Միջնորդ երկրների պահվածքն անընդունելի է

07/09/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

– ՌԴ նախագահի` Ադրբեջան կատարած այցից անմիջապես հետո Ադրբեջանը դարձյալ դիմեց դիվերսիոն գործողությունների: Կարելի՞ է ենթադրել, որ Ադրբեջանը հակամարտության լուծման վերաբերյալ ՌԴ-ից չի ստացել այն երաշխիքը կամ առաջարկները, ինչ ակնկալում էր:

– Տարածաշրջանում դիվերսիոն գործողություններն ու իրավիճակի նկատվող սրացումը ընդամենը շարունակությունն է Ադրբեջանի ղեկավարության որդեգրած քաղաքականության: Այդ կերպ նրանք ուզում են համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ հակամարտությունը սառեցված չէ, բացի այդ, ադրբեջանական իշխանությունները հետապնդում են մի նպատակ եւս: Նրանք ուզում են խուսափել պատասխանատվությունից` հնարավոր պատերազմի վերսկսման ժամանակ: Բայց բոլորն էլ գիտեն, որ Կովկասում իրավիճակի ապակայունացման համար մեղավորը բացառապես Ադրբեջանն է, եւ հենց նրանք էլ կրելու են նոր պատերազմի կործանարար հետեւանքների ողջ պատասխանատվությունը: Ինչ վերաբերում է ազդեցիկ երկրների կողմից որոշակի երաշխիքներին, ապա հիշեցնեմ, որ թե Մոսկվան, թե Վաշինգտոնը բազմիցս հայտարարել են, որ իրենք չեն կարող լուծել կոնֆլիկտը` հակամարտող երկրների փոխարեն: Պետք է գիտակցել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը միայն կարող են նպաստել, որ հակամարտող երկրներն ընդհանուր հայտարարի գան, եւ կարող են երաշխավոր լինել, որպեսզի իրականանան բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

– Հունիսին տեղի ունեցած սահմանային միջադեպերի արդյունքում, երբ հայ զինվորներ զոհվեցին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուղղակիորեն չդատապարտեցին Ադրբեջանին: Այս անգամ եւս որեւէ կտրուկ գնահատական չհնչեց: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը միջնորդ երկրների նման դիրքորոշման վերաբերյալ:

– Ստեղծված իրավիճակում միջնորդ երկրների պահվածքը համարում եմ անընդունելի: Ձեր կողմից նշված հունիսյան դեպքերից հետո ես հրապարակայնորեն հարց բարձրացրեցի, որ ԵԱՀԿ-ն պարտավոր է նախաձեռնել միջազգային հետաքննություն` միջադեպը լիարժեք բացահայտելու համար: Ասացի նաեւ, որ նման հետաքննությունը կկանխի նաեւ, որ հետագայում բացառվեն հրադադարի ռեժիմի խախտման այսօրինակ կոպիտ դեպքերը: Ցավում եմ, բայց ոչ ԵԱՀԿ-ն, եւ ոչ էլ Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունները ջանք չգործադրեցին, որպեսզի այդ հետաքննությունն իրականություն դառնա:

– Շատ քաղաքական գործիչներ կարծում են, որ ուժի չկիրառման մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումը անհրաժեշտություն է: Սակայն, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը 1994 թվականին կնքված հրադադարից հետո այն խախտել է բազմաթիվ անգամ: Արդյո՞ք նոր համաձայնագիրը կարող է լրացուցիչ երաշխիքներ ապահովել ԼՂ-ի համար:

– Ես կարծում եմ, որ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումը կնպաստեր տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Բայց ոչ վաղ անցյալում տեղի ունեցածի հիման վրա ասեմ, որ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի օրինակը ցույց է տալիս, որ հակամարտող երկրներում անվտանգության պահպանման ամենաէֆեկտիվ ու ռեալ մեխանիզմը չճանաչված պետությունների միջազգային ճանաչումն է: Ստանալով այդ ճանաչումը, Արցախը կդառնա տարածաշրջանային անվտանգության համակարգի լեգիտիմ մասնիկը, եւ հնարավորություն կստանա ու ի վիճակի կլինի պահպանել իր անվտանգությունը ոչ միայն ռազմական, այլ նաեւ դիվանագիտական ճանապարհով: Այսօր պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ տեղեկատվությունները, առավել եւս՝ սահմանի վրա մեր զինվորների մահը, խիստ մտահոգում է Արցախի հանրությանը: Բայց այդ իրավիճակը Ղարաբաղում խառնաշփոթ իրավիճակ չի ստեղծում, ինչպես կցանկանային Բաքվում, հակառակը, հասարակությունը տրամադրված է շատ մարտական, եւ անհրաժեշտության դեպքում արական սեռի ողջ բնակչությունը մի մարդու նման կլծվի իր երկրի սահմանները պաշտպանելու գործին:

– Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանագրում արվել են որոշակի փոփոխություններ, ըստ որի՝ պատերազմի վերսկսման դեպքում ռուսական զորքերը կսատարեն Հայաստանին: Ըստ Ձեզ՝ դա կարո՞ղ է զսպել Ադրբեջանի ռազմական մոլուցքը:

– Ես երբեք նման իլյուզիաներ չեմ ունեցել, թե պատերազմի վերսկսման դեպքում ռուսական զորքերը կսատարեն Ղարաբաղին: Սակայն Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու` ՌԴ-ի պարտավորությունը կարող է ՀՀ զինված ուժերին հնարավորություն տալ ջանքերը կենտրոնացնել ԼՂ-ի պաշտպանության վրա:

Հայտնի է, որ ՌԴ իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է:

– Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Երեւան կատարած այցից հետո ՌԴ նախագահն այցելեց Բաքու` Հարավային Կովկասում երկու թշնամի երկրների հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու համար: Այսինքն, որպես միջնորդ երկիր՝ վերջինս առաջնորդվում է բացառապես իր շահերով:

– Կարծում եմ, չպետք է մոռանալ, որ 2008 թվականի հուլիսի 3-ին Բաքվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրեցին 2 երկրների միջեւ համերաշխության եւ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր: Բացի այդ, Ադրբեջանի տարածքում տեղակայված է ռուսական ռազմական բազան` Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը: Այսինքն, ոչ միայն Հայաստանում կա ռուսական ռազմաբազան, այլ նաեւ` Ադրբեջանում, ճիշտ է, այլ ֆունկցիաներով: Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ նաեւ տնտեսական համագործակցությունն է ակտիվորեն զարգանում: Այսինքն, Ռուսաստանը ունի իր հետաքրքրությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, այդ պատճառով էլ Ադրբեջանի եւ Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությամբ Մոսկվան պետք է ճշգրիտ հաշվարկի իր քայլերը, որպեսզի չնյարդայնացնի ու հուսախաբ չանի կողմերից որեւէ մեկին: