Ոխերիմ բարեկամներ

09/09/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

«Չկան մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, կան միայն մշտական շահեր»,- հայտարարեց (ավելի ճիշտ` կրկնեց) Հայաստանն անկախանալիս: Հայտարարեց ու սկսեց հեռու ու մոտ դրացիների հետ հարաբերություններ հաստատել: Ճիշտ այդ պահից ամենատարօրինակ հարաբերությունները հաստատվեցին Ռուսաստանի հետ: Բոլոր հարմար առիթներին մեր իշխանություններն ու մտավորականության մի մասը Ռուսաստանին հիշեցնում էր (եւ է) պատմական արմատներ ունեցող բարեկամության մասին: Իսկ ռուսական իշխանությունները, հակառակը, մեզ հիշեցնում են մեր «ֆորպոստային» կարգավիճակը: Ինչ ասես` չտեսանք հայ-ռուսական բարեկամության շրջանակներում: Հատկապես վերջին` 10-15 տարվա մեջ: Հենց Ռուսաստանը տնտեսապես մի փոքր շտկվեց՝ պահանջեց վճարել բոլոր պարտամուրհակները: «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրն այդ պահանջներից վատթարագույնը չէր: Բարեկամության քողի տակ ռուսաստանյան ընկերությունների սեփականությունը դարձավ մեր երկրի էներգահամակարգը համարյա ամբողջությամբ: Էներգետիկ ճգնաժամը հաղթահարելուց հետո մեր իշխանությունները հասկացել էին, որ ռուսաստանյան գազամուղին այլընտրանք է պետք գտնել: 1997-ին բանակցություններ սկսվեցին Իրանի հետ: Բայց մեր եղբայրական երկիրը կրկին հիշեցրեց, որ ինքը եղբայրներից ավագն է: Հիշեցրեց ու պարտադրեց Հայաստան-Իրան գազատարը նախագծվածից երկու անգամ փոքր տրամաչափ ունեցող խողովակներով կառուցել: Այդ պահից, հավանաբար, իրանական կողմը հասկացավ, որ մեր էներգետիկ անվտանգության ու համակարգի տերը մենք չենք: Հասկացավ ու կորցրեց հետաքրքրությունը էներգետիկայի ոլորտում համագործակցության նկատմամբ՝ ընդհանրապես ու գազատարի հանդեպ՝ մասնավորապես: Ճիշտ այդ տարիներին համաշխարհային շուկայում էներգետիկ ճգնաժամի պես մի բան էր: Մեկ-երկու տարում համարյա կրկնակի ավելացան նավթի ու գազի գները: 2006-7թթ. ցուրտ ձմեռներին Ռուսաստանն արդեն երազում էր Արեւմտյան Եվրոպայի երկրներին գազ վաճառել հազար խորանարդ մետրը 500 դոլարով: Եղբայրական Հայաստանն իր փոքրիկ շուկայով երեք ագամ ավելի քիչ էր վճարում, քան Եվրոպան: Բայց հետո տնտեսական ճգնաժամ սկսվեց, ու նավթի գինը կրկնակի ընկավ: Գազի գինը` մոտ 40 տոկոսով: Հայրական նկրտումները վերականգնած ռուսաստանյան իշխանությունների համար դա լուրջ հարված էր: Հայաստանն առաջին տուժողների շարքում էր: «Եղբայրական» Հայաստան մատակարարվող գազը ռուսաստանյան ընկերությունները համարյա կրկնակի թանկացրեցին: Հիմա, երբ արդեն պարզվեց, որ երազած 400-500 դոլարի փոխարեն եվրոպական երկրները ռուսաստանյան գազը մերմուծում են 310 դոլարով, պատկերը կտրուկ փոխվեց: Ավագ «եղբայրը» այս օրերին հայտարարեց, որ ձմռանը վերանայելու է Հայաստան մատակարարվող գազի գինը: «ՀայՌուսգազարդն» առայժմ այս հայտարարությունը չի մեկնաբանել: «ՀայՌուսգազարդը» սովորաբար սիրում է խոսել մեր ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, պարբերաբար չմոռանալով նշել, որ մենք գազ ստանում ենք եվրոպականից ցածր գներով: Համարյա խորհրդային` այսինքն՝ տնտեսապես անարդյունավետ կառավարում ունեցող այս ընկերությունը հենց այդ ցածր գներով է բացատրում իր համեստ եկամուտները: (Բա հո սեփական աչքի գերա՞նը չեն տեսնելու): Մեր խանությունները եւս առայժմ ծպտուն չեն հանել հնարավոր թանկացման մասին: Ռուսաստանյան ընկերության խորհրդային գործելաոճը այս անգամ էլ լիովին բավարարում է մեր իշխանավորներին: Խորհրդային Միությունում էլ թանկացումներից ամիսներ առաջ այդ մասին լուրջ գցվում էր հասարակության ականջը: Հասարակությունը զայրանում ու քննարկում էր: Քննարկում ու համակերպվում էր: Համակերպվում ու հաշտվում էր թանկացման մտքի հետ թանկացումներից առաջ: Այս բանաձեւով սույն հոդվածն էլ, հարկավ, կարելի է համարել հասարակական կարծիքը մշակելու ու հասարակությանը համակերպելու փորձ: Միեւնույն է` գազը թանկանալու է: Եթե հասարակությունն ընդվզի` ձմռանը չի թանկանա, այլ գարնան սկզբին: Իշխանություններն այն կմատուցեն՝ որպես իրենց տիտանական աշխատանքի արդյունք: Բայց սկզբունքորեն ոչինչ չի փոխվի: Ոչ ոք հասարակությանը բացատրություն չի տա, թե ինչո՞ւ իշխանությունները (ի տարբերություն արեւմտաեվրոպական երկրների իշխանությունների) այլընտրանքային ուղիներ չեն փնտրում: Չեն բացատրի նաեւ, թե որքա՞ն գումար ծախսվեց իրանական գազատարի կառուցման համար: Ինչո՞ւ այդ գազատարը չի շահագործվում: Շատ ավելի հեշտ է համակերպվել ոխերիմ բարեկամի տնտեսական (ու քաղաքական) քմահաճ բարքի հետ, քան հակադրվել: Ընդունեք, որ շատ հետաքրքիր զուգադիպություն էր: Ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելու պայմանագրի վրա դեռ ստորագրությունները չեն չորացել: Դեռ չեն լռել մեր միջին ու պուճուր քաղաքականամերձ գործիչների այդ համաձայնագիրը գովերգող խրոխտ ճառերի արձագանքները հեռուստաեթերում ու դահլիճներում: Իսկ ռուսական ընկերությունն արդեն հայտարարել է գազի թանկացման հեռանկարի մասին: Ընդունեք, որ այսքանից հետո դժվար է պնդելը, թե` «Չկան մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, կան միայն մշտական շահեր»: Որովհետեւ կա հաստատ ընդամենը մի բան` մեր ոխերիմ բարեկամի շահը: Մեր բյուջեի հաշվին պահվող ռազմաբազաների ու օրեցօր աճող սակագների տեսքով: