«Պատերի տակ նստած օրը ճամփու ենք դնում»,- ասում էին Արարատի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչները: Ըստ գյուղացիների` մինչ 1945թ. գյուղը եղել է թուրքաբնակ եւ կոչվում էր` Թորփախկալա: «Այսինքն, թող` փախի»,- կատակում էին գյուղի կանայք: «Իսկական ժամանակն ա, որ գյուղացին թողնի փախնի: Հողը տվել են ժողովրդին, քարն էլ դրել են գլխին, ու առավոտից իրիկուն աշխատացնում են: Սաղ օրն էլ յուղն ու ձեթը ջաններից դուրս ա գալիս, բայց էլի` անօգուտ»,- մեզ հետ զրույցում ասաց Աստղիկ տատը` հեռվից հետեւելով իր խանութ-կրպակին: «Սաղ օրը նստում եմ էս ծառի տակ ու սպասում եմ բուդկայիս բախտին: Ասում եմ` տեսնես գալո՞ւ է, բայց դե չէ: Քանի գնում ա, վիճակը վատանում ա: Առեւտուր չկա»,- շարունակեց 80-ամյա կինը: «Էսօր կոլխոզնիկը տուժում ա: Հողի տերը իրա բերքը թանկ-թանկ ծախում ա, կոլխոզնիկն էլ՝ հասարակ մարդ, ինչ ասում են` անում ա: Զոռն ա զոռը ուտելի, բալա ջան: Էդ ա դարը: Մեր աջն էլ ուզում են կտրեն, դնեն մեր գլխին»,- սառնությամբ նկատեց Գյուլնար տատը: «Գազը՝ թանկ, ջուրը՝ թանկ, թոշակն էլ, մինչեւ ճանապարհ ընկնելը, բաժանում ենք: Հիմա մեր էդ երկրի իշխանությունների մասին մի բան ասե՞մ, բայց դե պետք չէ, պետք չի»,- թթենու տակ նստած ու հայացքները ցաքուցրիվ, մի տեսակ խռովված, ասացին կանայք: «Վիրավորվա՞ծ եք իշխանություններից»` հարցրեցի` նայելով Աստղիկ տատի աչքերին: «Շա՜տ, շա՜տ, բալա ջան»,- անզուսպ հուզմունքով ավելացրեց Աստղիկ տատը` շփոթված հայացքը թաքցնելով կապույտ գոգնոցի փեշի մեջ: «Ի՞նչ Կառավարություն: Սաղ մեծամեծերը կուշտ-կուշտ նստել են, բա իրանց վե՞ջն ա, թե գյուղացին սոված ա»,- խաղաղված շարունակեցին գյուղի կանայք: «Էդպես էլ պիտի լինի: Սաղս իրար նման ապրում ենք: Հեն ա, նայի՛, այ էն ռյադի վրա, մեկը մեկից վատ ա ապրում: Ո՞վ ա մտածելու: Ե՞րբ: Էրեխեքը բանակից գալիս են, իրանց պատեպատ են խփում: Գործ չկա: Մի սիգարետ էլ չեն կարում առնեն»,- կարծես բարձրաձայն, իրենք իրենք մտքերով տարված, խոսում էին հնաբերդցիները` մատնացույց անելով գյուղի Մշակույթի ակումբը: «Բա էդ Մշակույթի տուն ա՞: Տեսքը նայեք: Իսկական զուգարան ա: Ո՞վ ա մտածում, որ սարքեն»,- նկատեցին Հնաբերդի բնակիչները:
Հնաբերդը միակ գյուղը չէ, որտեղ մշակութային տունը, մեղմ ասած` անմխիթար վիճակում է, սակայն եզակի գյուղերից է, որտեղ Մշակույթի տան ետնամասում` սենյակ հիշեցնող ավերակը ծառայում է իբրեւ հասարակական զուգարան: Մինչդեռ այս մշակութային «օջախում» կազմակերպվում են միջոցառումներ: Ավելին` այն անգամ տնօրեն ունի: «Երբ ռայոնից մարդիկ են գալիս, տենց էլի` պատվավոր, բերում են կուլտուրայի տուն»,- ավելացրեցին հնաբերդցիները: Ու թերեւս այդ պատվավոր հյուրերի աչքից «վրիպել» էին առանց ապակիների պատուհանները, որոնց փեղկերին փաթաթվել են մոխրագույն ցելոֆանների կտորտանքները, պատին գրված տաքսի ծառայության հեռախոսահամարը, ի վերջո` շենքի ետնամասում գտնվող առանց դռան զուգարան-սրահը: «Կյանքը շատ ա փոխվել»,- միաբերան ասացին Հնաբերդի բնակիչները` նկատելով նաեւ այն, որ այսօր իրենց գյուղով հետաքրքրվում են միայն տուրիստները: «Գյուղի վերջում Դվինի պեղումներն են անում: Տուրիստներ շատ են գալիս»,- նկատեցին գյուղացիները: «Ավելի շատ արտասահմանցիներ են գալիս, քան` հայեր»,- նշեց Գոհարը, ում ընտանիքն արդեն 22 տարի` հսկում է այն տարածքը, որտեղ կես դարից ավելի է` իրականացվում են հնագիտական պեղումներ: Ի դեպ, այս տարածքից դուրս, ցանկապատի անմիջապես դիմաց, աղբակույտեր էին, որոնք բավական երկարությամբ երիզվել էին մայթեզրերին…