– «Մաքսային օրենսգրքում» կատարվելիք փոփոխություններով, փաստորեն, արգելվում է Հայաստան «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով Վրաստանից մեքենաների ներկրումը: Քանի՞ մեքենա է մինչ այժմ ներկրվել այդ ռեժիմով եւ որքա՞ն է կազմում պետության վնասը:
– Բոլորի մոտ այն թյուր կարծիքն է ձեւավորվել, թե ժամանակավոր ներմուծում ռեժիմով ներկրված մեքենաների պատճառով պետությունը լուրջ վնասներ է կրել: Մենք այդպիսի խնդիր չենք դնում: Մենք ասում ենք, որ այն ՀՀ քաղաքացիները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանում եւ անձնական օգտագործման նպատակով իրենց անուններով մեքենա են ներկրում հանրապետություն, օրենքով պետք է այդ պահին ավտոմեքենան գրանցեն, հաշվառեն, մաքսային սահմանին վճարեն հասանելիք հարկերը, ինչպես դա անում են բիզնեսի նպատակով մեքենա ներկրող սուբյեկտները, եւ վճարումը իրականացնեն ներմուծման պահից սկսած` 10 օրվա ընթացքում: Սակայն, քաղաքացիները ավտոմեքենան ձեւակերպում են ժամանակավոր ներմուծում ռեժիմով եւ մի քանի անգամ նույն ավտոմեքենան երկրի սահմաններից դուրս են հանում եւ նորից հետ են բերում, որպեսզի հետաձգեն վճարումը: Նրանք առաջին հերթին անհարմարություն են ստեղծում իրենց համար, որովհետեւ ամեն անգամ ճանապարհածախս են վճարում, իրենց համար հոգսեր ու խնդիրներ են առաջացնում եւ ընդամենը 3- 6 ամիս ժամկետով հետաձգում են վճարումը: Հնարավոր է նաեւ, որ մեքենան այդ ընթացքում որոշակի չափով կորցնի իր արժեքը, եւ հետագայում կարող է ավելի քիչ վճար գանձվել պետական բյուջե: Հիմա պարզապես կանոնակարգվում է խնդիրը, վճարումը ստանում ենք ժամանակին: Այս օրենքը բյուջեն համալրելու համար չէ, այլ նպատակ ունի հավասարություն ստեղծել բոլոր քաղաքացիների միջեւ եւ թույլ չտալ, որ շրջանցվի օրենքը:
– Դուք խոսում եք այն հոգսերի, ծախսերի մասին, որ քաղաքացիները պատճառում են իրենց «ժամանակավոր ռեժիմով» մեքենայի ներմուծման ժամանակ: Բայց այդ ծախսերը թերեւս ավելին չեն, քան մաքսազերծման գումարը, որը կազմում է մեքենայի մաքսային արժեքի 32 տոկոսը: Եվ, բացի այդ, չե՞ք կարծում, որ օրենքն այս դեպքում եւս չի գործի, քանի որ մարդիկ կարող են Հայաստանում մեքենայի արժեքի 32 տոկոսը վճարելու փոխարեն՝ ընդամենը մի քանի հարյուր դոլարով այն գրանցել Վրաստանում:
– Նախ՝ մենք պետք է վերլուծենք ու տեսնենք, թե հասարակության որ խավերին է ձեռնտու այդ ձեւակերպումները կատարել, եւ այս օրենսդրական փոփոխությունը հատկապես որ խավի շահերին է դիպչում: Որպես այս կառույցի աշխատակից, ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մենք գործ ունենք հանրապետության քաղաքացիների փոքր խմբի հետ, որոնց իրավունքները, բնականաբար, պետք է հարգել, եւ այդ խումբը մեր անապահով կամ միջին աշխատավարձով ապրող քաղաքացիները չեն: Այս ռեժիմով ներմուծմամբ զբաղվում են հիմնականում փոքրիշատե ապահովված քաղաքացիները: Փորձեմ ասվածը հիմնավորել թվերով: Այս տարվա 7 ամիսներին ժամանակավոր ներմուծում ռեժիմով ներկրվել է 44 հազար ավտոմեքենա, որից ավելի քան 25 հազարը ՀՀ քաղաքացիների անունով գրանցված ներմուծումներ են: Այս 25 հազարի մեջ կան քաղաքացիներ, որոնք մինչեւ իսկ 9 անգամ ավտոմեքենան ձեւակերպել են որպես ժամանակավոր ներմուծված: Մենք բոլոր հիմքերը ունենք հայտարարելու, որ նրանք հիմնականում նյութապես ապահովված քաղաքացիներ են: Միջին հաշվով մենք գործ ունենք մոտ 4200 ՀՀ քաղաքացիների հետ, որոնց կողմից ներմուծված ավտոմեքենաների մաքսային արժեքները գերազանցում են հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների միջին արժեքին: Եթե հանրապետություն ներմուծված մեքենաների միջին մաքսային արժեքը կազմում է 4 միլիոն դրամ, ապա նրանց կողմից ներմուծված ավտոմեքենաների արժեքը հիմնականում 50-60 հազար դոլարից հասնում է մինչեւ 150 հազար դոլար եւ ավելիի:
Այո, կան դեպքեր, երբ մեր քաղաքացիները իրենց պատկանող մեքենաները գրանցում են Վրաստանում: Ցավոք, մենք վերջերս իմացանք, որ վրացական պատկան մարմինները օտարերկրյա քաղաքացիների մեքենաները գրանցում են մեղմ պայմաններով, ինչից էլ, բնականաբար, օգտվում են մեր քաղաքացիները: Սակայն, եթե վերցնենք գործարքի բուն էությունը, ապա, եթե քաղաքացին հանրապետություն է ներմուծում ավտոմեքենա, ապա այն պետք է հաշվառվի եւ գրանցվի հայկական մարմիններում: Հարեւան պետության մեղմ պայմանները չեն կարող գործել շարունակ: Ինչ վերաբերում է բարձր մաքսավճարներին, ապա, ուզում եմ, որ ձեր թերթի էջերում հետեւյալ վերլուծությունը կատարենք: Ավտոմեքենաները ներմուծվում են Հայաստան ինչպես մասնագիտացված կազմակերպությունների, այնպես էլ անհատ քաղաքացիների կողմից: Մասնագիտացված կազմակերպությունների թիվը հասնում է մի քանի տասնյակի, եւ սա հենց այն դեպքն է, երբ չկան մոնոպոլիաներ: Նրանք ապահովագրում են մեքենան, երաշխիքային սպասարկման եւ այլ խնդիրներ են լուծում: Նրանցից կարելի է օրինական կերպով մեքենա գնել: Հարց է ծագում, ինչո՞ւ են հանրապետության որոշ քաղաքացիներ գերադասում օգտվել այսպես ասած` վրացական տարբերակից: Բացի այդ, ինչո՞ւ պետք է այդ կազմակերպությունների կողմից ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծվեն, իսկ քաղաքացիների կողմից ներմուծվածները` ոչ: Այսինքն՝ մի քանի հազար քաղաքացիների պարտադրանքով մաքսազերծումը կատարենք այն գներով, որը նրանք կարող են մեզ հրամցնե՞լ: Պետք է նաեւ հասկանանք, թե մեր վարած քաղաքականությամբ ինչ ենք ուզում իրականացնել եւ ինչի ենք ուզում հասնել: Եթե մենք թույլ ենք տալիս, որ հանրապետություն ներմուծվեն շատ էժան ավտոմեքենաներ, կամ զգալիորեն իջեցվեն մաքսային արժեքները, ապա, կներմուծվեն տեխնիկապես անսարք ու բավականին հին մեքենաներ, որոնք մի քանի տարի օգտագործելուց հետո շարքից դուրս կգան: Կամա թե ակամա, մեր հանրապետությունը կվերածվի ավտոմեքենաների գերեզմանոցի: Երկրորդ խնդիրը, որ, որպես տնտեսագետ, ես այստեղ տեսնում եմ, հետեւյալն է, թե ինչ ենք մենք խթանում տնտեսական ճգնաժամին հաջորդող տարիներին: Երբ որ շենքեր ու առանձնատներ են կառուցվում, դա մեզ հիացնում է, որ մեր երկիրը շենանում ու ծաղկում է, բայց երբ որ անիմաստ շատ թանկարժեք ու ծավալով մեծ ավտոմեքենաներ ենք ունենում ու խթանում ենք այդ երեւույթը, կարծում, թե սա արդյունավետ ներդրում չէ մեր տնտեսության մեջ: Եթե քաղաքացին միջոցներ ունի, ապա մենք չենք կարող ոտնահարել նրա իրավունքը, նա կարող է ձեռք բերել այդ ավտոմեքենան, բայց դրա համար պետք է վճարի: Ամբողջ իմաստը այն է, որ այդ թանկարժեք ավտոմեքենաներ ցանկացողներին տնտեսական լծակներով ստիպենք, որ նրանք շատ գումար վճարեն մեր պետբյուջե: Շքեղության տարրերի համար պետք է վճարել:
– Ենթադրում եմ, որ օրինագծի մշակման ժամանակ ուսումնասիրվել է նաեւ այլ երկրների փորձը: Այ, օրինակ, ինչպե՞ս է, որ Վրաստանը չի վերածվում մեքենաների գերեզմանոցի, կամ, որ Վրաստանի քաղաքացիները կարող են մի քանի հարյուր դոլարով մեքենան հաշվառել ու պետհամարանիշ ստանալ:
– Դուք արդեն ասացիք, որ Վրաստանը մեքենաների գերեզմանոց չի դառնում, ես էլ չեմ ուզում հայտարարել, որ դառնում է: Բայց եթե էժան ավտոմեքենաները կարելի է այդքան հեշտ ներմուծել, ապա մի տարվա մեջ չի դառնում, բայց վաղ թե ուշ կդառնա: Պետք է այնպես անենք, որ Վրաստանում օգտագործված մեքենաները հեշտությամբ չմտնեն մեր երկիր: Խնդիրն այն է, որ մենք չպետք է սահմանափակենք մեր քաղաքացու իրավունքը, բայց մեր քաղաքացին կարող է երկրի ներսում էլ ձեռք բերել ավտոմեքենա: Մեր ազգաբնակչության համար ուզում եմ ասել, որ Հայաստանում տարբեր երկրների արտադրության եւ միջին արժեքով ավտոմեքենաներ կան: Այսինքն՝ բերվում են ոչ միայն թանկարժեք այլ նաեւ սովորական, եւ գնային առումով միջինից ցածր ավտոմեքենաներ: Երեւի թե կգա մի օր, որ մեր քաղաքացիները ոչ թե կցանկանան ցուցադրել իրենց ավտոմեքենաները, այլ կառաջնորդվեն նրանով, թե որն է ձեռնտու տնտեսապես: Դուք նշում եք, որ Վրաստանից բերվող ավտոմեքենան ավելի էժան է, դե եկեք մեր բոլոր ինստիտուտները վերացնենք, ներկրումները դադարեցնենք եւ գնանք էժան վրացական ավտոմեքենաների ներկրման ճանապարհով ու կախում ունենանք վրացական օրենսդրությունից: Ես որպես պետական պաշտոնյա՝ նման մոտեցմանը դեմ եմ: Բացի այդ, այս տողերը ընթերցող ցանկացած քաղաքացի կարող է հաստատել, որ չի կարող գնալ Վրաստան, ավտոմեքենա գնել ու բերել այստեղ: Բազմաթիվ խնդիրներ կան: Եվ, արդեն նշեցի, ադ տարբերակից օգտվում են հիմնականում ապահովված քաղաքացիները: Եթե Ազգային ժողովը ընդունի այս օրենքը, ապա այն լուրջ ազդեցություն կունենա մարդկանց վարքագծի ու մոտեցումների վրա:
– Հայաստանում մշտապես խնդիր կա նաեւ կողմնորոշիչ գների հետ կապված: Բազմաթիվ դժգոհություններ կան մաքսային սահմանին կողմնորոշիչ գների կամայական կիրառումից: Հարկման ժամանակ հիմք է ընդունվում ոչ թե ներմուծողի հաշիվ-ապրանքագրում նշված գինը, այլ մաքսային կառույցի սահմանած կողմնորոշիչ գինը, որը շատ հաճախ հիմնավորված չի լինում: Նախորդ տարի յուրաքանչյուր տարեթվի եւ մակնիշի մեքենայի համար հստակ մաքսային գին սահմանվեց, նույնիսկ դրանք տեղադրվեցին ՊԵԿ-ի պաշտոնական կայքում, սակայն, որոշ ժամանակ անց` հանվեց:
– Կողմնորոշիչ գները հրապարակելով, փորձեցինք մեր երկրում որոշակի թափանցիկություն ապահովել: Եթե սկզբնական շրջանում դա շատ օգտակար էր, հետագայում այն դարձավ բազմաթիվ վեճերի ու շահարկումների առիթ: Օրինակ, ունենք 2005 թվականի արտադրության որեւէ մակնիշի մեքենա, որն արժե 10 միլիոն դրամ: Կարող է լինել նույն տարեթվի, նույն մակնիշի մեքենա, բայց` զգալիորեն էժան արժենալ: Այն կարող է ներմուծված լինել տեխնիկապես անսարք վիճակում, կամ ինչ-որ բնական աղետի ենթարկված լինել եւ այլն: Այսինքն, ամեն ավտոմեքենա իր գինը ունի, եւ մենք մաքսային սահմանին փորձում ենք այդ բալանսը պահել: Շատ դժվար է հազարավոր քաղաքացիների բոլոր պահանջները բավարարել: Եթե ավտոմեքենան գործարանային է, նոր է, ապա արժեքը հստակ նշվում է, եւ այստեղ տարաձայնության խնդիր չկա: Բայց եթե գնորդը այն ձեռք է բերել օգտագործված վիճակում, ապա ներմուծողը հայտարարում է, որ ինքն այն հնարավորինս ցածր արժեքով է ձեռք բերել, իսկ պետական պաշտոնյան էլ ձգտում է ապացուցել, որ շուկայում այն ավելին արժե: Այս դեպքում, բնական է, հակասություններ լինում են: Այդ պատճառով էլ կողմնորոշիչ գները մեզ չօգնեցին, հակառակը, բացասական անդրադարձան բյուջետային մուտքերի ու նաեւ մեր քաղաքացիների վարքագծի վրա: Դրա համար մենք հրաժարվեցինք բոլոր մեքենաների գների հրապարակումից: Ընդհանրապես, երբ գործ ենք ունենում եվրոպական երկրների հետ, եւ գործարանային ապրանքներ են ներմուծվում, ապա հաշիվ-ապրանքագրում նշված արժեքը հիմք ընդունվում է: Բայց երբ մենք գործ ենք ունենում ռիսկային երկրների հետ, որտեղից ցանկացած փաստաթուղթ բերվում է, ու հնարավոր չէ պարզել դրանց իսկությունը, առաջանում են խնդիրներ: Այդպիսի երկրներից են, օրինակ, Թուրքիան, Չինաստանը, Կորեան, Էմիրությունները եւ այլն: Սուբյեկտներն էլ դա իմանալով` շատ ցածր գներ են բերում մեզ ներկայացնում: Այս հարցը լուրջ քննարկման թեմա է, եւ առաջիկայում կանդրադառնանք նաեւ այդ հարցին: