Նոր արտոնյալներ

07/09/2010

Որպես կանոն, Հայաստանում հարկերը վճարելուց խուսափում են հիմնականում խոշոր գործարարներն ու պաշտոնյաները: Հայտնի է, որ մի շարք ճանաչված գործարարներ այդ առումով արտոնյալ կարգավիճակ ունեն: Վերջերս արտոնյալների ցուցակում է հայտնվել նաեւ «Դվին Կոնցեռնը»: Այս ընկերությունը պետությանը պարտք է ավելի քան 600 միլիոն դրամ: Նշենք, որ «Դվին Կոնցեռնին» է պատկանում Հայաստանում ազոտական պարարտանյութի (սելիտրա) ներկրման մենաշնորհը, որն իրականացվում է «Ազոտինվեստ» ընկերության միջոցով: Բացի այդ, ընկերության սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանը մեծ «ներդրում է» ունեցել մայրաքաղաքի շատ տարածքների օտարման գործընթացում: Բազմաթիվ բնակելի շենքեր, մասնավորապես՝ Պուշկինի փողոցում գտնվող մի քանի շենքերի եւ Տերյան 11, 13 բազմահարկերի նախկին սեփականատերերը վտարվել են հենց Ռաֆիկ Սարգսյանի ձեռքով: Այսօր այդ տարածքներում գրասենյակային տարածքների, խանութների, հասարակական սննդի օբյեկտների, ինչպես նաեւ՝ էլիտար բնակարանների շինարարություն է ընթանում: Ընդ որում, ինչպես հավաստիացնում են բնակիչները, Ռ. Սարգսյանը բնակարանների համար վճարել է շուկայականից անհամեմատ էժան գին, իսկ գնահատումն էլ իրականացվել է իբրեւ թե անկախ, բայց իրականում նույն հոլդինգին պատկանող անշարժ գույքի եւ շինարարական ընկերության` «ՌԳՄ գրուպի» կողմից: Նշենք, որ ըստ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի տվյալների, «Դվին կոնցեռնի» պարտքը նախորդ տարեվերջի դրությամբ կազմում է մոտ 289 մլն դրամ: Թե որքան է ավելացրել իր պարտքը Ռաֆիկ Սարգսյանը, ՊԵԿ-ից խոստացան տեղեկացնել այսօր: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, Ռ. Սարգսյանը պատրաստվում է անդամագրվել «Օրինաց Երկիր» կուսակցությանը: