Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու կրոնական շոուին Հայ եկեղեցու առաջնորդներին ներգրավելու թուրքական ծրագիրն անցյալ շաբաթ ի դերեւ եղավ: Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների երեք առաջնորդները չեն մասնակցելու եւ ներկայացուցիչներ չեն ուղարկելու Սուրբ խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվող սրբազան պատարագին: Երեքն էլ մերժեցին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրավերը: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն առաջինը հայտարարեց, որ բոյկոտելու է այդ արարողությունը: Այս առիթով Արամ Վեհափառը հայտարարեց. «Փորձելով ԵՄ-ն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին համոզել, որ Թուրքիան պահպանում է իր բռնազավթած տարածքների մշակութային ժառանգությունը, թուրքական կառավարությունը վերականգնեց Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, սակայն որպես եկեղեցի այն պահպանելու փոխարեն՝ վերածեց թանգարանի»: Կիլիկիո Կաթողիկոսությունը Թուրքիայի կողմից շեփորահարվող արարողությունը բնութագրեց որպես «Հայոց ցեղասպանության եւ վերապրողների իրավունքների հետեւողական ուրացման եւ ժխտման քաղաքականության քողարկման փորձ»: Մյուս կողմից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նախապես հայտարարել էր, որ բարձրաստիճան 2 հոգեւորականներ է գործուղելու Աղթամար: Իմ հոդվածներից մեկում հույս էի հայտնել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը կվերանայի իր որոշումը: Անցյալ շաբաթ, երբ թուրքական կառավարությունը դրժեց Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու իր խոստումը, Գարեգին Վեհափառը, ինչպես եւ սպասվում էր, առկախեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասնակցությունը այդ արարողությանը: Հայ եկեղեցու նվիրապետական 3-րդ աթոռը` Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, նախապես հայտարարել էր, որ մտադիր է Աղթամար ուղարկել պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ եւ Էկումենիկ ու արտաքին կապերի ղեկավար Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին: Սեպտեմբերի 5-ին պատասխանելով նախատեսված այցելության մասին իմ հարցադրմանը, արքեպիսկոպոս Շիրվանյանն ասաց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որոշման համաձայն՝ նա եւս չի մասնակցի արարողությանը: Այժմ 3 եկեղեցական առաջնորդներն էլ այս հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշում ունեն: Դրվատանքի է արժանի նրանց` թուրքական վարչակարգի կողմից եկեղեցական արարողության քողի տակ իրականացվող քաղաքական շոուին չօժանդակելու որոշումը: Ցավոք, Հայ եկեղեցու նվիրապետական 4-րդ աթոռը` Պոլսո Հայոց պատրիարքությունը, դեռեւս մտադիր է մասնակցել այդ շոուին, չնայած այն հանգամանքին, որ թուրքական կառավարությունը խաբել է պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, հրաժարվելով եկեղեցու գմբեթի խաչը վերականգնելու խոստումից: Վանի նահանգապետը զավեշտալի հայտարարություն է արել, նշելով, որ թուրքական պետությունը տեխնիկական միջոցներ չուներ 200 կիլոգրամանոց խաչը եկեղեցու գմբեթին տեղադրելու համար: Բոլոր նրանք, որոնք խաբվելով Թուրքիայի կեղծ խոստումներից, ինքնաթիռի տոմսեր են գնել եւ հյուրանոցում սենյակներ պատվիրել, պետք է շտապ չեղյալ հայտարարեն իրենց ուղեւորությունը եւ իրենց թյուրիմացության մեջ գցելու համար փոխհատուցում ու ներողություն պահանջեն թուրքական իշխանություններից: Չնայած արքեպիսկոպոս Աթեշյանը պատանդ է թուրքական վարչակարգի ձեռքում եւ, հետեւաբար, զրկված է անկախ որոշումներ կայացնելու իրավունքից, այնուամենայնիվ, եթե նա գնա ու պատարագ մատուցի` թուրքական իշխանությունների կողմից ներկայացվող «Ակդամարի հուշարձան թանգարանում», ապա լիովին կկորցնի աշխարհասփյուռ հայության եւ Հայ եկեղեցու նվիրապետական 3 աթոռների վստահելիությունը: Արքեպիսկոպոս Աթեշյանը պետք է պայման դնի, որ ներկա չի լինելու Սուրբ խաչ եկեղեցում, մինչեւ Անկարան խոստացված խաչը չտեղադրի եկեղեցու գմբեթին: Թուրքական իշխանությունները ստիպված են լրջորեն հաշվի առնել նրա պայմանը, քանի որ առանց նրա մասնակցության հնարավոր չէ եկեղեցական արարողություն կատարել: Նրա բացակայությունը հօդս կցնդեցնի Թուրքիայի քարոզչության ակնկալիքները` դրանք վերածելով PR մղձավանջի: Սեպտեմբերի 19-ի «շռայլ բեմադրության» վերջին կարեւոր դերակատարը ՀՀ կառավարությունն է: Վերջին շաբաթներին, երբ ՀՀ հասարակության մի ստվար հատված խստորեն քննադատում էր Սուրբ Խաչ «թանգարանում» տարվա մեջ մեկ անգամ եկեղեցական արարողություն իրականացնելու Անկարայի որոշումը, պաշտոնական Երեւանը լուռ էր մնում: Անցյալ ամիս ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Թուրքիայի կողմից պաշտոնական հրավեր չի ստացել: Ընդհանրապես ենթադրվում է, որ ՀՀ իշխանությունները պետք է հրաժարվեն նման սկանդալային շոուին մասնակցելուց, հատկապես այն բանից հետո, երբ Անկարան խաբեությամբ ՀՀ իշխանություններին համոզեց ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները` առանց դրանք վավերացնելու որեւէ մտադրության: Ինչպես արձանագրությունների վավերացումից հրաժարվելով թուրքական կառավարությունն ակամա պաշտպանեց ՀՀ-ի շահերը, այնպես էլ այս անգամ, դրժելով Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու իր խոստումը, Անկարան պատճառ դարձավ, որ հայերը չմասնակցեն այս խեղկատակությանը:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ