«Բա ի՞նչ անեմ, գնամ ճակատնե՞րը պաչեմ»

09/09/2010

Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջերս խիստ լարվել են ԱԺ պատգամավորներ Շիրակ Թորոսյանի եւ Տաճատ Վարդապետյանի հարաբերությունները: Նույն աղբյուրների հավաստմամբ, ծնունդով ջավախքցի այս պատգամավորները երբեք էլ առանձնապես բարեհաճ չեն եղել միմյանց նկատմամբ, սակայն, վերջերս նրանց թշնամական հարաբերություններն ավելի են ընդգծվել: Նույնիսկ այնքան, որ սկսել են միմյանց չբարեւել:

Նշենք, որ Շ. Թորոսյանը «Ջավախք» հայրենակցական միության նախագահն է, իսկ Տ. Վարդապետյանը` «Ջավախահայերի միասնություն» հ/կ-ի համանախագահը: Հենց այս հողի վրա էլ սկսվել են նրանց տարաձայնությունները: Հայտնի է, որ «Ջավախահայերի միասնություն» հ/կ-ին ֆինանսավորում է ռուսաստանաբնակ գործարար, դարձյալ ծնունդով ջավախքցի Նորայր Թեւանյանը: Տեղեկացանք նաեւ, որ վերջերս կազմակերպված մի միջոցառման ժամանակ, որպես վիրահայեր, 2 պատգամավորներն էլ հրավիրված են եղել: Սակայն, տեղեկանալով, որ միջոցառմանը մասնակցելու է նաեւ Տ. Վարդապետյանը, Շ. Թորոսյանը հրավերը չի ընդունել: Փորձեցինք պարոն Թորոսյանից պարզել, թե որքանով են հավաստի այս տեղեկությունները: Հարցը Շ. Թորոսյանին, չգիտես ինչու, շատ զայրացրեց: Կարճ զրույցից, այնուամենայնիվ, ակնհայտ է տարաձայնությունների «թեման»:

«Դուք ասում եք «Ճ» կլասի բաներ, թե պատի տակի ճստոյի պստոն իմ մասին ինչ ա ասել»,- ասաց Շ. Թորոսյանը: Այնուհետեւ հավելեց. «Ես իմ գործառույթներն եմ անում, իսկ իմ գործառույթները ջավախահայերի շահերի պաշտպանությունն է, ով այդ շահերի պաշտպանության մեջ սխալ պահվածք ունի, ես բոլորին էլ քննադատում եմ, ով ուզում ա դա լինի` սկսած Միխայիլ Սահակաշվիլիից, վերջացրած` ամենափոքր կամ ամենամեծ մարդով: Ես բարձրաձայնում եմ, որ Ջավախքում լիքը խնդիրներ կան, որ պետք է լուծվեն, իսկ ուրիշները կանգնում-ասում են, թե ոչ մի խնդիր էլ չկա, ամեն ինչ էլ նորմալ է: Լավ էլի, ախպոր պես, թարգեք, չե՞ք տեսնում` ով` ինչ գործողություն ա կատարում, ում ձայնն ա ավելի լսելի, հարաբերությունների լավն ու վատն էլ միայն պայմանավորված է Ջավախքի հանդեպ վարած քաղաքականությամբ: Ես որեւէ մեկի հետ էս աշխարհում, առավել եւս՝ Ազգային ժողովում, անձնական խնդիր չունեմ, չեմ էլ կարող ունենալ, որովհետեւ թքած ունեմ, թե ով ինչ ձեւով է ապրում ու ինչ է շնչում»:

– Պարոն Թորոսյան, բայց ես չասացի, որ ձեր տարաձայնությունները անձնական բնույթի են:

– Բա ի՞նչ եք հեքիաթ պատմում, ի՞նչ կապ ունի` խոսո՞ւմ ենք իրար հետ, թե՞ չենք խոսում:

– Կարծում եք՝ կապ չունի՞, թե Հայաստանում ջավախահայերի խնդիրներով զբաղվող 2 հասարակական կազմակերպություններն ինչ հարաբերությունների մեջ են` գոնե համագործակցության առումով:

– Ձեր ի՞նչ գործն է` ի՞նչ հարաբերություն ունենք: Ես ասում եմ, ես քննադատում եմ բոլոր նրանց, ովքեր ջավախքյան հարթության վրա իրենց սխալ են պահում: Ես ասո՞ւմ եմ, թե դու քո կողքի լրագրողի հետ խոսո՞ւմ ես, չե՞ս խոսում, ջե՞րմ ես, թե՞ ջերմ չես, կամ ինչ հարաբերություններ ունես:

– Ես ընդամենը լրագրող եմ, իսկ դուք՝ ընտրված պատգամավոր, տարբերություն չե՞ք տեսնում:

– Հետո՞ ինչ: Բոլորս էլ մարդ ենք, լրագրողներն էլ պակաս կենտրոնում չեն հասարակության: Ի՞նչ ա եղել որ:

– Այսինքն` Ձեզ համար պատգամավորի եւ լրագրողի հասարակական դիրքը նո՞ւյնն է:

– Ես ասում եմ, որ ցանկացած մարդու հետ կարող եմ վատ հարաբերություն ունենալ կամ քննադատել, երբ քաղաքական դաշտում ինձ հետաքրքրող, տվյալ դեպքում՝ ջավախքահայության խնդիրների պաշտպանության ոլորտում, սխալ են պահում իրենց, չեն ելնում ջավախքահայերի տեսանկյունից, այլ ելնում են այլ, այլ, այլ տեսանկյուններից: Այս դեպքում ես բոլորին եմ քննադատում: Ես ընդամենը մի բան գիտեմ, որ Ջավախքում բանտ էին կառուցում, պետք էր թույլ չտալ: Ես պայքարել եմ, որ այն չկառուցվի, իսկ ուրիշները պայքարում էին, որ կառուցվի, որ փորները լցնեն, որ փող աշխատեն էդ կառույցից: Երբ որ հիմա Ջավախքում հայերենի դասաժամերը կտրուկ կրճատվել են, դրա մասին միայն ես եմ խոսել, կրթության նախարարին խնդրել եմ, որ այդ հարցը բարձրացվի Վրաստանի կրթության նախարարի առջեւ, ինչը եւ արվել է: Երբ որ Ջավախքի հայոց լեզվի եւ պատմության առավել աչքի ընկնող եւ ազգային նկարագրի տեր ուսուցիչներին հեռացրին աշխատանքից, դրա մասին էլի ես եմ խոսել, իսկ ուրիշները սկսում էին կոծկել, թե` լա՛վ, մի քանի հոգի ազատել են, ոչինչ: Կամ ասում էին` տենց բան չկա: Որ մեկն ասեմ, որը` թողնեմ: Ես ընդհանրապես որեւէ մեկի հետ կարիք չունեմ շփվելու, եթե գաղափարակիցներ չենք: Եթե ես ասում եմ՝ անտեղի են դատել Վահագն Չախալյանին, իրենք ասում են` տեղին են դատել, ես ասում եմ՝ քաղաքական անտեղի բռնություններ ու հետապնդումներ կան, իրենք ասում են` բա չանե՞ն: Բա ես էդ դեպքում ի՞նչ անեմ, գնամ ճակատնե՞րը պաչեմ: Ես սաղ կյանքս գաղափարի համար ապրած մարդ եմ, ես ոչ մի հատ բիզնես չունեմ, ոչ մի հատ բիզնես եմ հովանավորում, ոչ էլ սրան-նրան կռիշ եմ կանգնում, խաբում ու քցում: Էլի եմ ասում, ես խնդիր եմ ունենում, երբ որ ջավախքահայության իրավունքների պաշտպանության դաշտում մարդիկ իրենց վատ են պահում, համագործակցում են վրաց իշխանության հետ, կամ իրենց անձնական շահերից ելնելով` հայտարարում են, որ Ջավախքում խնդիրներ չկան: Չի կարելի անձնական շահերից ելնելով կամ այլ դրդապատճառներով կոծկել առկա հիմնախնդիրները: Ես արտառոց հարաբերություններ ոչ մեկի հետ էլ չունեմ: Ով էդ դաշտում իրան վատ պահեց՝ կթքեմ, կմրեմ: Վերջացավ:

Ա. ՄԱՆԱՍՅԱՆ