Թուրքիայում սեպտեմբերի 12-ին կայանալիք հանրաքվեի նախընտրական քարոզարշավն անցկացվում է բավական լարված մթնոլորտում: Թուրքիայի մի շարք շրջաններում բախումներ են տեղի ունենում «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) անդամների եւ ընդդիմադիրների միջեւ: Ըստ թուրքական Milliyet օրաթերթի, նախօրեին Ստամբուլի Բահչելիեւլեր շրջանում Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկը մահակով ծեծել է անցորդներին բուկլետներ բաժանող Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության (ԺՀԿ) կանանց թեւի ներկայացուցիչներին: Դեպքից անմիջապես հետո հարձակման ենթարկված երեք կանայք` Գյուլհան Աթըլըրը, Էդա Օզդեմիրը եւ Նուրայ Թաշանը, դիմել են ոստիկանություն: Բահչելիեւլերի համայնքային խորհրդի նախագահ ԺՀԿ-ական Բերհան Շիմշեքը ծեծված կանանց լուսանկարները տրամադրել է լրագրողներին, որոնք էլ դրանք հրապարակել են մամուլում: Նշենք նաեւ, որ հարձակման ենթարկվում են ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները: Մերսինի մզկիթներից մեկի դիմաց հանրաքվեին «այո» ասելու կապակցությամբ աղոթք անող Էմին Քոջաասլանը հարձակման է ենթարկվել «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչներից մեկի կողմից: