– ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ադրբեջանում հայտարարել է, որ այդ երկիրը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Այնուհետեւ կողմերը տնտեսական ու բարեկամական կարեւոր պայմանագրեր կնքեցին: Հայաստան կատարած այցի ժամանակ ստորագրվել է միայն ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարացման պայմանագիրը: Արդյոք Դ. Մեդվեդեւի այցը Ադրբեջան այդ երկրի համար ավելի շահեկան չէ՞ր:
– Պարտադիր չէ, որ գերտերությունների հետ հարաբերություն ունենալուց անպայման ինչ-որ բան շահես մեկի նկատմամբ: Գերտերությունները նախ ունեն իրենց շահերը եւ զբաղվում են գեոպոլիտիկայով: ՌԴ-ն Հայաստանի ու Ադրբեջանի նման շատ պետությունների հետ խնդիրներ ունի եւ փորձում է հավասարակշռություն պահպանել: Մենք գիտենք, որ մեր տարածաշրջանում այս վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարությունները բավականին լրջանում էին: Մենք չենք ուզենա մտնել պատերազմի մեջ, քանի որ հաղթանակած կողմ ենք, ազատագրել ենք մեր պատմական հողերը եւ փորձում ենք այնտեղ կառուցել երկրորդ հայկական պետությունը: Եվ հանկարծ կարող է այդ հավասարակշռությունը խախտվել: Դրա համար էլ ՌԴ-ի հետ այդ պայմանագրի ժամկետները երկարացվեցին: Ռուսներն ունեն ստրատեգիական կանխորոշման հայեցակարգ. եթե տարիներ առաջ կարողանում էին 10 տարվա կտրվածքով մշակել այդ ռազմավարական կանխատեսման հայեցակարգը, հիմա նրանք ավելի երկար ժամկետի համար կարող են մշակել եւ ուզում են իմանալ, թե այս տարածաշրջանում որ պետությունների հետ կարող են ռազմավարական դաշնակից լինել: Ադրբեջանը նման պայմանագիր չունի ՌԴ-ի հետ: Մենք գիտենք նաեւ, որ ռուսները Ադրբեջանի տարածքում օգտվում են Գաբալայի ռադիոլոկացիոն կայանից: Նրանք Ադրբեջանում էլ շահեր ունեն եւ աշխատում են նախկին Խորհրդային Միության տարածքում նորից իրենց գերիշխանությունը հսկել:
– Բայց այդ հանգամանքն ավելի է մեծացնում ՀՀ-ի կախվածություն ՌԴ-ից` մեկուսացնելով տարածաշրջանում շահեր ունեցող այլ գերտերություններից:
– Այստեղ մեզ պետք է սառը հաշվարկ, թե ինչ է մեզ պետք, եւ դա ում հետ կարող ենք անել: Այսօր մենք տեսանք, որ հայության այս հատվածը մի քիչ անվտանգ պահելու համար միայն ՌԴ-ի հետ կարող ենք ռազմական դաշնակից լինել, որովհետեւ մենք շրջապատված ենք Ադրբեջանով, հզոր Թուրքիայով: Ի վերջո, մենք գիտենք, որ ՀՀ բանակը զինված է ռուսական զենքով, եւ մենք ավելի ձեռնտու պայմաններով չունենք զենքի մատակարարում: Եթե երեկ դա արվում էր չհայտարարված ձեւով, այսօր այդ պայմանագրով մենք կարող ենք զենքն օրինական ճանապարհով ստանալ:
– Բայց չէ՞ որ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում է ՀՀ-ն հայտնվել ՌԴ-ի լիակատար ազդեցության տակ` նաեւ ռազմական ոլորտում:
– Մենք իրավունք ունենք բոլորից էլ զենք գնել, բայց մենք պետք է դիտարկենք, թե դա որքանով է մեզ ձեռնտու: Եթե մեր անվտանգության երաշխավոր երկիր ունենք, ապա նա խորհուրդ է տալիս իր շուկայից գնել: Դա արդեն քաղաքականություն է:
– Այսինքն` ՀՀ-ի դեպքում կոմպլեմենտար քաղաքականությունը չստացվե՞ց:
– Էդ կոմպլեմենտարությունը պետք չէ այդքան շեշտել, բայց ՀՀ բազմավեկտոր քաղաքականությունը պիտի շարունակվի: Կոմպլեմենտարն այն է, որ մենք ում հետ ուզենանք, ինչ ուզենանք` անենք: Բայց եթե անվտանգության խնդիր կա, ապա անցնում ես բազմավեկտորի, որը նաեւ համաձայնեցնում ես քո կարեւոր ռազմական դաշնակցի հետ, որովհետեւ քո դաշնակիցն էլ ունի հարաբերություններ այլ պետությունների հետ: Դա գուցե ազատության ինչ-որ աստիճան պակասեցնում է, բայց կայուն անվտանգություն է ապահովում: Մեր տնտեսությունն էլ է կապված ՌԴ-ի հետ: Բայց մեզ ոչ ոք չի արգելում շփվել եվրոպական պետությունների հետ, մենք անկախ պետություն ենք, ի վերջո:
– «Ոչ ոք չի խանգարի» ասելով` ՌԴ-ին նկատի ունե՞ք:
– Այո, ոչ ոք չի խանգարում, բայց կարող են կողքից խորհուրդ տալ, թե ճիշտ կլինի գնալ այս ուղղությամբ, քանի որ մենք դաշնակիցներ ենք:
– Գաբալայի կայանի համար ՌԴ-ն Ադրբեջանին վճարում է, իսկ ՀՀ-ում տեղակայված ռազմակայանի ծախսերի մի մասը մեր երկիրն է վճարում:
– ՀՀ-ն ՌԴ-ից զենք է ստանում, եւ դրա տվյալները մեզ հայտնի չեն: Ինչպես ժողովուրդն է ասում, որքան «պռավի է, այնքան էլ լեւի է գալիս»: Հայտնի չէ, թե որքան զենք է գալիս, ինչի համար միգուցե չի վճարվում: Դա դրա փոխհատուցումն է: Եվ քանի որ պատերազմական վիճակում ենք, դրա մասին պաշտոնական տվյալներ չենք ասում: Ռուսները վճարում են այլ ճանապարհով:
– Դ.Մեդվեդեւի այցի օրերին Ադրբեջանը նորից դիվերսիոն հարձակում կատարեց ԼՂՀ սահմանների վրա: Ինչո՞վ եք բացատրում դա: Չէ՞ որ Ադրբեջանում էր ՀՀ անվտանգության երաշխավոր երկրի նախագահը:
– ՌԴ-ի մոտեցումը մեր տարածաշրջանին այնպիսին է, որ պետք է հավասարակշռություն պահպանի եւ խնդիրները ոչ պատերազմական ճանապարհով լուծի: Ադրբեջանն անընդհատ ներվային ջղակծկումներ է անում, թե իրեն ձեռնտու չէ այդ հավասարակշռությունը: ՌԴ-ն նոր պատերազմ չի թողնի: Այդ դիվերսիոն հարձակումների ակտիվացումը անհամաձայնության նշան է, որ ռուսներին ցույց տան, որ եթե դուք արգելեք, նորից փորձելու ենք: Մենք ազատագրել ենք մեր պատմական տարածքները: Տիգրանակերտի պեղումները լիարժեք ապացուցեցին, որ դրանք պատմական Հայաստանի տարածքներ են:
– Բայց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր տարիներ առաջ հայտարարել, թե Աղդամը, նույն Տիգրանակերտը, մեր հայրենիքը չէ:
– Այո, մեր կուսակցության նախագահն ասել է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, բայց չի ասել, որ Տիգրանակերտը մեր հայրենիքը չէ: Ես ասում եմ, որ Տիգրանակերտը մեր հայրենիքն է:
– Պարոն Զոհրաբյան, Հայաստանի անկախության համար պայքարելու պատճառով խորհրդային տարիներին Դուք երկար ժամանակ բանտում եք հայտնվել: Այսօր ինչո՞ւ եք ողջունում ՌԴ-ից եկող այն բոլոր միջոցառումները, որոնք նվազեցնում են մեր երկրի անկախության աստիճանը:
– Ոչ, հիմա մենք անկախ պետություն ենք եւ մեր անվտանգությունն ապահովելու համար ՌԴ-ի հետ ունենք ռազմավարական դաշինք: Անկախության կորուստ չեմ տեսնում: Եթե սանդղակը դնենք, թե անկախությունը որտեղից որտեղ է, բնականաբար, կա բացարձակ անկախությունը, որը ոչ մի պետություն չունի: Այլ բան է, թե ինչ աստիճանի ես կախված: Ոչ թե ՌԴ-ից ենք կախված, այլ կախված ենք բոլոր գերտերություններից: Հաշվենք, թե քանի հզոր պետություն կա աշխարհում, որ մեզ վրա կարող են ազդել: