Այժմ պատերազմը սկսվում եւ ավարտվում է ինֆորմացիոն դաշտում

09/09/2010

Աշխարհում ինֆորմացիոն գերհագեցվածություն կա, եւ հասարակության լայն շերտերի մոտ այդ ահռելի ինֆորմացիան մարսելու հետ կապված խնդիրներ են առաջանում, որը շատ հաճախ հանգեցնում է ինֆորմացիոն սթրեսի: Արդիական դարձած այդ երեւույթի մասին զրուցել ենք ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս Դավիթ Գեւորգյանի հետ:

– Ի՞նչ է ինֆորմացիոն սթրեսը:

– Առհասարակ սթրեսը որոշակի ներհոգեկան լարվածության վիճակ է, որը մարդու կենսագործունեության համար կարող է եւ՛ նպաստավոր, եւ՛ կործանիչ լինել: Ինֆորմացիոն սթրեսը` սթրեսի յուրահատուկ տեսակ է, որի պարագայում այդ ներհոգեկան լարվածությունը առաջանում է տարբեր կարգի ինֆորմացիաների, դրանց իրարամերժության, ժամանակի ընթացքում դրանց ծավալների անմարսելիության հետեւանքով:

– Ի՞նչ ախտանիշներ են հատուկ ինֆորմացիոն սթրեսին:

– Սկզբունքորեն նույն ախտանիշները, ինչ ցանկացած այլ սթրեսի դեպքում` տագնապներ, լարվածություն, գրգռվածություն, որեւէ բան չհասցնելու քրոնիկ զգացողություն, իսկ որպես ֆիզիոլոգիական դրսեւորում` անքնություն, ախորժակի կորուստ, գլխացավեր, գլխապտույտներ, թուլություն, որոշակի անլիարժեքության զգացում (չեմ կարող անել, ոչինչ չի ստացվի): Այսօր ինֆորմացիայի հասանելիության եւ հարստության դարաշրջան է, ինչն, իհարկե, բավական հեշտացրել է կյանքը, բայցեւ նոր դժվարություններ եւ խնդիրներ է առաջ քաշել: Խնդիրներից ամենամեծը` ինֆորմացիայի ահռելի քանակի հոսքի անկառավարելիությունն է, այն մարսելու ու վերաիմաստավորելու համար անհրաժեշտ ժամանակի կտրուկ նվազումը, մյուս կողմից` այսօրվա կյանքի ռիթմի արագացումը, որոշումներ կայացնելու համար մարդկանց առջեւ դրվող սեղմ ժամկետները: Մարդը պետք է այդ ինֆորմացիան շատ արագ կառավարի, պետքական ինֆորմացիան անպետքից զատի, յուրացնի, այլապես չի հաջողի, ինչն էլ իր հերթին ինքնագնահատականի, ինքնիրականացման հետ կապված եւ այլ խնդիրներ է առաջացնում: Հիմնական ախտանիշները, այնուամենայնիվ, ծավալվում են հոգեբաններին հայտնի նեւրասթենիկ սինդրոմի շրջանակներում, որը բնորոշվում է թուլությամբ, հոգնածությամբ, անքնությամբ, մտքերն անջատելու անկարողությամբ, որոշում կայացնելու եւ սխալվելու տագնապով եւ սոմատիկ դրսեւորումներով:

– Ինֆորմացիոն սթրեսը կարո՞ղ է արդյոք դրական ներգործություն ունենալ:

– Առհասարակ սթրեսը մոբիլիզացնող գործոն է, հարցն այն է, թե երբ է այն դառնում դիսթրես, այսինքն` վնասակար սթրես: Թարգմանաբար «սթրես» բառը նշանակում է` ճնշում, լարվածություն, իսկ օպտիմալ մակարդակի ճնշումն ու լարվածությունը նույնիսկ անհրաժեշտ են մարդու կենսագործունեության համար: Հայտնի բժիշկ Սելյեն ասում էր` եթե Դուք սթրես չեք զգում, ապա մահացել եք: Իրականում մարդու սթրեսակայունության չափը շատ անհատական է եւ կախված է մի շարք գործոններից` եւ՛ իրադրային, եւ՛ անձնային, եւ՛ ազգային: Հասարակությունը ենթարկվում է գրեթե նույն կարգի եւ չափի ինֆորմացիոն հոսանքների` հեռուստատեսություն, այլ ԶԼՄ-ներ, ինտերնետ, բջջային հեռախոսներ, բայց մարդկանց պատասխան ռեակցիան այդ ինֆորմացիոն հոսքին, եւ այն յուրացնելու ու մարսելու ունակություններն էապես տարբեր են: Կան մարդիկ, ովքեր համապատասխան խառնվածքի եւ հոգեկան կառուցվածքի շնորհիվ կարողանում են արագ կողմնորոշվել` ընկալել եւ վերլուծել ինֆորմացիան: Նրանց համար ինֆորմացիոն սթրեսային ազդեցությունը միայն դրական դեր է խաղում: Սթրեսը դառնում է դիսթրես այն մարդկանց մոտ, ովքեր դժվարանում են կողմնորոշվել ինֆորմացիոն հոսքում, զատել մի ինֆորմացիան մյուսից, վերլուծել, իմաստավորել, դասակարգել այն: Այս տեսակետից խնդիրները մեծ են, մանավանդ, երբ խոսում ենք երեխաների մասին: Մանկական տարիքն ավելի խոցելի է այն տեսակետից, որ ինֆորմացիան զատելու, դասակարգելու եւ, ընդհանրապես, կոգնիտիվ գործընթացների տեսակետից փորձառությունը դեռեւս փոքր է: Այդ պատճառով է, որ երեխաների պարագայում հաճախ խոսքը գնում է մեծահասակների կողմից այդ ինֆորմացիայի զատման (մինչեւ երեխային այն տրամադրելը), վերահսկման մասին (ամեն ինչ չէ, որ երեխան պետք է տեսնի, կարդա, ինտերնետ մուտք գործի): Եվ քանի դեռ երեխան դա չի կարողանում ինքնուրույն անել, ապա մեծահասակների, հասարակական կառույցների վրա է դրվում ինֆորմացիայի մատակարարման հիմնական բեռը:

– Ինֆորմացիոն սթրեսի առավել տղամարդի՞կ են հակված, թե՞ կանայք:

– Սեռային տարբերություն գոյություն ունի: Դա կապված է կանանց եւ տղամարդկանց ընկալման, մտածողության եւ այլ ներհոգեկան գործընթացների յուրահատկությունների հետ: Կանանց մոտ ընկալման եւ ուշադրության որոշակի գործառույթներ այլ կերպ են գործում, եւ այդ տեսանկյունից նրանք ավելի շահեկան դիրքում են: Կանայք ավելի հեշտ են կարողանում հարմարվել միաժամանակ տարբեր ինֆորմատորների հետ գործ ունենալիս, օրինակ, հեռուստացույց դիտել եւ խոսել հեռախոսով, տղամարդն ավելի հակված է գործողությունները կատարել մեկը մյուսից հետո: Բնականաբար, կան նաեւ անհատական տարբերություններ, խոսքն ընդհանուր օրինաչափության մասին է: Կա եւս մեկ տարբերություն. տղամարդկանց եւ կանանց տարբեր որակի ինֆորմացիոն հոսքեր են հասնում` կախված սեռից, հետաքրքրություններից, գործունեության տեսակից, եւ շատ հաճախ հենց մարդիկ են ընտրում` ինչպիսի ինֆորմացիային տեղ տալ, օրինակ, չեմ ուզում լսել նորություններ` անջատում եմ հեռուստացույցը, չեմ ուզում կարդալ` չեմ կարդում, եւ այլն: Սակայն, երբ խոսքն անկառավարելի ինֆորմացիոն հոսանքների մասին է, ապա այստեղ մեր անելիքը շատ ավելի քիչ է, քանի որ ակամայից ինֆորմացիան հասնում է մեզ: Օրինակ, տնից դուրս ես եկել եւ ուզում ես հասնել աշխատավայր, ճանապարհին տեսնում ես գովազդային տարբեր շիթեր, լուսարձակներ, լսում ես երաժշտության ձայներ, աշխատավայրում հանդիպում ես մարդկանց, որոնց չէիր պլանավորել հանդիպել, եւ այլն: Այստեղ շատ բան կախված է մեր ընկալունակությունից, առաջնային ինֆորմացիան ոչ առաջնայինից զատելու մեր ունակությունից: Մարդն ունի ընկալման որոշակի ֆիլտրեր (զտիչներ), որոնք թույլ են տալիս ինչ-որ չափով մաղել անիմաստ, ոչ կարեւոր, երկրորդական ինֆորմացիան եւ ընկալել այն, ինչն իրականում կարեւոր է: Սակայն այսօր ինֆորմացիոն հոսքերի ինտենսիվությունը շատ ավելի մեծ է, քան երեկ էր, եւ այդ տեսակետից հոգեկանը նույնպես կարիք ունի վերակառուցելու իր պաշտպանությունները. այստեղ մեր գիտակցությունն էլ, կարծում եմ, շատ մեծ դեր ունի` կարողանալ հրաժարվել «անիմաստ» ինֆորմացիոն հոսքերից, որոնք «լցվում են» մեր մեջ, բայց համարյա ոչինչ չեն տալիս, օրինակ, համակարգչային խաղերը, ինտերնետային սոցիալական ցանցերը: Երիտասարդներից հաճախ ենք լսում` «Նստեցի, նստեցի համակարգչի առջեւ, օրն անցավ, բայց ոչինչ չստացա»: Բացի ինֆորմացիոն սթրես լինելուց, սա նաեւ բավականաչափ ֆրուստրացնող (հիասթափեցնող) եւ ճնշող է, երբ երիտասարդն օրվա վերջում հասկանում է, որ իր օրն անիմաստ անցկացրեց: Իրականում մենք կարող ենք հետեւել ինֆորմացիոն հոսքերի ծավալին, քանակին եւ որոշակի սահմանափակումներ անել: Հաճախ չենք կարողանում դա իրագործել, որովհետեւ կարճ ժամանակահատվածում մեծ քանակի ինֆորմացիային տիրապետելը գերող է: Խնդիրը, սակայն, այն է, որ այդ ինֆորմացիան չի հասցնում կոնսոլիդացվել (կոնսոլիդացիան այն գործընթացն է, որի միջոցով մեր կողմից ընկալված նոր ինֆորմացիան իր տեղն է գրավում հին ինֆորմացիոն շրջանակում): Համաշխարհային բոլոր գործընթացները արագանում են, բայց հոգեկան որոշ գործընթացներ են, որոնց շնորհիվ կարողանում ենք զատել ճիշտը սխալից, կարեւորն անկարեւորից, այնուամենայնիվ, բավականաչափ իներտ են, եւ մենք պե՛տք է հաշվի առնենք, որ մեզ ժամանակ է պետք ինֆորմացիան մարսելու համար:

– Դժվա՞ր է գտնել այն սահմանը, որն անհրաժեշտ է ինֆորմացիոն սթրեսից զերծ մնալու, միեւնույն ժամանակ՝ 21-րդ դարի կողմից թելադրվող տեմպերից ետ չմնալու համար:

– Դա ավելի շատ կապված է մեր անձնային առանձնահատկությունների հետ, մենք պետք է լավ իմանանք, թե մենք որքան ենք ունակ: Երբ համակարգիչը, եւ, ընդհանրապես, այսօրվա տեխնոլոգիաները շատ բան մեր փոխարեն անում են, բնական է, որ ինչ-որ չափով հեշտանում է մեր կյանքը, բայց նաեւ քչանում են մեր հմտությունները, կարողությունները, եւ եթե մեր այդ քչացած հմտություններին ու կարողություններին ավելանում է պահանջը, օրինակ, մի քանի ամսում պատրաստվել ընդունելության քննություններին, բնական է, որ մենք շատ ավելի մեծ սթրես ենք ապրում, քան՝ եթե մենք ունենայինք ժամանակին ձեւավորված համապատասխան հմտություններ` ինֆորմացիայի հետ արդյունավետորեն գործ ունենալու համար: Սակայն այս ամենը, տեխնոլոգիաները ինքնանպատակ չեն, դրանք շատ հստակ ծառայում են մեզ, եւ այսօր «ինֆորմացիոն պատերազմ» հասկացողությունը, եթե գնանք արդեն սոցիալ-քաղաքական մակարդակ, եկել է փոխարինելու ցանկացած այլ տեսակի պատերազմներին: Այսօր պատերազմը սկսվում եւ ավարտվում է ինֆորմացիոն դաշտում: Ինֆորմացիոն պատերազմները երկու մարդու միջեւ զրույցներ չեն, դրանք համակարգերի, մենթալիտետների, քաղաքական որոշակի ամբիցիաների ու դիրքորոշումների բախումներ են, որոնք տեղի են ունենում ոչ թե դեմ առ դեմ` ֆիզիկական կոնտակտով, այլ որոշակի ինֆորմացիոն բլոկների նետմամբ, որը քիչ էֆեկտ չունի, բավական մեծ ազդեցություն ունի մարդու առողջության եւ հոգեկանի վրա: Ենթադրենք, ԶԼՄ-ներում գրվում է` ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են այսպիսի ինֆորմացիա: Հենց այնպես չեն տարածվում այդ ինֆորմացիաները: Չէ՞ որ ինֆորմացիայի տարածումը այսօրվա մոնիպուլյացիայի լավագույն ձեւերից է, դա հզոր մեխանիզմ է այսօր, եւ դրանից զուրկ չէ ոչ ոք: Սա շատ է օգտագործվում` շահարկելու որոշակի քաղաքական, տնտեսական լծակներ: Իրոք, աշխարհում ինչ-որ տեղ ինչ-որ բան միշտ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում, բայց ես դրա մասին տեղյակ չեմ եղել, այսօր ես սկսել եմ տեղյակ լինել, եւ դա տպավորություն է ստեղծում, որ այս աշխարհն ապրելու տեղ չէ, իսկ դա ունի իր հոգեբանական լուրջ հետեւանքները` դեպրեսիա, մեկուսացում, անլիարժեքություն, թուլություն, ինքնասպանությունների աճ եւ այլն: Բերեմ օրինակ հոգեթերապեւտիկ պրակտիկայից: Այցելուներից մեկի մոտ, ով, լինելով բավական տագնապային մարդ, այնուամենայնիվ, կարողանում էր որոշակի ձեւով իր տագնապների «դեմն առնել», վերջին շրջանում նկատվում է տագնապների բնույթի փոփոխություն, որը կապված է ինֆորմացիոն սթրեսի հետ` նա սկսել է տագնապել այն մտքերից, որ աշխարհը կործանվում է (ադեկվատ, ոչ փսիխոտիկ անձնավորության մասին է խոսքը): Նրա մոտ տպավորություն կա, որ ամեն ինչ դեպի վատն է գնում, որ ոչինչ չի ստացվելու մանավանդ մեր երկրում, որ բացասականն ավելի շատ է, քան դրականը: Երբ քննարկում ենք, թե որտեղից է այս ամենը գալիս, հիմնականում խոսքը վերաբերում է ԶԼՄ-ներին եւ մեկ գավաթ սուրճի շուրջ` մտերիմներ-ընկերներ-բարեկամների հետ խոսակցություններին: Իսկ ի՞նչ են այդ խոսակցությունները. ինֆորմացիայի փոխանցում, ընդ որում` կրկնակի, եռակի անգամ աղավաղված, չճշտված, չզտված: Ստացվում է` մեզ հասնում է ոչ թե «մաքուր» ինֆորմացիան, այլ դրա տասնյակ անգամներ փոփոխված տարբերակը, եւ մենք մեր հետեւություններն ու հոգեկան հուզական վիճակը կառուցում ենք հենց այդ աղավաղված, աղճատված ինֆորմացիայի հիման վրա: Արդյունքում երբեմն անտեղի հոգեկան լուրջ ապրումներ եւ խնդիրներ ենք ունենում:

– Ի՞նչ անել նման սթրեսից խուսափելու համար եւ ինչպե՞ս վարվել, եթե արդեն գտնվում ենք դրա ազդեցության տակ:

– Հարցը բավական բարդ է, եւ կարծում եմ, որ ինչ-որ տեղ դեռեւս միանշանակ լուծում չունի եւ չի էլ ունենա, որովհետեւ ինֆորմացիոն հոսանքները եւ աղբյուրները (հեռուստատեսություն, ռադիո, հեռախոս, ինտերնետ, այլ ԶԼՄ-ներ, փողոց-տուն, եւ այլն) ահռելի մեծ են եւ գնալով շատանում են: Պետք է կարողանալ առաջին հերթին այդ ինֆորմացիան գիտակցաբար զտել, քանի որ այն հոգեբանական ֆիլտրերը, որոնք ի ծնե դրված են մեր մեջ եւ որոնք մաղում են շատ մեծ չափի ինֆորմացիա, արդեն իսկ բավարար չեն՝ որպես պաշտպանիչ միջոցներ: Կան մարդիկ, ովքեր ասում են, որ հեռուստատեսությամբ լուրեր չեն նայում ոչ թե այն պատճառով, որ իրենց համար միեւնույն է, թե ինչ է կատարվում աշխարհում, այլ որովհետեւ հասկանում են, որ դա այն ինֆորմացիան չէ, որն անհրաժեշտ է իրենց, եւ աղտոտում է իրենց հոգեբանական միջավայրը: Սա ձեւերից մեկն է` կարողանալ սահմանափակել, զտել եւ այլն: Մյուսը վերադարձն է հոգեկան ներդաշնակությանը, եւ ներքին հավասարակշռության վերականգնումն է, ինչը հասանելի է մարդուն շատ պարզ եղանակներով: Խոսքը դեպի բնություն վերադարձի, առօրեական ինֆորմացիոն դաշտերից վերացարկվելու կարողության ու հանգստանալ փորձելու, հողին, կանաչին ավելի մոտ գտնվելու եւ, ընդհանրապես, ռելաքսացիայի մասին է: Հանգստանալ՝ չի նշանակում՝ անպայման քնել, այլեւ պետք է կարողանալ վերացարկվել հախուռն ինֆորմացիոն դաշտից եւ կարողանալ զտել կարեւոր, պետքական մտքերը: Աշխարհն այսօր այնքան խառնիճաղանջ է, որ որոշակի «միատարրությունը» մեզ չի խանգարի, օրինակ` բնության տեսարանները, նկարը, նույնիսկ դատարկ պատը:

– Ինչպիսի՞ զարգացում կարող է ունենալ ինֆորմացիոն սթրեսը, եւ ինչի՞ կարող է դա հանգեցնել:

– Առաջադեմ աշխարհում, որին մենք դեռեւս, ցավոք, չենք պատկանում, արդեն ձեւավորվել են ինֆորմացիայից օգտվելու` այն զտելու, ինֆորմացիոն ընկալման վրա որոշակի ֆիլտրեր դնելու, պետքականը ոչ պետքականից տարբերակելու որոշակի մեխանիզմներ: Ինֆորմացիայի նպատակային օգտագործումը հիմնական մեթոդն է ինֆորմացիոն սթրեսից խուսափելու համար, սակայն դա որոշակի պատրաստվածություն է ենթադրում: Նոր, մեծացող սերունդը (իմ անձնական դիտարկումների մասին է խոսքը) բավական այլ հոգեկան կառուցվածք ունի` կապված ինֆորմացիայի հետ գործ ունենալու հետ: Շատ ծնողներ զարմանում են, թե ինչպես են 2-3 տարեկան երեխաները կարողանում կողմնորոշվել համակարգիչներում. դա պատահական չէ, այլ էվոլյուցիայի, հարմարման արդյունք, իսկ դա հենց այն է, ինչը մեզ կօգնի մոտ ապագայում կարողանալ մեր տեղը գտնել այս ինֆորմացիոն զանգվածներում:

– Այսինքն` ինֆորմացիոն հոսքի ավելացումն ու տեխնոլոգիաների զարգացումը նպաստում են որքան հմտությունների նվազմանը, այնքան էլ աճի՞ն:

– Բնական է, ամեն նորարարություն սկզբից բերում է անկման, հետո` առաջընթացի: Մենք հիմա պրոբլեմատիկ շրջանում ենք, սակայն ցանկացած մարդ եւ հասարակություն ունի ռեսուրսներ եւ հնարավորություններ` նման փորձությունից դուրս գալու: Մենք էլ դուրս կգանք անպայման, պարզապես դա որոշակի ժամանակ կխլի:

Հարցազրույցը` Լիլիթ ՊԵՏԱՆՅԱՆԻ