Դուք երջանիկ եք. վիճակագրության մատյաններում

09/09/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Վերջին օրերին տնտեսական ոլորտի հիմնական թեման գների աճն է։ Օրեր առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա հունվար-օգոստոս ամիսների գնաճի ցուցանիշները՝ ազդարարելով, որ մենք հերթական ռեկորդը սահմանեցինք ԱՊՀ-ում՝ աննախադեպ բարձր գնաճով։

Ինչպես երեկ գրել էր հայկական ինտերնետային լրատվամիջոցներից մեկը. «ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանն անդրադարձավ երկրում արձանագրված 7.7 տոկոս գնաճին՝ ընդգծելով, որ այն իսկապես բարձր է, բայց, միաժամանակ, հույս հայտնեց, որ տարեվերջին գնաճը կկազմի այնքան, որքան նախատեսված է ընթացիկ տարվա բյուջեով, այսինքն՝ 5,5 տոկոս»։ Լավատեսությունը լավ բան է, բայց ոչ բոլորն են նույնքան լավատես։ Թեկուզ հենց այն պարզ պատճառով, որ 12-ամսյա գնաճը (2010թ. օգոստոսը՝ 2009թ. օգոստոսի համեմատ) ոչ թե 7.7% է, այլ 9.6%։

Հիշեցնենք, որ բյուջեով նախատեսված վերին սահմանը 5.5% է։ Իսկ բյուջեն օրենք է, որը չի կարելի խախտել։ Այսինքն՝ գները պետք է հաջորդ ամիսներին զգալիորեն իջնեն, որպեսզի կարողանանք տեղավորվել բյուջեով սահմանված մակարդակում։ Իսկ ինչո՞ւ պետք է իջնեն գները, եւ կիջնե՞ն արդյոք։ Այս հարցերի պատասխանն էլ երկու օր առաջ տվել է հենց այն կառույցը, որին Սահմանադրությամբ տրված է գները կարգավորելու «մենաշնորհը»՝ ՀՀ Կենտրոնական բանկը։ Սակայն մինչ այս հարցերին պատասխանելը՝ ԿԲ-ն նախ փորձել է հիմնավորել, թե ինչի՞ հաշվին է «գնաճի ցուցանիշը էապես գերազանցում նպատակային միջակայքի վերին սահմանը»։ «Խորհուրդը փաստեց, որ 12-ամսյա գնաճի արագացումը հիմնականում արդյունք է պարենային ապրանքների միջազգային շուկաների եւ գյուղատնտեսության ոլորտի զարգացումներով պայմանավորված` «Հացամթերք», «Բանջարեղեն եւ կարտոֆիլ» եւ «Միրգ» ապրանքախմբերում գների աճի: Խորհուրդը գնահատում է, որ չնայած գնաճի ցուցանիշը էապես գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանը, այդուհանդերձ, այն առաջարկի շոկերի արդյունք է, որոնք, քիչ հավանական է, որ կունենան շարունակական բնույթ: Ակնկալվում է, որ հետագա ամիսներին 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի` կանխատեսվող 1 տարվա հորիզոնում ձեւավորվելով նպատակային միջակայքի վերին սահմանի մոտ»,- ասվում է ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ: Փաստորեն, մի կողմից ենթադրվում է, որ գնաճը շոկերի արդյունք է, մյուս կողմից կանխատեսում է արվում՝ անուշադրության մատնելով այն, որ շոկը հենց նրանով է շոկ, որ այն հնարավոր չէ կանխատեսել։ Այդուհանդերձ, ԿԲ-ն լավատես է, բայց ոչ այնքան, որքան Գ. Մինասյանը։ ԿԲ-ն չի ասում, որ տարին կփակենք 5.5%-ից ցածր գնաճով, այլ նշում է, որ այն կլինի «նպատակային միջակայքի վերին սահմանի մոտ»։ Ուշադրություն դարձրեք՝ չի հստակեցվում՝ վերեւի՞ց մոտ (ասենք 6-6.5%), թե՞ ներքեւից (4.5-5%)։

Ինչեւէ, դա խոշոր հաշվով կարեւոր էլ չէ, որովհետեւ մեզանում գները կախված են ոչ թե ԿԲ-ի, Ֆինանսների նախարարության եւ այլ պետական կառույցների քայլերից ու կանխատեսումներից, այլ կոնկրետ մարդկանցից։ Նույնկերպ՝ մարդկանց ամենեւին չեն հետաքրքրում նաեւ պաշտոնական վիճակագրության ցուցանիշները, այդ թվում՝ գնաճի վերաբերյալ։ Օրինակ, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը՝ 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 132.1։ Ասել է թե, 2005թ.-ից մինչ օրս՝ գրեթե 5 տարվա ընթացքում, գները մեր հանրապետությունում աճել են ընդամենը 32.1%-ով։ Սա, մեղմ ասած, այնքան կասկածելի թիվ է, որ ստիպված ենք մի փոքր օրինակ բերել։ Եթե միայն աշխատավարձով ապրող զույգը 2005թ. «յոլա էր գնում» ամսական 150 հազար դրամով, ապա վիճակագիրների հավաստիացմամբ՝ նրանք այսօր ճիշտ նույն կերպ «յոլա գնալու» համար ստիպված կլինեն ծախսել 48.150 դրամով ավելի շատ։

Ավելին, եթե հավատանք վիճակագրությանը, մեր երկրում աշխատավարձով ապրող մարդիկ ոչ միայն յոլա չեն գնում, այլեւ կարող են շատ ավելի լավ ապրել ու դեռ մի բան էլ՝ խնայողություններ կատարել։ Այսպես, ԱՎԾ տվյալների համաձայն, 2005թ. միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում էր 52.040 դրամ, իսկ այսօր՝ 106.232 դրամ։ Փաստորեն, վերջին 5 տարվա ընթացքում գներն աճել են 32%-ով, իսկ աշխատավարձը՝ ավելի քան 2 անգամ։ Ահա այսպես կարող է պաշտոնական վիճակագրությունը համոզել աղքատության ճիրաններում հայտնված մարդկանց, որ իրենք սկսել են ավելի լավ ապրել, քան տարիներ առաջ։ Իհարկե, կան ապրանքատեսակներ, որոնց գները, նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն, շատ ավելի արագ են աճել, քան միջին անվանական աշխատավարձերը։

2005-2010թ. գնաճային «հերոսները», 2010թ. օգոստոսը՝ 2005թ. նկատմամբ, %

«Գերթանկացած» ապրանքների վարկանիշային ցուցակի առաջին պատվավոր հորիզոնականում մեր ազգային հպարտությունն է՝ ծիրանը, որը գնալով ավելի անմատչելի է դառնում շարքային հայաստանցիների համար։ Ծիրանի գները վերջին 5 տարվա ընթացքում աճել են 4.8 անգամ։ Երկրորդ տեղում վարորդական դպրոցների ծառայություններն են։ Դա էլ երեւի պայմանավորված է ապահովված ամուսիններ ունեցող կանանց՝ մեքենա վարելու նկատմամբ ահագնացող հետաքրքրությամբ (որդիները սովորաբար ինքնուրույն են սովորում մեքենա վարել)։ Հաջորդ հորիզոնականները հիմնականում զբաղեցնում են գյուղմթերքները։ Հատուկ ուշադրության է արժանի ոչխարի միսը, որը «գնաճի հերոսների» ցանկում թեպետ զբաղեցնում է վերջին հորիզոնականները, սակայն այդ ցուցակում հայտնվել է բոլորովին վերջերս՝ աննախադեպ թռիչքի շնորհիվ։ Վերջին 12 ամիսների ընթացքում այն հասցրել է թանկանալ 61%-ով։

Իսկ առհասարակ, պաշտոնական վիճակագրության՝ գներին վերաբերող հրապարակումները կարելի է պարապ ժամանակ թերթել՝ ժամանակն ավելի ուրախ անցկացնելու համար։ Չի բացառվում նաեւ, որ որոշ օգտակար տեղեկություններ քաղեք։ Օրինակ՝ եթե ուզում եք գրքեր գնել, ապա ճիշտ կլինի դա անել Եղեգնաձորում. վիճակագիրները պնդում են, որ գիրքն այնտեղ արժե 700 դրամ, իսկ Երեւանում՝ 2750 դրամ։ Իհարկե, նշված չէ՝ կոնկրետ ո՞ր գրքի մասին է խոսքը, սակայն երեւի այս հարցում դա այնքան էլ կարեւոր չէ։ Եղեգնաձորում խորհուրդ է տրվում նաեւ «օբյեկտում» խորոված ուտել. 1 բաժինը արժե 1900 դրամ։ Մարտունիում ավելի ձեռնտու է՝ 1835 դրամ։ Բայց Վանաձորում վիճակագիրները խորհուրդ չեն տալիս խորովածով երես տալ ստամոքսին. այնտեղ այս կերակրատեսակը մատուցում են ամենաթանկ գներով՝ 3200 դրամով։ Փոխարենը վանաձորյան ռեստորաններում քաբաբն է էժան։ Ամեն դեպքում, վիճակագրությունն ուսումնասիրելը վատ բան չէ, պարզապես պետք չէ չափից դուրս սրտին մոտ ընդունել։