Կոբուրգում հսկայական եւ գեղեցիկ ձիարշավարան կա, ֆրանսիացի շատ հայտնի
դերասաններ, լրագրողներ եւ պարզապես ձի սիրող մարդիկ այստեղ իրենց
անձնական ձիերն ունեն: «Ձիու եւ ձիավորի միջեւ ոչ մի անձնական գաղտնիք
չպիտի լինի». սա է ձիերին նվիրված փառատոնի նշանաբաններից մեկը: Իսկ
փառատոնի ֆիլմերի ցուցադրումները բացօթյա են, խոտածածկ տարածքում մեծ
էկրան է տեղադրված, որպեսզի եւ՛ մարդիկ, եւ՛ էկրանային ձիերն իրենց
բնության անբաժանելի մասնիկը զգան:
Առաջին անգամ Epona փառատոնին մասնակցում էր նաեւ հայ հեղինակի ֆիլմը:
Մասնակցեց եւ «ռեպորտաժ» անվանակարգում շահեց գլխավոր մրցանակը: Հայկական
ֆիլմը նկարահանվել է «Շողակաթ» հեռուստաընկերությունում, փառատոնին
մասնակցելու միտքը հեղինակ Սուրեն Տեր-Գրիգորյանի մոտ պատահաբար է ծնվել:
Epona-ի մասին իմանալով` նա իր ֆիլմն ուղարկել է, սակայն երկար ժամանակ իր
մասնակցությունը հաստատող նամակ չի ստացել: «Մտածեցի, որ 450 ֆիլմերից իմ
ֆիլմը չի ընտրվել: Բայց նամակ եկավ, որտեղ կազմակերպիչները գրում էին, որ
սկզբում կարծեցին, թե ես սխալվել եմ, որ իմ ֆիլմը ձիերի հետ ոչ մի կապ
չունի: Բայց համբերություն ունենալով ֆիլմը մինչեւ վերջ նայելու, նրանք
շատ էին տպավորվել»,- ասում է Սուրենը: Փառատոնի միջավայրը Սուրենն այնքան
ջերմ ու գեղեցիկ է համարել, որ Կոբուրգ հասնելով` նույնիսկ չի մտածել
հաղթանակի մասին: «Ամեն ինչ այնքան ճիշտ էր կազմակերպված, որ եթե նույնիսկ
չշահես, քեզ համար դա վիրավորական չէ»,- ասում է նա:
Ձիեր. այս գեղեցիկ, նուրբ եւ խորհրդավոր կենդանիները փառատոնային ֆիլմերի
մեծամասնության մեջ պատկերված են իրենց սլացքի, աշխատանքային առօրյայի,
վարժեցման պահերին: Իսկ հայ օպերատոր եւ ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյանի
«Կրակից ծնվածը» ֆիլմը բոլորովին այլ մոտեցում ունի: Ֆիլմում կենդանի ձի
չկա, այլ կա ստեղծագործական պրոցես: Ֆիլմի հերոսը քանդակագործ Արա
Ալեքյանի արձանն է: Քանդակագործը քայլ առ քայլ երկաթե թափոնների կույտերից
որսում է իրեն անհրաժեշտ կտորները, համադրում, միացնում, եռակցում է իրար:
Ինչի է վերածվելու երկաթակուռ այս կառույցը` պարզ է դառնում միայն ֆիլմի
վերջում: Այն ձիու կմախք է դառնում: Հետո փաթաթվում է թերթերի էջերով եւ
այրվում: Կրակից ծնված ձին մեզ հայտնի «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ կանգնած
քանդակն է:
Երկու օր առաջ Կոբուրգից վերադարձած հեղինակն ասում է. «Այս ֆիլմը շատ
տարբեր էր մյուսներից: Ոչ թե բոլորից լավն էր, այլ նմանատիպը չուներ»: Նրա
երկաթյա ձին կարծես բնության կանոններին հակառակ է ծնվում, սակայն շատ
հմայիչ եւ էմոցիոնալ տպավորություն է թողնում: Քանդակագործ Արա Ալեքյանը
փուլ առ փուլ արարում է իր արձանը, իսկ Սուրեն Տեր-Գրիգորյանը՝ ֆիքսում
այդ պրոցեսը: Օպերատորի փորձված աչքը տեսնում է ամեն մանրուք եւ շատ
գեղեցիկ մատուցում հանդիսատեսին: Օպերատոր-հեղինակն ամեն ինչ շատ ավելի
պատկերավոր է տեսնում, քան կտեսներ պարզապես ռեժիսորը: Ձին կարծես
համբերատար սպասում է, թե, վերջիվերջո, երբ են իրեն պատրաստելու: Եռակցող
ապարատի կապտավուն լույսը եւ կարմիր բոցերը ներսից են լուսավորում ձիու
կմախքը: Ֆիլմը զուրկ է երաժշտական ձեւավորումից, ֆոնը չխկչխկոցն ու
ճռճռոցն են ստեղծում: Դա նույնպես երաժշտություն է, ռիթմ ու էմոցիա: Ըստ
հեղինակի՝ ֆիլմի հաջողությունը պայմանավորված է Արա Ալեքյանի աշխատանքային
ոճով: Սակայն Սուրենը ստեղծագործական պրոցեսը լիարժեք ֆիլմ է դարձնում՝
վարպետորեն օգտագործելով լույսն ու մինչ ավարտը գաղտնի պահելով
ստեղծագործության արդյունքը: «Ամենահետաքրքիրը պրոցեսն է, երբ զգում ես
արվեստագետի անկեղծությունը»,- ասում է Սուրենը, ով արդեն արարման պրոցեսը
պատկերող մի քանի ֆիլմ է նկարահանել: Իսկ «Կրակից ծնվածը» Կոբուրգում ոչ
միայն գլխավոր մրցանակ է շահել, այլեւ` շնորհակալական խոսքերի արժանացել:
«Բոլորն իրենց պարտքն էին համարում մոտենալ ինձ եւ «շնորհակալություն»
ասել»,- ասում է Սուրեն Տեր-Գրիգորյանը: