայներ բերել: Ասում են, որ այդ համալրումը կշարունակվի ընտրական գործընթացներով հմտացած զանազան անուններով, բայց առայժմ գործադիրում այդ կուսակցությունը էական փոփոխություններ չի անի: Խոսակցություններ կան նաեւ, թե Գերասիմ Ալավերդյանը դեռ կշարունակի պաշտոնավարել Գյուղնախարարությունում, անկախ այն հանգամանքից, որ նա չի տիրապետում այդ ոլորտին, եւ, որ այդ ոլորտը ՀՀ-ում արդեն վերանում է: Անկախ ամեն ինչից, այդ կուսակցության մամուլի պատասխանատուն հպարտորեն տեղեկացրեց, որ 2010թ. իրենց կուսակցությանը մոտ 10.000 հոգի են անդամագրվել, բայց դեռ չի կարող ասել, թե քանի անդամ ունեն ընդհանուր առմամբ: Այստեղ եւս հաշվում են: Նա նաեւ ավելացրեց, թե կուսակցությունն ունի 150 գրասենյակներ եւ մինչեւ տարեվերջ կբացվի եւս 40-ը: Եվ անկախ այն հանգամանքից, թե այս թվերը որքանո՞վ են համապատասխանում իրականությանը, կամ այս քանակի տակ ի՞նչ որակ է թաքնված, մի բան պարզ է, որ իշխանություններն իրենք են ուժեղացնում այս կուսակցությանը: Եվ եթե չկարողանան ընտրական զանազան տեխնոլոգիաներով ձայներ հավաքել, դա կանեն ընտրատեղամասերում քվեները հաշվելիս ու բաժանելիս: Ըստ որոշ քաղաքական գործիչների` Ս. Սարգսյանն իր հիմնական աջակիցների մեջ, ՀՀԿ-ին զուգահեռ, տեսնում է ՕԵԿ-ին: Դա է վկայում շրջանառության մեջ դրված այն խոսակցությունը, թե 2012-ին ԱԺ նախագահը լինելու է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Թեեւ չի բացառվում, որ այդ լուրը շրջանառության մեջ է դրվել նույն ՕԵԿ-ից: Իզուր չէ նա հրաժարվել հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու եւ ընդդիմադիր խաղալու հաճույքից: Շատ ավելի ճոխ են ՀՀԿ-ի թվերը. վերջինս ունի մոտ 200 գրասենյակ, մինչեւ տարեվերջ դեռ կունենա նորերը: Ունի մոտ 140.000 անդամ, որից մոտ 5000-ը կուսակցության անդամ է դարձել այս տարվա ընթացքում: ՀՀԿ-ում նախընտրական կրքերն արդեն ակտիվացել են եւ ընտրում են հաջորդ ընտրությունների հանրապետական ու մարզային պատասխանատուներին: Առայժմ կուսակցությունում վստահ են, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի շտաբը չի վստահվելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Պնդում են նաեւ, որ նա չի լինելու ԱԺ նախագահ: Ավելին, Ս. Սարգսյանը հնարավորինս նվազեցնելու է Հ. Աբրահամյանի ազդեցությունը: