Անսպասելի ձախողում
Մոլդովայի իշխող կոալիցիան՝ Եվրոպական Ինտեգրացիայի Դաշինքը (ԵԻԴ), անակնկալի եկավ սեպտեմբերի 5-ին կայացած սահմանադրական հանրաքվեի ձախողումից։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Յուրի Չոկանը սեպտեմբերի 6-ին հայտարարեց, որ Մոլդովայի ընտրողների միայն 29.6%-ն է մասնակցել հանրաքվեին։ Այսպիսով, ԵԻԴ-ի կողմից երկար սպասված հանրաքվեն փլուզվեց, քանի որ դրա արդյունքները վավեր ճանաչելու համար պետք է արձանագրվեր նվազագույնը 33.33% մասնակցություն։ Չորս կուսակցություններից կազմված ռեֆորմիստական կոալիցիան Սահմանադրությունը փոփոխելու նախաձեռնությունը առաջ էր քաշել մարտին՝ առաջարկելով փոխել մի շարք հոդվածներ, այդ թվում՝ 78-րդ հոդվածը։ Դա նշանակում է, որ ներկայումս գործող կարգի փոխարեն, երբ երկրի նախագահին ընտրում է խորհրդարանը, պետք է կազմակերպվեին համապետական ընտրություններ։ Սահմանադրությունը փոխելու հիմնական շարժառիթը քաղաքական դիմակայությունն է երկրի խորհրդարանում. 101 պատգամավորներից 53-ը ԵԻԴ անդամներ են, իսկ 45-ը՝ ընդդիմադիր կոմունիստներ։ Չնայած 2009թ. հունիսյան դեպքերից հետո նշանակված արտահերթ ընտրություններում ԵԻԴ-ը հաղթանակ տարավ, սակայն նորընտիր խորհրդարանն արդեն երկու անգամ ձախողել է նախագահի ընտրությունը՝ 2009թ. նոյեմբերի 10-ին եւ դեկտեմբերի 7-ին։ ԵԻԴ-ն չի կարողանում ապահովել անհրաժեշտ ձայների 2/3-ը (կամ՝ 61 ձայն)՝ սեփական թեկնածուին՝ Մարիան Լուպուին ընտրելու համար։ Պատճառն այն է, որ 8 տարի իշխանության ղեկին գտնվող հզոր կոմունիստական կուսակցությունը որոշեց բոյկոտել նախագահական ընտրությունները՝ խորհրդարանը կազմաքանդելու նպատակով։ Կոմունիստների պլանն աշխատեց. երկրի նախագահի ընտրությունները երկու անգամ հաջորդաբար ձախողվելու դեպքում Սահմանադրությունը պահանջում է լուծարել խորհրդարանը եւ նշանակել նոր ընտրություններ։ ԵԻԴ-ի սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը տակտիկական քայլ էր արտահերթ ընտրություններից խուսափելու համար, որը Մոլդովայի սահմանադրական դատարանի որոշմամբ պետք է տեղի ունենար հունիսի 1-ից ոչ շատ ուշ։ Ռեֆորմիստները կարծում էին, որ վերացնելով խորհրդարանում ձեւավորված պատային իրավիճակի պատճառը, կվերանա նաեւ այն լուծարելու անհրաժեշտությունը։ Իսկ նոր խորհրդարանական ընտրությունները կոմունիստներին հնարավորություն կտային եւս մեկ անգամ պայքարել իշխանության համար։ Եվ զարմանալի չէ, որ կոմունիստներն անմիջապես կոչ արեցին բոյկոտել հանրաքվեն՝ վստահ լինելով, որ արտահերթ ընտրություններում հաղթանակ կտանեն։ Դատելով հանրաքվեի արդյունքներից՝ կոմունիստների ծրագիրն աշխատեց։ Վերջնական պաշտոնական տվյալները կհրապարակվեն մի քանի օրից, երբ ԿԸՀ-ն կամփոփի նաեւ արտասահմանյան ընտրատեղամասերի արդյունքները։ Հանձնաժողովի անդամներից մի քանիսը պնդում են, որ հանրաքվեին իրականում մասնակցել է ընտրողների 21%-ը, մինչդեռ Չոկանի խոսքերով՝ այդ թիվը 29%-ից փոքր-ինչ բարձր է։ Ամենաակտիվը եղել են Քիշնեւի ընտրողները, որտեղ մասնակցությունը կազմել է 30.7%։ Թեպետ հանրաքվեի վավերականության համար չի բավականացնում ընդամենը 3%, սակայն դժվար թե պատկերը արմատապես փոխվի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Ռեֆորմիստ վարչապետ Վլադ Ֆիլատը արդեն ընդունել է պարտությունը՝ ԶԼՄ-ներին ասելով, որ հանրաքվեի ձախողումը շատ վատ էր, սակայն ավելացրել է, որ դրանից ողբերգություն սարքելու որեւէ պատճառ չկա։ Այժմ նա պետք է հրահանգ տա անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ մինչեւ 2010թ. նոյեմբերը, այս պահին դա արդեն անխուսափելի է։
Լուռ ընտրողների նախազգուշացումը
Մոլդովացի ընտրողների կողմից ընտրական տեղամասեր չայցելելը հստակ նախազգուշացում է ԵԻԴ-ին։ Իշխող բլոկը կազմված է նախորդ տարվա իրադարձությունների առանցքային դերակատարներից՝ Մոլդովայի դեմոկրատական կուսակցություն, Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն, Մոլդովայի լիբերալ կուսակցություն եւ «Մեր Մոլդովան» դաշինք։ Արտահերթ ընտրությունների շեմին իշխող դաշինքին լուրջ փորձություն է սպասում, թե կկարողանա՞ արդյոք արժանանալ ընտրողների մեծամասնության աջակցությանը (ինչպես եղավ 2009թ. հունիսին) եւ կրկին հաղթանակ տանել կոմունիստների նկատմամբ։ ԵԻԴ-ի առաջնորդները փորձում են արդարացնել սահմանադրական փոփոխությունների ձախողումը։ Ֆիլատը եւ նախագահի պաշտոնակատար Միհայ Գիմպուն մեղադրում են կոմունիստներին, որ նրանք ձախողեցին հանրաքվեն՝ խուճապային իրավիճակ ստեղծելու միջոցով։ Սրա մեջ ճշմարտություն կա, բայց մյուս կողմից, կոալիցան ընդունում է, որ չկարողացավ հստակ բացատրել ընտրողներին, թե նրանց քվեն ինչքան կարեւոր է։ Ընտրազանգվածի անտարբերությունը կարելի է բացատրել երկու գլխավոր պատճառներով.
– Խառը ուղերձներ։ ԵԻԴ-ը բնակչությանն ուղղված որեւէ հստակ, հաստատուն ուղերձ չունեցավ ո՛չ նախընտրական քարոզարշավի ընթացքում, ոչ էլ իր իշխանավարման կարճատեւ շրջանում։ Փոխարենը, Լիբերալ կուսակցության անդամ Գիմպուն մշտապես քարոզում էր հակառուսական քաղաքականության իրականացման օգտին՝ խոսելով Ռումինիայի հետ պատմական միությունը վերականգնելու մասին։ 2010թ. մայիսին նա մերժեց Մոսկվայի հրավերը՝ մասնակցել հաղթանակի տոնակատարություններին, որին ներկա գտնվեցին նացիստների դեմ պայքարած մի շարք արեւմտյան երկրների ղեկավարներ։ Ավելին, Գիմպուն հայտարարեց, որ իր երկիրը գտնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրած ճամբարում, եւ առաջարկեց հունիսի 28-ը հայտարարել սովետական օկուպացիայի օր (այս նախաձեռնությունը երկրի սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական)։ Չնայած ԵԻԴ-ը հավաստիացնում էր Մոլդովայի ռուսախոս էլեկտորատին, որ որեւէ էթնիկ կամ լեզվական ձուլում չի լինի Ռումինիայի հետ, նրա անդամներից ոմանք անգամ սկսեցին առաջարկել սահմանադրական փոփոխություններով երկրի պետական լեզուն մոլդովերենից փոխել ռումիներենի։ Իհարկե, այս քայլերով հնարավոր եղավ շահել ազգայնական ճամբարի աջակցությունը, սակայն ԵԻԴ-ն իրենից վանեց ռուսախոս էլեկտորատին, որը կազմում է երկրի բնակչության մոտ կեսը։ Իսկ կոմունիստները շատ արագ օգտագործեցին կոալիցիայի ներքին հակասությունները եւ բնակչությանը զգուշացրին, որ հանրաքվեն կարող է ուժեղացնել ռումինամետ ուժերի դիրքերը։
– Թույլ առաջընթաց բարեփոխումների առումով։ Ընտրողների մի մասի աջակցությունից էլ ԵԻԴ-ը զրկվեց այն պատճառով, որ անցած մեկ տարվա ընթացքում ոչ մի զգալի փոփոխություն երկրում չի իրականացվել։ Կոռուպցիան եւ հովանավորչությունը շարունակում են տարածված մնալ պետական ծառայության համակարգում։ Փոքր եւ միջին գործարարների համար բիզնես միջավայրը դեռ բարելավվելու տեղ ունի։ Չնայած արագ եվրաինտեգրման մասին խոստումներին, Մոլդովան դեռ չի հասել որեւէ հատուկ կարգավիճակի Եվրամիության կազմում։ 2009թ. ՀՆԱ-ի 14.8% անկման պատճառով կառավարությունն այսօր ստիպված է գնալ ոչ պոպուլյար հարկաբյուջետային միջոցառումների եւ թանկացնել էներգակիրների գները։ Ինչպես եւ կարելի էր սպասել, կոմունիստներն անմիջապես օգտվեցին այդ թույլ կողմերից եւ էլեկտորատին (որտեղ թոշակառուները մեծ թիվ են կազմում) կոչ արեցին չմասնակցել ԵԻԴ-ի նախաձեռնած հանրաքվեին, քանի որ այն կհամախմբի կոալիցիան եւ ճանապարհ կհարթի թոշակները կրճատելու համար։ Սոցիալական ծախսերի կրճատման եւ ոչ բավարար բարեփոխումների պատճառով էլ սեպտեմբերի 5-ին շատ մոլդովացիներ որոշեցին չմիջամտել քաղաքականությանը։
Հեռանկարներ եւ հրամայականներ
Հանրաքվեն արթնացնող տագնապ է ԵԻԴ-ի համար, որը պետք է կարողանա մինչեւ արտահերթ ընտրությունները մոլդովական էլեկտորատի համար ձեւակերպել միասնական ուղերձ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Կոալիցիայի ղեկավար Ֆիլատը շատ ժամանակ չունի կոալիցիան կարգի բերելու համար, բայց մյուս կողմից՝ նա շտապում է եւ հակված է արտահերթ ընտրությունները անցկացնել մինչեւ նոյեմբեր։ Վարչապետի ձգտումը՝ ընտրությունները անցկացնել ձմեռվանից առաջ, պրագմատիկ հաշվարկի արդյունք է։ Աղքատության մեջ հայտնված Մոլդովային դժվարին ձմեռ է սպասվում՝ նկատի ունենալով էներգակիրների թանկացումը։ Դա նշանակում է, որ ձմռան ընթացքում կոալիցիայի վարկանիշը կիջնի։ Այնպես որ, Ֆիլատը ցանկանում է ընտրություններին մասնակցել մինչեւ դրա տեղի ունենալը։ Հարկ է նշել, որ ԵԻԴ-ը հայտնվել է դժվարին վիճակում, քանի որ ժառանգել է երկրի տնտեսությունը բավականին վատ վիճակում եւ այժմ ստիպված է գնալ ոչ պոպուլյար քայլերի։ Բացի այդ, Եվրամիության փոփոխվող առաջնահերթությունները եւ ոչ այնքան գրկաբաց վերաբերմունքը Մոլդովայի նկատմամբ կասկածի տակ են դնում իշխող բլոկի արտաքին քաղաքականության օրակարգը։ Սրանք օբյեկտիվ խոչընդոտներն են, բայց կան նաեւ սուբյեկտիվ խնդիրներ։ Դրանց շարքին կարելի է դասել ռուսախոս էլեկտորատի նկատմամբ վերաբերմունքը։ ԵԻԴ-ը պետք է աշխատի իր կողմը գրավել ռուսախոս ընտրողներին, մշակել իրական եւ կենսունակ հակակոռուպցիոն ծրագիր եւ հասնել ներքին միասնության՝ 2009թ. իր հաղթանակը ձեռքից բաց չթողնելու համար։
IHS Global Insight
Մեծ Բրիտանիա