Կանաչ, մաքուր եւ բարեկարգ՝ վիկինգների հետնորդ թագավորություն, որը
գտնվում է Յութլանդական թերակղզու եւ 406 կղզիների վրա: Բնակիչների
պնդմամբ՝ Դանիան ամենահինն է Եվրոպայում: Ամենուրեք՝ հեծանիվներ ու
հեծանվակայաններ, ջրանցքներ ու լճեր՝ էլ չասած ծովի մասին: Առագաստանավերի
բազմությամբ փոքրիկ նավահանգիստներ: Հանգիստ ու օրինապահ մարդիկ՝
ավանդապահ, բայց ոչ պահպանողական:
Առավելապես անվճար բժշկություն եւ պետական բարձր հարկեր:
Զանազան պրոբլեմներից քաղաքացիների պաշտպանվածության մակարդակով Դանիան
առաջիններից է աշխարհում: Դասվում է ԵԽ եվրոսկեպտիկ երկրների շարքում,
պահպանել է իր արտարժույթը:
Հայաստանի Հանրապետության տարածքն ընդամենը մեկուկես անգամ գերազանցող
փոքրիկ Դանիայում պատմությունն ու նորագույն տեխնոլոգիաներն ապրում են
կողք կողքի: Կղզիաշատ այս երկրում կամուրջները սովորական երեւույթ են:
Աշխարհի երկրորդ ամենաերկար կամուրջը դանիական երկու հիմնական կղզիները՝
Զելանդիան (որտեղ գտնվում է Կոպենհագենը) եւ Ֆյունը (որտեղ ծնվել է
Անդերսենը) կապող կամուրջն է: Հին ամրոցների ու շինությունների
հարեւանությամբ զարգանում է տեխնիկան, ասենք՝ քամուց էներգիա արտադրող
կայանքները, որոնց թվով Դանիան առաջին տեղում է աշխարհում: Աշխարհի նավերի
զգալի մասն այսօր սարքավորված է Դանիայում կամ դանիական արտոնագրերով
պատրաստված շարժիչներով: Ի տարբերություն եվրոպական մի շարք այլ երկրների,
զարգացած գյուղատնտեսության շնորհիվ դեպի քաղաքներ տղամարդկանց արտահոսք
չկա:
Էներգառեսուրսներից աղքատ երկիրն էներգիա է կորզում ամեն հնարավոր
աղբյուրից՝ քամուց, աղբից: Աղբի այրման էներգիան, օրինակ, օգտագործվում է
տների ջեռուցման համար, եւ, բնականաբար, երկիրը մաքուր է:
Մի չնչին, բայց խոսուն մանրուք. կենցաղում օգտագործվող պոլիէթիլենե
տոպրակներն, այսպես կոչված` «ցելոֆաններն», այսօր Դանիայում արդեն
հարկվում են. խանութներն այլեւս դրանք գնորդին չեն տրամադրում անվճար,
արդյունքում՝ կրճատվում է այդ տոպրակների օգտագործումը:
Երեւանցու աչքին Կոպենհագենում անմիջապես զարնում է մեքենաների
սակավությունը: Հետո ես պարզում, որ պատճառը ներկրվող մեքենաների վրա
դրված բարձր հարկերն են: Կայանատեղերը թանկ են ու քիչ (մայթերին կայանելն
այնտեղ արգելված է): Պարբերաբար, «հետիոտն» հատուկենտ փողոցների շարքն
ընդլայնվում է՝ ընդգրկելով քաղաքի ողջ կենտրոնը, ուր այդ օրերին անձնական
մեքենաների մուտքն արգելվում է:
Դանիական բնապահպանական կազմակերպությունների տվյալներով՝ 1990-ից ի վեր
ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են 23 տոկոսով, այդ թվում՝ նոր
տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, որոնք թույլ են տալիս դրանք էներգիայի
վերածել: Նպատակ է դրված մինչեւ 2010 թվականն այդ արտանետումները կրճատել
30-35 տոկոսով, որի արդյունքում Կոպենհագենը թերեւս դառնա Եվրոպայի
ամենամաքուր օդ ունեցող քաղաքը:
Այս երկրում առանձնահատուկ թեմա է հեծանիվը: Բնակիչների մեկ երրորդի փոխադրամիջոցը հեծանիվն է:
Երթեւեկության երեւանյան «ստիլին» սովոր մարդը Կոպենհագենի փողոցներում
հաստատ կնկատի մի քանի «տարօրինակություն»: Հետիոտնն ու վարորդը հարգում
են միմյանց ու լուսաֆորը: Մեքենան վարում են գոտին ձգած: Լուսաֆորներ կան
ամենուր՝ այն էլ կույրերի համար հատուկ ձայնային ազդանշանով սարքավորված:
Նույնիսկ երեկոյան ժամերին, երբ մեքենաների հոսքը նվազում է, մարդիկ
կանգնում ու սպասում են կանաչ լույսին:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2003-ին երկրի 5 միլիոն բնակչության
6,2%-ը վերաբնակներ էին: Չինացիներն ու աֆրիկացիները ճերմակամաշկ ու
առավելապես կապուտաչյա դանիացիների կողքին գունային բազմնազանություն են
ստեղծում: Արդեն բավական մեծ թիվ է կազմում մուսուլմանական համայնքը, այդ
թվում՝ թուրքերը: «Նրանք չեն ընտելանում մեր կանոններին ու ապրելակերպին:
Հաճախ չեն ուզում աշխատել՝ ուղղակի ստանում են իրենց նպաստը: Բազմամարդ
վայրերում երբեմն կռիվներ են գցում: Ասենք, դիսկոտեկներում. իրենց
աղջիկներին վայել չէ դիսկոտեկ հաճախել, իրենք էլ այցելում են ու դանիացի
աղջիկներին անհանգստացնում: Բայց մեզ մոտ կարգն այնպես է, որ երբեք չես
կարող ասել թե՝ քանի որ այս-այս ազգից ես, ուրեմն մի մտիր իմ դիսկոտեկը
կամ սրճարանը», – ասում է մի դանիացի:
Երկու շաբաթը Կոպենհագենում բոլորովին էլ բավարար չէ դանիաբնակ հայի
հանդիպելու համար, մանավանդ, երբ նպատակաուղղված չես որոնում նրան:
Այդուհանդերձ, Դանիական Թագավորության Եկեղեցական գործերի նախարարությունը
բոլորովին վերջերս Հայ Առաքելական եկեղեցուն թույլատրել է կատարել
Դանիայում ավանդաբար եկեղեցու կողմից իրականացվող ամուսնությունների
գրանցումը, նաեւ հայ եկեղեցուն տրամադրել է հարկային արտոնություններ:
Առիթն Իրանից ու Իրաքից 1200 հայ փախստականներն են: Հաշվի են առնվել Հայ
եկեղեցու եւ Դանիայի Ավետարանական լյութերական եկեղեցու միջեւ գոյություն
ունեցող կապերը: Իսկ դրանք բավական խորն են եւ հուզիչ: Առաջին
համաշխարհային պատերազմի օրերին եւ դրանից հետո Դանիայի երկու դուստր՝
միսիոներուհիներ Կարեն Եփեն եւ Մարիա Յակոբսոնը մայրաբար խնամում էին
թուրքերի ջարդերից մազապուրծ եղած ծնողազուրկ հայ երեխաներին:
Զբոսաշրջիկը Կոպենհագենում օտար մարդ չէ. երկրի բնակչության մեծ մասը
զբաղված է տուրիզմի ոլորտում: Զբոսաշրջիկներին այստեղ բերում են ծովը,
գեղատեսիլ վայրերը, հին ամրոցները, շեքսպիրյան Համլետի Էլսինորը, որի
սալապատ պուճուր փողոցներում զգում ես պատմության շունչը: Կոպենհագենից ոչ
հեռու՝ Ռոսքիլդում գտնվող Վիկինգների թանգարանի միջոցով կարող ես ծով
դուրս գալ վիկինգյան դարաշրջանի նավերի նմանությամբ պատրաստված նավերով,
հատուկ արհեստանոցներում կարող ես դիտել, թե ինչպես են վիկինգներն՝ այդ
հայտնի ծովագնացները, նավեր պատրաստել: Կարող ես վայելել կոպենհագենյան
ջրանցքներով մեկժամանոց շրջագայությունը: Ընտրությունը մեծ է: Բայցեւ ոչ
մի կոպենհագենցի իր առագաստանավով չի տանի քեզ ծովով զբոսանքի, եւ հարցը
բոլորովին էլ փողն ու գումարի չափը չէ: Պարզապես ինքն առագաստանավով դուրս
է գալիս բաց ծով՝ հանգստանալու:
Բոլոր քիչ թե շատ ուշադրության արժանի վայրերը թանգարաններ ունեն՝ մուտքի
տոմսով, զուգահեռ հուշանվերների վաճառքով: Բայց միշտ չէ, որ այդպես է
եղել. տարեց դանիացիները հիշում են այն ժամանակները, երբ երբեմն մերձակա
բնակավայրի բնակիչները կարող էին մոտակա եկեղեցու քարերը տանել ու
օգտագործել իրենց տունը կառուցելու համար:
Դանիայում հազվադեպ ու հետաքրքիր երեւույթ է մուրացկանը: Կոկիկ ու նորմալ
հագնված, թեթեւակի գինովցած երիտասարդը վարժ անգլերենով ասում է, թե իրեն
փող է հարկավոր: Հարուստ երկրի ապահովված մուրացկաններից է… Գլոբալ
զարգացման Ամերիկյան գիտահետազոտական կենտրոնի վերջերս անցկացրած
ուսումնասիրությունը պարզել է, որ Դանիան առաջին տեղն է զբաղեցնում երրորդ
աշխարհին օգնող հարուստ երկրների ցանկում:
Միակ բանը, որ Դանիայում հայաստանցուն հպարտության առիթ է տալիս, միրգն ու
բանջարեղենն է: Երբ սեպտեմբերին Կոպենհագենի սուպերմարկետում տեսնում ես
պլաստիկ ամաններում «ձերբակալված» ձմերուկի 2-3 կտոր, անմիջապես միտքդ են
գալիս երեւանյան փողոցների ձմերուկի սարերը: