«Ոչ օտարալեզու դպրոցների վերաբացմանը», «Օտարալեզու դպրոցները` ճանապարհ դեպի գաղութացում» ցուցապաստառներով երեկ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման մի քանի անդամներ լուռ բողոքի ակցիա են անցկացրել Ազգային ժողովի մոտ: Նրանք տեղեկացել էին, որ երեկ խորհրդարանի Գիտության եւ կրթության հանձնաժողովը պետք է քննարկեր առաջիկա նիստերի օրակարգում «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթի ընդգրկման հարցը: Ցուցարարները եկել էին պատգամավորներին հիշեցնելու, որ իրենք շարունակում են պայքարել եւ չեն դադարի, մինչեւ չհասնեն իրենց նպատակին: Ցուցարարները գրեթե մեկ ժամ կանգնել են այնտեղ, չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ արդեն տեղեկացել էին, որ առաջիկա քառօրյայում «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը չի քննարկվի: