«Ուրախ կլինեմ մի ֆիլմ անել, որը կպատմի Հայաստանի ինչ-որ ժամանակի մասին»,- ասում է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն

09/09/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Ես երբեք չեմ սիրում այն դերերը, որոնք խաղում եմ: Ես դրանք սիրում եմ միայն խաղալուց հետո»,- եվրոպական հանդեսներից մեկի հարցազրույց ժամանակ ասել էր ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն (Geգrard Depardieu): Դեպարդիեն ծնվել է Ֆրանսիայի կենտրոնում գտնվող գավառական համայնքներից մեկում` 1948թ.: 16 տարեկանում տեղափոխվել է Փարիզ, որն էլ աշխարհահռչակ դերասանի համար ճակատագրական փաստ դարձավ: Տարիներ անց Դեպարդիեն կարոտով է հիշում փարիզցիների մոտ իր գավառական ու վայրենի լինելը: Ասում է` ինքը մի տեսակ վայրենի էր թվում փարիզցիների մոտ, ովքեր շատ հաճախ անզուսպ ծիծաղով էին մոտենում Դեպարդեի խոսելաոճին: «Եվ սկսեցի ուշադիր հետեւել նրանց բերաններին, ու բերանս ծամածռել այնպես, ինչպես նրանք էին անում»,- հիշում է աշխարհահռչակ դերասանը, ով նկարահանվել է շուրջ 170 ֆիլմերում: «Ես համարյա մոտ եմ ֆիլմերում նկարահանվելու դադարին: Ես մեկն եմ, որը հեռանում է: Եվ ես սա ասում եմ շատ սթափ: Ես ոչինչ չունեմ այլեւս կորցնելու: Նկարահանվել եմ 170 ֆիլմերում եւ ապացուցելու որեւէ բան չունեմ»,- ամսագրերից մեկին ասել էր Դեպարդիեն, ով երազում է մի ֆիլմ նկարահանել, որը կպատմի մի տղայի մասին, ում բարձրացնում է հասարակությունը: «Այս նախագիծը ես շատ վաղուց եմ ունեցել»,- հավելել է նա: Դեպարդիեն տանել չի կարողանում հոլիվուդյան ֆիլմերը: Ըստ նրա՝ հոլիվուդյան լավագույն ֆիլմերը ծնվել են մինչ 1950-ական թվականները: «Ամենալավ բաները գալիս են Եվրոպայից: Մենք բոլորս այստեղ տաղանդ ունենք, բայցեւ կարիք ունենք ամերիկյան փողի»,- նշել է դերասանը: «Տղամարդու համար 60 տարին երիտասարդություն է: Այնպես որ, ես դեռ շարունակում եմ մնալ «վատ» տղա: Ես ուզում եմ, որպեսզի ինձ հիշեն ոչ թե որպես դերասանի, այլ` մարդու, ով շատ է սիրել կյանքը»,- ռուսական թերթերից մեկին էլ ասել էր Ժ. Դեպարդիեն: «Ավելի լավ է ես իմ ժամանակի մեծ մասն անցկացնեմ խաղողի այգիներում, քան` դերասանների հետ: Ֆիլմարտադրության մեջ ամբողջ գումարը կենտրոնանում է հեռուստատեսության եւ ամերիկյան հիմար ֆիլմերի վրա: Շատ քիչ հեղինակային ֆիլմեր կան, որոնք պատրաստվել են մարդկանց կողմից, ինչպիսիք են` Կեն Լոուչը կամ Կլաուդե Կաբրոլը: Կինոն մահ է: Այն ավարտվել է: Ո՞վ է գնում կինո նայելու հիմա: Երեխաները, մարդիկ, ովքեր 30 տարեկան են, եւ ավելի շատ նախընտրում են հեռուստացույցի առջեւ նստել»,- ֆիլմարտադրության մասին իր դիտարկումներն էր արել Դեպարդիեն: Չնայած այս համոզմունքին, նա շարունակում է նկարահանվել ֆիլմերում եւ մնալ համաշխարհային կինոարվեստի մեծ պահանջարկ ունեցող դերասաններից մեկը:

Գազա՞ր, թե՞ կարոտ

Ժերար Դեպարդիեն օրեր առաջ Հայաստանում էր: Սկզբունքորեն նրան հրավիրել էին մշակութային միջոցառման` «Կարոտ» փառատոնին մասնակցելու, որի մասին մինչ այդ Հայաստանում գաղափար անգամ չկար: Սակայն նրա այցելությունը շատ արագ ստացավ քաղաքական այնպիսի երանգավորում, որ թվում էր, թե Հայաստան է այցելել ոչ թե աշխարհահռչակ դերասան, այլ՝ քաղաքական ազդեցիկ կերպար, ում մեր երկրի իշխանություններն ուզում էին «քսմսվել»՝ ցույց տալու համար իրենց հյուրամեծար, եւ ինչու չէ, արվեստասեր լինելը, իսկ, ավելի ճիշտ, ամբողջ աշխարհին ցույց տալու համար աշխարհահռչակ դերասանի հետ չեղած «ախպերությունը»: Այնուհանդերձ, Դեպարդիեի այցն այնքան քաղաքականացվեց, որ նրա եւ լրագրողների հետ հանդիպումը կազմակերպվեց Ազգային ժողովի շենքում: Իսկ լրագրողներն էլ ասուլիսին մասնակցելու համար պետք է նախապես «հայտ» ներկայացնեին: «Ես Մոսկվայից եկել եմ հատուկ այս ասուլիսին մասնակցելու համար»,- ԱԺ-ի անցակետում նյարդայնացած նշեց ռուս լրագրողը, ում ջղային վիճակի նկատմամբ ծայրաստիճան անտարբեր էին մեր ոստիկանները: Մինչ ռուս լրագրողը ցայտնոտի մեջ այս ու այն կողմ էր գնում, ԱԺ- ընդարձակ սենյակում հարմարավետ տեղավորվել էին հայ լրագրողները, ովքեր փորձում էին միմյանցից «ճշտել», թե «Կարոտը» ի՞նչ փառատոն է` ֆի՞լմ են ցուցադրում, ներկայացում, երգ, պար` ի՞նչ: Ամենացնցողը լրագրողներից մեկի դիտարկումն էր`«Ամեն տարի մեկին մրցանակ են տալիս, կամ էլ հրավիրում են, որ էդ հյուրը տա: Հիմա տեսնենք` Դեպարդիե՞ն ա տալու, թե՞ Դեպարդիեին են տալու..»:

Ձեռնափայտով հսկան

Ազգային ժողովի ընդարձակ սրահ մտավ հաղթանդամ դերասանը` ձեռնափայտի օգնությամբ մոտենալով սեղանին: Տեսարանը բավական հուզիչ էր, հատկապես, երբ հիշում ես նրա դերերը: «Ես երջանիկ եմ, որ ինձ հրավիրել են այս բազմամշակութային փառատոնին մի այնպիսի երկիր, որի մասին ես երկար տարիներ գիտեմ: Ֆրանսիայում ես ծանոթ եմ բազմաթիվ հայերի, գիտեմ` ինչու են այդ հայերն այնտեղ գտնվում: Ես ծանոթ եմ այդ հայերի չորրորդ սերնդին, ովքեր խոսում են այն լեզվով, որն իրենց երկրի լեզուն է, եւ այն լեզվով, որն իրենց հովանի տված երկրի լեզուն է»,- ասաց Ժերար Դեպարդիեն: Ըստ նրա` զարմանալի եւ միաժամանակ ուրախալի է այն, որ այլ երկրում գտնվելով, մարդիկ չեն կորցրել ոչ իրենց լեզուն, ոչ ավանդույթները: «Գուցե այն պատճառով, որ նրանք գտնվում են իրենց նախնիների նախկին ստվերների հետ»,- ընդգծեց աշխարհահռչակ դերասանը: «Հատկապես պետք է ասեմ նաեւ, որ կանայք շատ գեղեցիկ են Հայաստանում»,- ժպտալով շարունակեց նա, ով ասուլիսից առաջ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այն հարցին, թե նա երբեւէ Ցեղասպանությունից փրկված հայի կերպար կկերտի՞, դերասանը պատասխանեց. «Ես հենց դրա համար եմ այստեղ, որովհետեւ գիտեմ, որ Հայաստանը միտված է դեպի ապագա: Իմ նպատակն է ներկայացնել այնպիսի Հայաստան, որը շատ արագ տեմպերով գնում է դեպի ապագա` առանց մոռանալու նախկին վերքերը»: Քիչ անց աշխարհահռչակ դերասանը մեկնաբանեց նաեւ «կարոտ» բառը, որ ֆրանսերենով նշանակում է` գազար:

Դերասանն իր ամենասիրելի դերերից համարեց Սիրանո դե Բերժերակի դերը, եւ ընդհանրապես առանձնացրեց դասական գրականության հերոսներից: «Բացի դասականից, հետաքրքիր կլինի անդրադառնալ նաեւ բանահյուսությանը: Կարծում եմ՝ այսօր հեռուստատեսությունն այն լուսամուտն է, որ կա բոլոր տներում, եւ ուրեմն` մենք մեր խոսքը կարող ենք ուղղել այդ միջոցներով»,- ասաց դերասանը, ում հարցրեցին նաեւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մասին: Դերասանի կարծիքով` Թուրքիան արդեն սկսել է այդ գործընթացը, եւ այսօր մի շարք երկրներ նման հարցադրում դրել են Թուրքիայի առջեւ: «Ինձ համար մշակույթն ավելի մեծ դեր ունի, քան` քաղաքականությունը: Քաղաքականությունը հետաքրքրությունների, շահերի հավասարակշռում է, իսկ մշակույթը` ազատություն է, մարդու արմատների ազատությունն է: Պետք է մարդկանց սովորեցնել, որ իրենք տարբեր են, եւ պետք չէ վախենալ այդ տարբերություններից»,- նշեց Դեպարդիեն: «Ես համոզված եմ, որ Հայաստանն ունի կինեմատոգրաֆիա: Իմ վերջին ֆիլմը ես նկարահանել եմ Ղազախստանում: Ղազախստանը մի երկիր է, որը 7 անգամ մեծ է Ֆրանսիայից, բայց դա նախկին ձիավորների երկիր էր: Նրանք չունեն հող: Վրաններ են դնում, որտեղ հարմար է: 17 միլիոն բնակչություն կա այնտեղ: Ես նկարահանել եմ այդ ֆիլմը քոչվորների հետ: Շուտով այն կցուցադրվի Ալմաթիում»,- նկատեց ֆրանսիացի դերասանը: «Սիրո պատմություններն աշխարհում նույնն են: Ես չեմ հասկանում, թե որտեղ են հայի դժվարություններն ու պահանջները: Ինձ համար յուրաքանչյուր պատմություն լավն է: Ուրախ կլինեմ մի ֆիլմ անել, որը կպատմի Հայաստանի ինչ-որ ժամանակի մասին: Եվ այն կնկարահանեմ ֆրանսահայերի հետ: Պատկերացրեք մի հայ, ով չի տեսել Հայաստանը, եւ Հայաստանը պատկերացնում է այնպես, ինչպես նրան պատմել են նրա նախահայրերը: Իսկ ի՞նչ են պատմել նրան` Ցեղասպանության մասին»,- ասաց Դեպարդիեն, ով առանձնակի սեր ունի գինեգործության նկատմամբ: «Ես ամենափոքր բանով կարող եմ երջանկանալ այս աշխարհում, բայց չեմ սիրում, երբ գավաթս կիսատ է լինում»,- մի անգամ ասել էր Դեպարդիեն, ում` Հայաստան գալ-գնալը, ցավոք, այդպես էլ մնաց խիստ պաշտոնական քողի տակ: