Խաչագողի կինոհիշատակարան

09/09/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստանյան նոր կինոֆիլմը` «Խաչագողի հիշատակարանը», որը վերջերս ցուցադրվեց հանդիսատեսին (եւ դեռ ցուցադրվելու է` արդեն մի քանի մասանոց հեռուստասերիալի տեսքով), առիթ տվեց խոսել այն երեւույթի մասին, որը կոչվում է ադապտացում: Այսինքն` շրջապատում տեղի ունեցող կամ կուտակվող փոփոխություններին հարմարվելն եւ դրա շնորհիվ` սեփական գոյությունը պաշտպանելը: Մարդիկ են ադապտացվում միջավայրին, գրականությունն է ադապտացվում կինոլեզվին, ու վերջիվերջո` կինոն էլ հարմարեցվում է հանդիսատեսին:

Րաֆֆին էլ իր լավագույն վեպում հենց նման` ադապտացման գագաթնակետին հասած անհատների մասին է գրել: Խաչագողը մարդ է, որը ոչ մի սրբություն չունի, հարմարվելն ու օգուտ քաղելը նրա համար նույնքան օրգանական է, որքան շնչելն ու ուտելը: Խաչագողը կերպարանափոխման հանճար է, որը սեւի հետ սեւ է, սպիտակի հետ` սպիտակ, եւ բազմադիմակ կերպարների մեջ մտնելով` արդեն չի էլ հիշում` ինչի՞ համար են սկսել այս մեծ խաղը:

Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպի էկրանավորումը այն ադապտացումներից է, որը մի կողմից` հիշեցնում է դասական գործի մասին, իսկ մյուս կողմից` ընկալվում է որպես կոմերցիոն հաջողություն ակնկալող ֆիլմ: Ֆիլմն այդ երկու նպատակներին էլ հասնում է` դրդում է գիրք կարդալ (գոնե վեպին ծանոթանալու համար) եւ դրամարկղ է հավաքում (հայտնի է, որ ցուցադրումների ժամանակ կինոդահլիճը դատարկ չէ): Ամեն բան լավ կլիներ, եթե բուն ֆիլմը միայն այդ նպատակները հետապնդեր: Սակայն կա եւս մի նպատակ, որի մասին նշեցին «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի հեղինակները: Այն է` այսօրվա հային ուղերձ հասցնելը: Պրեմիերայի օրը ֆիլմի պրոդյուսեր Մամիկոն Չատինյանն ու ֆինանսական աջակից «Գրանդ Քենդի» ընկերության ներկայացուցիչները շեշտեցին հայրենասիրության, ազգային դասականների գործերով դաստիարակվելու պահանջի մասին: Իսկ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նկատեց, որ այսօրվա կյանքի հետ զուգահեռներ են անցկացված: Իր նախորդ՝ «Սպանված աղավնի» ֆիլմում Հ. Քեշիշյանը օգտագործել էր բացառապես մելոդրամային շեշտադրումները` առանց հավակնությունների: Իսկ կառուցելով «Խաչագողի հիշատակարանը» արկածային-ավանտյուրիստական ժանրով` փորձել է ասել ավելին: Րաֆֆին այդ «ավելին» կոդավորել է իր վեպում, իսկ հեղինակները` սցենարիստներն ու ռեժիսորը, այդ «ավելին» զրկել են մասշտաբից ու դարձրել են անջատ խրատական մի շերտ:

Մինչեւ ուղնուծուծը հայրենամոլ Րաֆֆին իրապես եզակի վեպ է գրել` առանց ամպագոռգոռ ուսուցչական խրատների, առանց հայրենիքին ուրացողների գլխին սպառնալիքներ տեղալու: Նա հային օժտել է անսահման երեւակայությամբ, ուղեղով ու կարողություններով: Նա հային խաչագող է դարձրել: Խաչագողերը շրջում են քաղաքից քաղաք, կայսրությունից` կայսրություն, ու բանեցնելով կերպարանափոխման հնարքները, փող են շորթում, մարդ են խաբում (ավելի ճիշտ՝ համոզում են մարդկանց ինքնակամ հրաժարվել փողերից ու դեռ մի բան էլ խնդրել խաչագողերին` փողը որպես ընծա ընդունել), մարդ են սպանում, կեղծ դրամներ են տպում, աստվածաբանական ու փիլիսոփայական զրույցներում «ջախջախելով» օտարազգի զրուցակիցներին իրենց գիտելիքներով: Խաչագողերը ինտելեկտով օժտված մարդիկ են, որոնք սեփական ներուժը օգտագործելու շանս չունեն հայրենիքում: Հայաստան չկա, հայրենի հողում աշխատանք չկա: Եվ նրանց մնում է միայն արտագաղթը, որը սկզբում ժամանակավոր բնույթ է կրում, իսկ հետո ապրելակերպ է դառնում:

Առաջին իսկ կադրերից սկսած «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմը ջանում է հանդիսատեսին հուշել, որ 150 տարի առաջ կատարվածի ու այսօրվա իրականության միջեւ պետք է զուգահեռներ անցկացնել: Չէ՞ որ այսօր էլ հայերը արտագաղթում են Հայաստանից, այրում են հայրենիքի հետ կապող կամուրջներն ու, ամայացնելով հայրենի հողը, իրենք էլ ամայանում են: Նման զուգահեռները ֆիլմը ծրագրավորել է, սակայն դրանք դիտվում են որպես առանձին խրատաբարոյական մեջբերումներ: Ճիշտն ասած, տպավորություն է ստեղծվում, որ նման զուգահեռները վեպն ինքն է դուրս մղում: Եվ ֆիլմի հեղինակները ստիպված գործող անձ են դարձրել հենց Րաֆֆուն (Խորեն Լեւոնյան), որին եւ վստահված է Րաֆֆու տեքստը կարդալ: Խ.Լեւոնյանը շատ լավն է, նրա կարդացած տեքստն էլ լավն է, սակայն նա ոչ մի կապ չունի ֆիլմի հետ: Եթե ֆիլմը հիմնվում է հզոր պերսոնաժների վրա, ապա իր ուզածն էլ պետք է պերսոնաժների միջոցով ցույց տա:

Երիտասարդ Մուրադը (Սամվել Թոփալյան) ու փորձառու խաչագող Քավոր Պետրոսը (Հրաչյա Հարությունյան) այն առանցքային հերոսներն են, որոնք առաջ տանելով ֆիլմի դեդեկտիվային-արկածային սյուժեն, նաեւ` պետք է իրենք էլ փոխվեն: Այլապես` չեն կարողանա համոզել, որ թվացյալ թեթեւության ետեւում իրական դրամա կա: Ցավ ու կորուստ, մոլորություն ու հասունություն կա: Հայտնի է, որ բացասական պերսոնաժներ խաղալը միշտ ավելի հետաքրքիր է, քանի որ նրանց ոգում ծագող հավերժական հարցերը (ասենք` ո՞վ ենք մենք, ո՞ւր ենք գնում, ո՞րն է մեր տեղը) միշտ ցայտուն պատասխաններ են ստանում: Իրականում խաչագող լինել նշանակում է՝ ինքդ քեզանից լույս գողանալ: Խաչագողը վիրտուոզ հանցագործ է, բայց միեւնույն ժամանակ` զոհ: Այդ մասին նույնիսկ կարիք չկա նշել, քանի որ այդ ամենը արդեն իսկ կա հերոսների մեջ: Որքան հմտանում է խաչագողը, այնքան ավելի ցածր է հնչում նրա ներքին ձայնը: Եվ այնքան սարսափելի է դառնում կյանքի վերջում վրա հասնող լռությունը: Եվ երբ դիտում ես ֆիլմը, անընդհատ սպասում ես, որ ահա հենց այս դրվագում (կամ էլ այն) կարելի է մարդկային հակասական բնությունը ընդգծել, փոքր-ինչ խտացնել կերպարների գույները, վերջիվերջո` հերոսներին իրենց ներքին ձայնի հետ միայնակ թողնել, բայց ավաղ` ֆիլմը շարժվում է առաջ` նույն ռիթմով ու նույն իլյուստրատիվ ֆորմայով: Հրաչյա Հարությունյանը շատ հմայիչ դերասան է, եւ Պետրոսը նրա լավագույն դերակատարումներից մեկը կարելի է համարել: Դերասանը փորձում է չասել այն, ինչը չպիտի ասվի, ինչը ենթադրելի է: Նրա կերպարը լավն է, բայց սկզբից մինչեւ վերջ` նույնն է:

Իսկ Սամվել Թոփալյանը իր ունակություններով ու դերասանական բնազդով հաստատ կարող էր ավելի ամբողջական կերպար ստեղծել, նրա Մուրադը «ստոպ» ասել կարողացող պերսոնաժ է: Բայց այդ «ստոպ»-ը հասունացնել է պետք: Նենեին (Նազենի Հովհաննիսյան) սիրելը քիչ է: Ինչպես նաեւ քիչ է սեփական հորը (Կարեն Ջանիբեկյան) պատահականորեն հանդիպելը: Ախր մասշտաբային գործերի ընդունակ խաչագողերը մասշտաբային ներկայացման կարիք ունեն: Իսկ Հրաչ Քեշիշյանի մոտ առավել հաջողված են դետալները (նա, օրինակ, շատ լավ աշխատում է զգեստների, դեկորացիայի, լույսի հետ ու կամերային պատմություններ է ստեղծում):

Ճամփորդություններով ու արկածներով լի կյանքը «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմում մանրամասն մշակված ու սիրով ներկայացված է, իսկ երբ գալիս է որեւէ ընդհանրացում անելու պահը (թեկուզեւ առանձին դրվագներում), ֆիլմի կառուցվածքում «ճեղքեր» են առաջանում: Ֆիլմի հեղինակները կարծես չեն վստահում հանդիսատեսին ու ուզում են անպայման արդիականացնել մի բան, որը բնավ էլ արդիականացման կարիք չունի, քանի որ առանց հավելումների էլ պարզ է. երբ հասնում ես գագաթին, դիմացդ միայն անդունդ է: Եվ ուրեմն, միակ ելքը պերսոնաժների հետ քայլ առ քայլ «խաչագողության» գագաթը բարձրանալն է: Անդունդն ուրվագծելու հարկ չկա: Ավելի լավ է գագաթը բարձրանալ: Ընդ որում` պետք է նշել, որ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմում ֆինալ չկա: Այն չի գտնվել: Հայրենիք վերադառնալու Մուրադի պասիվ ցանկությունն ու Քավոր Պետրոսի մահվան մասին տեղեկությունները կադրից դուրս ներկայացնելը ոչինչ չեն ավելացնում խաչագողի էությանը: Եվ եթե վեպը ադապտացվում է, լավագույն հնարքը կլիներ` խաչագողերի հետ փառքի գագաթին հրաժեշտ տալը: Խաչագողը անմահ կերպար է:

Վերադառնալով ադապտացման պահանջին, պետք է նշել, որ որեւէ երեւույթ չի կարող մեկընդմիշտ զմռսված ֆորմայով գոյատեւել, այլապես կզրկվի իր բնական իմունիտետից: Եվ գրականությունն էլ՝ որպես միայն տպագիր գրքի տեսքով գոյություն ունեցող երեւույթ, անընդհատ ադապտացման կարիք ունի: Հաստափոր վեպերը, դասական դարձած գրական ստեղծագործությունները հաճախ են աշխարհում ֆիլմերի, հեռուստասերիալների, պատկերապատումների կամ անիմացիայի, նաեւ` ինտերակտիվ խաղերի ֆորմա ստանում: Հակառակ դեպքում «բանտարկված» են մնում իրենց հայրենիքում` գրադարաններում:

Խաչագողերի համար, օրինակ, Պարսկաստանի լծի տակ գտնվող հայրենիքը բանտ էր, որից նրանք փախչում էին ու օտարության մեջ ճկվում, տարբեր դիմակներ ձեռք բերում, կոփվում ու հմտանում: Ճկվելու ու տրանսֆորմացվելու ունակությունը սովորաբար հենց ներուժի մասին է վկայում: Կարելի է որքան ուզես ազգային անձեռնմխելի արժեքների ու սրբությունների մասին խոսել (ինչը մենք սիրում ենք անել), սակայն փաստը մնում է փաստ. մեր կյանքի տեմպն արագացել է, եւ թվանշանային տեխնոլոգիաները` ներմուծվելով ցանկացած ոլորտ, արդեն հասցրել են բոլորովին նոր մարդկային տեսակ ստեղծել: Ժամանակակից պատանուն չես կարող ստիպել կարդալ այն, ինչը նա ձանձրալի ու հնացած է համարում: Ինչպեսեւ չես կարող խաչագողին ստիպել հայրենիքում մնալ ու ձանձրալի առօրյայով ապրել, երբ շուրջը սեփական ունակությունները կիրառելու «խոպան» է:

Արվեստի արտադրանքը պետք է արդարացնի սպառողի սպասելիքները: Եվ հետո փորձի սպասելիքների դաշտը մեծացնել` մի քանի աստիճանով բարձրացնելով պահանջարկի սանդղակը: Հրաչ Քեշիշյանն, օրինակ, հանդիսատեսի սպասելիքները կռահելու «հոտառություն» ունի: Նա կռահել էր, որ եկել է «Խաչագողի հիշատակարանի» ժամանակը: Սակայն արդյունքը հաջող չի ստացվել միայն այն պատճառով, որ ռեժիսորը փորձել է «հանգիստ», կանխատեսելի ֆիլմ անել: Եթե հանդգներ «փոթորիկ» անել ու ռիսկի գնալ (ինչպես խաչագողը) կարող էր, ինչպես ասում են հրաձիգները` ուղիղ տասնյակին կրակել:

Իհարկե, «Խաչագողի հիշատակարանը» վեպը ֆիլմի համար ադապտացնելը բարդ գործ է: Ինչպես ասաց հայ ժամանակակից փիլիսոփաներից մեկը` «Խաչագողի հիշատակարանը» էկրանավորելու համար հենց խաչագողերի թափն ու պրոֆեսիոնալիզմն է պետք ունենալ: Պրոֆեսիոնալիզմն այս դեպքում` բոլոր կինոհնարքներին ծանոթ լինելն ու այդ հնարքները ազատորեն ու հանդգնորեն օգտագործելն է: Նման հնարքներից են դադարները, ձայնային պարտիտուրան, միգուցե կոմիքսային ֆորմատը, երաժշտությունը, (որը, թեեւ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմում առատորեն է օգտագործվում, սակայն ոչ միշտ` պատեհ պահերին): Տեխնիկան ու դերասանական կինոհնարքները անսպառ են, ինչպեսեւ խաչագողի պաշարները: Խաչագողի համար անցյալ չկա, ապագան էլ չկա, կա միայն հենց այս պահին բռնած նշանակետը: Եվ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմին էլ խաղային սկիզբ, ճիշտ նշանակետեր ու արագ տեմպ էր հարկավոր, ինչպես համակարգչային խաղերում կամ ակնթարթորեն հնարքներ բանեցնող աճպարարների ելույթներում: Էքսպերիմենտ էր պետք, համարձակություն:

Իրականում Րաֆֆին շատ համարձակ մարդ էր: