Ռեստորան՝ պատմական բլրի վրա՞

09/09/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օրեր առաջ մեր խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի, եւ իր մտահոգությունը հայտնեց պատմական Արտաշատի բլուրներից մեկի ճակատագրի մասին: Ըստ նրա՝ հայրենի օլիգարխներից մեկը պատրաստվում է ռեստորան կառուցել այդ բլուրներից մեկի վրա:

Իրավիճակը պարզելու համար գնացինք Խոր Վիրապ, որի տարածքում են գտնվում այն պատմական բլուրները, որտեղ նախկինում եղել էր հին Արտաշատը, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի մայրաքաղաքներից մեկը, որը հիմնվել է մ.թ.ա. 2-րդ դարում եւ գոյություն է ունեցել մինչեւ 5-րդ դարը: Հին Արտաշատը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Երասխ եւ Մեծամոր գետերի հին հուների միախառնման տեղում, Խոր Վիրապի բլուրների շրջակայքում: «Ո՞նց թե ուզում են ռեստորան սարքել: Ո՞վ»,- զարմացած ասացին Խոր Վիրապի բնակիչները՝ շարունակելով թղթախաղը։ «Քույրիկ ջան, մենք իսկի չգիտենք էլ, թե էդտեղ քանի բլուր կա: Հեն ա, դուք լավ էլ տեղյակ եք»,- իմիջիայլոց նշեցին նրանք: «Մի բան իմանաք՝ մեզ էլ ասեք»,- անզուսպ ծիծաղով հավելեցին նրանք: Հարցին` եթե փորձեն կառուցել, իրենք ի՞նչ կանեն, զրուցակիցներս պատասխանեցին. «Ո՞վ կարա` ի՞նչ անի: Հա, ենթադրենք, բողոքելու ենք, դժգոհելու ենք, բայց դրանից ի՞նչ օգուտ, այ քուրիկ ջան, որ կառուցեն, ինձ ու քեզ չեն նայելու: Ի՞նչ պատմական արժեք, ի՞նչ մշակույթ»,- ասաց գյուղի տարեցներից մեկը: «Ուրիշ հարցե՞ր..»,- առանձնահատուկ ինքնավստահությամբ ասացին գյուղացիները, ովքեր մեր զրույցի ընթացքում անգամ չընդհատեցին իրենց թղթախաղը: «Ախր, ի՞նչ վատ կլինի, որ կառուցեն: Թող գան, էստեղ ռեստորան բացեն, մենք էլ գնանք հաց ուտենք: Ի՞նչ վատ ա, հը՞: Էս ամենահարմար վայրն ա»,- ասաց Խոր Վիրապ եկեղեցու հարեւանությամբ կանգնած երիտասարդ խորվիրապցիներից մեկը: «Հետո մի լավ էլ երաժշտություն կմիացնեն, կլսենք, կպարենք»,- ընդգծեց զրուցակիցս: «Ու ասենք, Սպիտակցի Հայկոն էլ երգի՞, չէ՞»,- հարցրի ես: «Վա՜յ, էդ լրիվ ուրիշ բան կլինի: Դե տեսնում եք՝ ի՞նչ վատ բան կլինի»,- երգչի անունը լսելով՝ ինքնամոռացության մեջ ընկավ երիտասարդ խորվիրապցին` զարմանալով, թե մարդիկ ի՞նչ են «կպել» պատմական բլուրներից, եւ անընդհատ թմբկահարում են` պատմական է, հնագույն մշակույթ է: Նրա կարծիքով՝ ժամանակն է ուտել-խմելու, պատմական կամ «մեռած» տեղերը «կենդանի վայրի վերածելու»: «Արեւը խփել է գլխին: Չգիտի, թե ի՞նչ ա խոսում»,- զրույցին միջամտեցին հարեւան խորվիրապցիները: «Մի քանի տարի առաջ ուզում էին էստեղ մեծ համալիր սարքեին, Նոյան տապանը դնեին, թանգարան բացեին, բայց, ինչքան գիտենք, Մշակույթի նախարարությունը էդ նախագիծը մերժել ա: Երեւի դուք դրա հետ եք: Մենք ուրիշ ռեստորանի մասին չենք լսել»,- միահամուռ ասացին նրանք՝ փորձելով իրար հարցուփորձ անել, թե արդյո՞ք հնարավոր է պատմական բլուրը դարձնել ռեստորան: Սակայն տեղի վաճառողները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք լսել էին ռեստորան բացելու ծրագրի մասին: «Ճիշտն ասած, էդ ձեւի խոսակցություն արդեն մի տարի ա կա: Ասում են՝ ա՜յ էն բլրի վրա ուզում են ռեստորան կառուցել»,- ասաց վաճառողներից Գառնիկը: Հարցին, թե ո՞ւմ հովանավորչությամբ է կառուցվելու «ռեստորան-ուխտատեղին», նա պատասխանեց, որ այդ մասին տեղյակ չէ:

«Ո՞վ ա ուզում ռեստորան սարքի: Մենք տեղյակ չենք: Ես արդեն 30 տարի ա` էստեղ եմ աշխատում, որից 16 տարի ա՝ սարկավագ եմ, էդպիսի բան չեմ լսել: Մենք խաբար չենք: Կարող ա դուք գիտեք, մենք չգիտենք»,- նշեց եկեղեցու մոմավաճառը: Հետաքրքիրն այն էր, որ այս մարզի բնակիչները խիստ զգուշավոր էին խոսում նույնիսկ իրենց սոցիալական խնդիրների մասին: Իսկ այն մարդկանց, ովքեր «համարձակություն» էին ունենում խոսել հնարավոր ռեստորանի կառուցման հետ կապված շրջանառվող լուրի մասին, մյուսները հայացքներով սաստում էին: