Որքան էլ Հայաստանի քաղաքական-վերլուծական միտքը փորձեց նսեմացնել Դմիտրի Մեդվեդեւի՝ Բաքու կատարած այցի նշանակությունը, այցի հենց նույն օրն իսկ պարզ դարձավ, որ Մեդվեդեւը հենց այնպես չէր այցելել Ադրբեջան։
Պետական սահմանի մասին պայմանագիրն արդեն բավական է՝ այցը անօգուտ չհամարելու համար։ Սակայն շատ ավելի կարեւոր էր «Գազպրոմի» եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջեւ կնքված պայմանագիրը՝ Ադրբեջանի կողմից Ռուսաստան մատակարարվող գազի ծավալների մեծացման մասին։ Սա այնքան լուրջ զարգացում է, որ դրա ֆոնին ծիծաղելի են թվում դեկլարատիվ բնույթի հայտարարությունները՝ դարավոր եղբայրության մասին, եւ արարողակարգային տարբեր միջոցառումները, որոնք մենք մեծագույն հրճվանքով ցուցադրում էինք հայկական հեռուստաալիքների ուղիղ եթերում։ Պայմանագրի ստորագրումը Ռուսաստանի համար շատ կարեւոր նվաճում էր աշխարհաքաղաքական առումով՝ Եվրոպայի հետ մրցակցության տեսանկյունից, այդ իսկ պատճառով ռուսական եւ արեւմտյան ԶԼՄ-ները Մեդվեդեւի այցի մասին խոսելիս կարեւորում են հատկապես հենց այդ իրողությունը։ Սակայն պատկերն ավելի պարզ ընկալելու համար ներկայացնենք նախապատմությունը։
ՌԴ-Ադրբեջան «գազային» հարաբերությունների դինամիկան
Մինչեւ 2007թ. Ադրբեջանը գազ ներկրող էր։ Տարեկան 4.5 միլիարդ խմ գազ այս երկիրը ստանում էր Ռուսաստանից, Մոզդոկ-Կազիմագոմեդ գազամուղով, որի թողունակությունը տարեկան 5 միլիարդ խմ է։ Գազի արդյունահանման սեփական աղբյուրների զարգացմանը զուգահեռ՝ Ադրբեջանն աստիճանաբար սկսեց բավարարել ներքին պահանջարկը եւ վերջնականապես հրաժարվեց ռուսական գազից։ 2009թ. Ադրբեջանում արդյունահանվել է 23.6 միլիարդ խմ բնական գազ։ 2009 թվականից գազամուղը սկսեց աշխատել արդեն հակառակ ուղղությամբ. ներկրողի դերում հայտնվեց Ռուսաստանը։ Ադրբեջանական գազի՝ Ռուսաստան մատակարարման պայմանագիրը ստորագրվեց 2009թ. հոկտեմբերին։ Սկզբում կողմերը մտադիր էին 2010թ. ընթացքում մատակարարել 0.5 միլիարդ խմ գազ, սակայն շուտով պայմանավորվեցին ծավալը մեծացնել մինչեւ 1 միլիարդ։ Մատակարարումները սկսվեցին 2010թ. հունվարի 1-ից։ Իսկ Մեդվեդեւի այցելությամբ սկիզբ դրվեց այս հարաբերությունների 3-րդ փուլին. «Գազպրոմն» ու Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը արդեն գործող պայմանագրին լրացնող փաստաթուղթ ստորագրեցին՝ պայմանավորվելով 2011թ. գազի ծավալները հասցնել 2 միլիարդ խմ-ի, իսկ 2012 թվականից՝ դրանից էլ ավելի շատ։ Թեկուզ միայն զուտ կոմերցիոն տեսանկյունից այս գործարքը Ադրբեջանին շատ ձեռնտու է. ռուսները գազը գնում են եվրոպական գնով՝ 245 դոլար 1000խմ-ի դիմաց։ Մոտավոր հաշվարկներով՝ տարեկան 2 միլիարդ խմ մատակարարելու դեպքում Ադրբեջանը կունենա շուրջ 5 մլրդ դոլարի հասույթ։ Սակայն ընդհանուր սխեմայի մեջ սա ամենակարեւոր հանգամանքը չէ։
Ադրբեջանական գազը՝ գլոբալ զարգացումներում
Ինչպես արդեն նշեցինք՝ «Գազպրոմը» ադրբեջանական գազի համար վճարելու է բավականին թանկ գին՝ 245 դոլար։ Սա աննախադեպ բարձր գին է «Գազպրոմի» համար։ Ինչպես գրում է ռուսական «Կոմերսանտը», ոչ պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանը թուրքմենական գազը գնում է 190 դոլարով, իսկ ղազախականը՝ 230 դոլարով։ Այսինքն, զուտ տնտեսական առումով այս գործարքը Ռուսաստանի համար ձեռնտու չէ։ Սակայն, ինչպես գրում է նույն «Կոմերսանտը». «Ադրբեջանական գազը լուրջ քաղաքական խնդիրներ է լուծում Ռուսաստանի համար»։ Բանն այն է, որ ադրբեջանական գազը պետք է դառնար եվրոպական Nabucco նախագծի հիմնական ռեսուրսը։ Իսկ Nabucco-ն ռուսական «Հարավային հոսանք» (South Stream) գազամուղի մրցակիցն է, եւ նպատակ ունի ասիական գազը այլ երկրների տարածքով Եվրոպա հասնելով՝ նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից (տես նկարը)։ Nabucco-ով (որը նախատեսված է ավարտել 2013թ.) պետք է Եվրոպա հասցվեր թուրքմենական, իրաքյան եւ ադրբեջանական գազը՝ յուրաքանչյուրի մասով 8-10 մլրդ խմ։ Այսպիսով, Ադրբեջանից գնելով գազի բոլոր ավելցուկային պաշարները՝ Ռուսաստանը Nabucco-ին զրկում է ռեսուրսներից։ Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը Բաքվում հայտարարել է, որ գազի մատակարարման վերին նշաձող գոյություն չունի, եւ իր ընկերությունը պատրաստ է գնել գազի ողջ քանակությունը, որն Ադրբեջանը կարող է արտահանել։ Ավելին, Միլլերի խոսքերով, «Գազպրոմը» պատրաստ է գնել Շահ-Դենիզ-2 պրոյեկտի ողջ գազը, ինչպես նաեւ՝ բրիտանական BP-ի մասնաբաժինը Շահ-Դենիզ-1-ում։ «Գնելով ադրբեջանական գազի՝ ավելի ու ավելի մեծ ծավալներ, Ռուսաստանը հերթական անգամ կասկածի տակ է դնում Nabucco-ի աշխատանքը»,- «Վեստիին» ասել է «Կալիտա-Ֆինանս» ֆինանսական խմբի վերլուծաբան Անդրեյ Գանգանը։ Նշենք նաեւ, որ ռուսներն իրենց էներգետիկ շահերը հետապնդում են ոչ թե կոշտ միջոցներով, այլ շատ դիվանագիտորեն, եւ ինչո՞ւ ոչ՝ թաքնված ցինիզմով։ Մեդվեդեւն, օրինակ, Բաքվում Nabucco-ի առնչությամբ ասել է. «Մենք չենք կարող եւ չպետք է խոչընդոտենք այլ նախագծերին։ Թող հաղթեն այն նախագծերը, որոնք շահույթ են բերում»։
Որոշ ռուս փորձագետներ կարծում են, որ Nabucco-ն ամեն դեպքում կկառուցվի։ «Այդ նախագիծը ավարտին կհասցվի, եթե անգամ գազամուղը դատարկ մնա, քանի որ այն քաղաքական նախագիծ է»,- ասում է վերլուծաբան Անդրեյ Պոլիշչուկը։ Nabucco-ի կենսունակության հնարավորությունների մասին գրում է նաեւ «Կոմերսանտը»՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Իլհամ Ալիեւը կատեգորիկ չի հրաժարվել այս նախագծին իր երկրի մասնակցությունից։ «Միայն ապացուցված գազի պաշարները Ադրբեջանում գերազանցում են 2 տրիլիոն խմ-ն, իսկ պոտենցիալ ծավալները կազմում են 5 տրիլիոն խմ։ Այդ իսկ պատճառով, գազը մեզ կբավականացնի մի քանի տասնամյակ»,- ասել է Ալիեւը։ Իսկ «East European Gas Analysis» վերլուծական կենտրոնի ղեկավար Միխայիլ Կորչեմկինը կարծում է, որ արդեն 2015թ. Շահ-Դենիզ-1 եւ Շահ-Դենիզ-2 հանքավայրերում հնարավոր կլինի արդյունահանել տարեկան 10-12 միլիարդ խմ գազ։ Այնպես որ, երկիրը կարող է բավարարել մի քանի գնորդների պահանջարկը։
Nabucco-ն դեռ շանսեր ունի համալրվելու ադրբեջանական գազով։ Սակայն այս պահին իրավիճակի տերը Ռուսաստանն է, որը «նաղդ» տեր է կանգնել այս պահին հնարավոր գազի պաշարներին։ Փաստորեն, Մեդվեդեւը, թեկուզ ժամանակավոր, բայց մատ արեց Եվրոպային։ Եվ, որ մեզ համար ամենակարեւորն է՝ Ադրբեջանի օգնությամբ։ Եվ պատահական չէ, որ ֆրանսիական «Le Figaro»-ն գրում է. «Ռուսաստանի համար Ադրբեջանը գլոբալ աշխարհաքաղաքական նշանակություն ունի. գլխավորն այն է, որ երկիրն իր քաղաքական կուրսը չփոխի դեպի Արեւմուտք, ինչպես արդեն արել է Վրաստանը։ Այդ իսկ պատճառով էլ Մոսկվան պարբերաբար ջանքեր է գործադրում Հայաստանի հետ իր սերտ կապերը հավասարակշռելու ուղղությամբ»։
Այսքանից հետո պարզ է դառնում, որ Մեդվեդեւի այցը ոչ միայն «հենց այնպես» չէր (ինչպես կարծում են որոշ հայ վերլուծաբաններ), այլեւ՝ աշխարհաքաղաքական խնդիրներ էր լուծում Ռուսաստանի համար։ Ընդ որում՝ ի վնաս մեզ, քանի որ Ադրբեջանի հետ ցանկացած տիպի հարաբերությունների սերտացումը, այսպես ասած, թուլացնում է Հայաստանի դիրքերը։
Իսկ այն տեսակետը, թե Մեդվեդեւը Ադրբեջան գնաց, պատկերավոր ասած, ադրբեջանցիներին նեղացած չթողնելու համար, արդեն մանկական միամտություն է։ Վերը նշվածից հետո լրիվ այլ իրականություն է արտացոլվում. հակառակը՝ Հայաստա՛ն գալն էր նախապատրաստական քայլ՝ Ադրբեջանի հետ լուրջ պլաններ իրականացնելուց առաջ։ Կարճ ասած՝ Մեդվեդեւը Հայաստան էր եկել մեր գլխի տակ փափուկ բարձ դնելու համար։ Ցավալին այն է, որ խելքը գլխին մեր շատ հայրենակիցներ դեռ գլուխները չեն ուզում բարձրացնել այդ փափուկ բարձից։