«Ես մշակույթի զինվոր եմ»

15/10/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Բեմում է Վլադիմիր Սպիվակովը. այս բառերը գեղեցկության եւ բարձրարվեստ
երաժշտության երաշխիք են: Սպիվակովին Հայաստանը սիրում եւ պաշտում է: Նրա
անձնական հմայքը, վառ արտիստականությունն ու կատարման հեղինակային ոճն
անմոռանալի են: Երեւանում Վլադիմիր Սպիվակովը երկու օր ելույթ ունեցավ
Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ինչպես միշտ՝ լեփ-լեցուն
դահլիճում: Նա արդեն մի քանի տարի, բացի «Մոսկվայի վիրտուոզներից»,
ղեկավարում է նաեւ այս նորաստեղծ նվագախումբը: Վլադիմիր Սպիվակովը ոչ
միայն վիրտուոզ երաժիշտ է, այլեւ հիանալի կազմակերպիչ եւ երաժշտական
կուլտուրա կառուցող: Նրա բարեգործական հիմնադրամը զբաղվում է տաղանդավոր
երիտասարդ երաժիշտներին աջակցելով: «Ես ուզում եմ, որ մեր երեխաները
հավատան հրաշքներին»,- սիրում է ասել Սպիվակովը: Նա Երեւանում իրեն զգում
է` ինչպես տանը, թեեւ զարմացած է մնացել Երեւանի գիշերային աղմուկից եւ
դիսկոտեկների բարձր երաժշտությունից: Համերգից հետո, չհասցնելով
հյուրանոցում կարգին հանգստանալ, նա պատրաստվում է նոր համերգի, ասելով՝
«Ի՜նչ արած, ես մշակույթի զինվոր եմ»:

– Ձեզ աշխարհի բոլոր անկյուններում շատ ջերմ են ընդունում: Սակայն, կարծում եմ, Հայաստանում այդ ջերմությունն առանձնահատուկ է:

– Այո, ինձ ամենուրեք շատ լավ են ընդունում, սակայն Հայաստանն ինձ համար
յուրահատուկ երկիր է: Հայ հանդիսատեսն իսկապես շատ շնորհակալ է: Եվ ես դա
միշտ էլ զգացել եմ: Կարծում եմ, շնորհակալ լինելը ձեր ազգի
յուրահատկությունն է: Նույնիսկ Բուենոս-Այրեսի փողոցներում քայլելիս` ինձ
հայ մարդիկ են մոտեցել եւ ասել. «Շնորհակալություն, Վլադիմիր ջան»: Ոչ
միայն Արգենտինայում, նաեւ աշխարհի բոլոր երկրներում հայեր կան, եւ գրեթե
բոլորը նույն վերաբերմունքն ունեն:

– Ձեր բարեգործական ֆոնդն օգնում է տաղանդավոր երիտասարդներին, դուք
Երեւանում նվագեցիք Ռախմանինովի համերգը երիտասարդ դաշնակահար Դենիս
Մացուեւի հետ: Օգնելը կարծես ձեր կոչումն է դարձել:

– Դենիսին ես շատ եմ օգնել, թեեւ նա իմ ֆոնդից աջակցություն չի ստացել: Ես
ընդհանրապես խանդոտ մարդ չեմ եւ պատրաստ եմ օգնել բոլոր տաղանդավոր
երիտասարդներին: Կարծում եմ, եթե մարդն ինչ-որ մեկին օգնելու
հնարավորություն է ունենում, պետք է օգնի: Ես միշտ ողջունել եմ օգնողներին
եւ ինքս եմ օգնում «Նոր անուններ» ֆոնդին, որն աջակցում է Դենիս Մացուեւին:

– Լսելով երեխային` կարելի՞ է միանգամից հասկանալ՝ նա տաղանդավո՞ր է, թե՞ ոչ:

– Այո, միանգամից:

– Երեխաներին հաճախ ստիպելով են երաժշտություն սովորեցնում: Դա ճի՞շտ է:

– Իհարկե: Տաղանդավոր մարդուն պետք է ստիպել աշխատել: Իսկ եթե նա տաղանդավոր չէ, ստիպել պետք չէ: Անիմաստ է:

– Դերասանական մոտեցումը, երաժշտական կատակները, ինչպես ատրճանակի
կրակոցները` պոլկայի կատարման ժամանակ, հանդիսատեսին օգնո՞ւմ են մոտենալ
դասական երաժշտությանը:

– Կյանքը բավական բարդ պատմություն է: Հստակ կանոններ չկան: Եթե երեխաները
կարողանում են հրաշքների հավատալ, իսկ մարդիկ` հաճույք ստանալ, պետք չէ
նրանց զրկել այդ հնարավորությունից: Իմ համերգներն ուրախության ու առօրյա
կյանքից կտրվելու հնարավորություն են տալիս: Յուրաքանչյուր մարդ իր
պրոբլեմներն ու իր խաչն ունի, եւ ես պետք է օգնեմ նրանց, որքան կարող եմ:
Ես կարողանում եմ օգնել երաժշտությամբ: Մարդիկ համերգից դուրս են գալիս
լուսավորված ու թեւավորված, նրանց աչքերը փայլում են, նրանց մոտ
ստեղծագործելու ցանկություն է առաջանում: Ես դա եմ ուզում տեսնել: Ես ինձ
մշակույթի զինվոր եմ համարում:

– Դուք նվագեցիք «Կռունկը» եւ միանգամից գերեցիք հանդիսատեսին: Մենք
կարծես չենք գնահատում մեր գանձերը, իսկ դուք մեզ օգնում եք հասկանալ
դրանք: Ինչո՞ւ է այդպես:

– Դեղատոմսեր նշանակելը դժվար է: Ամեն մարդ պետք է ինքն իր վրա
ուշադրություն դարձնի: Չգիտես ինչու՝ շատերն իրենց հայացքները արտասահման
են ուղղում: Իսկ այստեղ հիանալի երաժիշտներ, նկարիչներ կան: Երեւի պետք է
ավելի ուշադիր նայել դեպի ներս, ներշնչանքը ներսում է: Ուշադիր նայեք ձեր
շուրջը եւ հավատացեք սեփական ուժերին: Դա մանավանդ երեխաներին է
անհրաժեշտ: Այն, ինչ անում էր Հենրիկ Իգիթյանը, փնտրելով եւ օգնելով
պատանի նկարիչներին, շատ պետք էր: Նման աշխատանք պետք է բոլոր
ուղղություններով կատարել:

– Շատերը` հաջողության հասնելով, հեռանում են Հայրենիքից:

– Չեխովն ասել է՝ մարդուն հատկացված կյանքի ժամանակը երբեք չի հերիքում:
Հեռանալուն պետք է հանգիստ վերաբերվել: Եթե մարդը ծնվել է Հայաստանում եւ
հայկական արմատներ ունի, եւ, ամենակարեւորը, սնվել է հայկական մշակույթով,
նա որտեղ էլ լինի, միեւնույն է, հայ կմնա: Կարծես չի էլ հեռացել
Հայրենիքից: Գառզուն Հայաստանում չէր, բայց միշտ էլ հայ է եղել:

– Դատարկությունից վախենալ պետք չէ՞:

– Եթե գալու է նոր կրթված սերունդը` ոչ: Կարեւորը երեխաների կրթությունն
է: Նրանց պետք է թանգարաններ, համերգասրահներ տանել: Եվ գտնել այն
մարդկանց, ովքեր չեն կորցրել նախորդ սերունդների ստեղծած մշակույթով
հիանալու հատկությունը: Պետք է կարողանալ հիանալու ունակությունը փոխանցել
երեխաներին: Հիացմունքից շատ բան է կախված: Պե՛տք է հիանալ: Հիացե՛ք: