Սեմնեբիի խաթեր

09/09/2010

Ի տարբերություն անցած օրերի` սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից 27 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- նշված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 6-ի գիշերը եւ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում Ղարաբաղի պաշտպանության նախարարության կողմից արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման 116 դեպք, իսկ շաբաթ առավոտյան տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել: Իսկ երեկվա համեմատաբար հանգիստ վիճակը ամենայն հավանականությամբ պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի` շփման գիծ այցելելու հանգամանքով: