Աշխատացնում են եւ չեն վճարում

07/09/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վատ օրենք չի լինում, այլ խնդիր է, թե տվյալ երկրում ովքեր ինչպես են այդ օրենքին վերաբերվում, կամ ում վրա ինչպես են այդ օրենքը կիրառում: Սահմանադրությամբ եւ բոլոր օրենքներով` Հայաստանում անվերապահորեն պետք է հարգվեն եւ պաշտպանվեն մարդու ապրելու, աշխատելու եւ պետական ծառայություններից օգտվելու իրավունքները: Բոլոր օրենքներում ամրագրված է ՀՀ քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների սահմանը, այլ հարց է, թե դրանք ինչպես են կիրառվում: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 37-ը սահմանում է. «Գործատուները, աշխատողները եւ նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս եւ պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ եւ ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է: Աշխատանքային իրավունքների իրականացմամբ եւ պարտականությունների կատարմամբ չպետք է խախտվեն այլ անձանց` օրենքներով պաշտպանվող իրավունքներն ու շահերը»: Մեր օրերում բազմաթիվ են այն դեպքերը, երբ գործատուն, խախտելով կնքված աշխատանքային պայմանագրերը` աշխատողին շահագործում է, ավելին` շատ դեպքերում կնքված պայմանագրերը դատական ատյանների միջոցով լուծելու դեպքում` քաղաքացին մնում է առանց ոչնչի, քանի որ գործատու-դատարան հարաբերությունը լուծվում է «հայկական ավանդական ձեւերով»: «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» իր աշխատակիցների հանդեպ ունեցած մեծ պարտքերը տարիներ առաջ փորձում էր զրոյացնել: «Վերջը հասան նրան, որ այդ հսկայական գումարներ կազմող պարտքերը ընդամենը 50%-ի չափով վճարեցին: Մեզ մոտ գործատուն, մասնավորապես՝ խոսքն «Արարատ ոսկու արդյունահանման» գործարանի մասին է` ամեն կերպ փորձում է աշխատողներին օգտագործել, աշխատացնել ու վերջում «քցել»,- ասում է իրավաբան Արմեն Հայրապետյանն, ով ներկայումս զբաղվում է գործարանի անօրինականությունից տուժած քաղաքացու դատական գործով:

Քաղաքացի Արտաշես Բուդոյանը 1996-ից աշխատել է նշյալ գործարանում. «Աշխատել եմ անվտանգության ծառայությունում, հանքավայրի պետի տեղակալ, գիշերային օպերատոր եւ այլն: Այդքան ժամանակվա ընթացքում կնքել եմ 3 պայմանագիր: Մի խոսքով` համաձայն` աշխատանքային գրաֆիկի` ես ամբողջ օրը, այսինքն` շուրջօրյա, եղել եմ աշխատանքի մեջ: Կատարել եմ ցերեկային, գիշերային եւ արտաժամյա աշխատանք»,- պարզաբանում է Ա. Բուդոյանը, ով աշխատանքի ընթացքում կանխել է հանցագործության մի քանի դեպք եւ գործարանի ղեկավարության կողմից արժանացել է խրախուսանքների եւ պարգեւատրումների: 2005թ. «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» եւ Ա. Բուդոյանի միջեւ աշխատանքային պայմանագիրը խախտելու եւ աշխատավարձերի պարտքերը չվճարելու համար վեճ է սկսվել: «Տեսնելով, որ գործարանի ղեկավարությունը հրաժարվում է այդքան մեծ գումարն ինձ վճարելուց, որը մի քանի տարվա չվճարված աշխատավարձերի համար կազմում է 14.000 ԱՄՆ դոլար` ես դիմեցի ՀՀ Աշխատանքի պետական տեսչություն»,- ասում է Ա. Բուդոյանը, ով վստահեցնում է, որ տեսչության աշխատակիցները բավական անաչառ ուսումնասիրություն են կատարել եւ հաստատել են, որ գործարանն իսկապես մեծ պարտքեր է կուտակել իր նկատմամբ: Սակայն հետագայում զարմանալիորեն պարզվել է, որ տեսչության որոշումն անօրինական է: Նաեւ նշենք, որ տեսչությունը, բացի Ա. Բուդոյանից, ուսումնասիրություն է կատարել գործարանի եւս չորս աշխատակիցների մասով, որոնց աշխատավարձերը նույնպես չեն վճարվել: Ինչեւէ, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ Աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Գ. Մալխասյանի ստորագրությամբ, որոշման համաձայն` «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ն աշխատակիցների հետ կնքած պայմանագրի կետերը խախտել է, որի պատճառով պարտավոր է վճարել գումարները. «Հիմնական աշխատաժամանակի ավարտից հետո նրանք եւս աշխատել են, որը եղել է առանց վարձատրության: Գործատուի պնդումն այն մասին, որ այդ աշխատանքները կատարվել են այլ բանավոր աշխատանքային պայմանագրի հիման վրա եւ կողմերի կամարտահայտությամբ, անհիմն է, քանի որ չհավաստվեց որեւէ ապացույցով»: Տեսչության պետի տեղակալը որոշում է ընդունել՝ գործարանին պարտավորեցնել, որպեսզի աշխատանքային պայմանագրով նախատեսված հիմնական աշխատաժամանակից դուրս աշխատողների կատարած աշխատանքը, որը ենթակա է վճարման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բավարարվի: Հետեւաբար հանձնարարվել է «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ի տնօրինությանը՝ դիմումատուներին վճարել կատարած աշխատանքի համար:

ՀՀ Աշխատանքի պետական տեսչության որոշումը չկատարելու պատրվակով գործարանի ղեկավարությունը բավական զավեշտալի մեկնաբանություն է տվել` ասելով, որ որոշման վրա պետք է լիներ ոչ թե պետի տեղակալի, այլ` պետի ստորագրությունը: Հետեւաբար՝ պետության կողմից լիազորված մարմնի կողմից փաստաթուղթը «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» ղեկավարությունը համարել է անօրինական: 2007թ. սեպտեմբերի 27-ին ձեռնարկությունը ՀՀ Տնտեսական դատարան դիմում է ներկայացրել ՀՀ Աշխատանքի պետական տեսչության որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: «Տնտեսական դատարանի վճիռն ուղղակի ծիծաղելի է, որովհետեւ տեսչությունը բազմակողմանի ուսումնասիրություն էր կատարել եւ Աշխատանքային օրենսգրքի հոդվածներով, կնքված պայմանագրերով հիմնավորել էր որոշումը: Այսինքն` էստեղ գալիս է գործատուի միջամտության սկզբունքը, որով ազդում են դատարանների վրա: Բոլորս էլ գիտենք, որ փող ունեցողների շահը վեր է ամեն շարքային քաղաքացու շահից»,- նկատում է իրավաբան Ա. Հայրապետյանը: ՀՀ Տնտեսական դատարանը անվավեր է ճանաչել ՀՀ Աշխատանքի տեսչության որոշումը: Ի դեպ, «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» կատարած անօրինական գործողությունների դեմ տեսչության որոշումն ընդունվել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի ներկայիս նախարար Արթուր Պետրոսյանի օրոք: Հիշեցնենք, որ նախկինում նա զբաղեցնում էր ՀՀ Աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը, ով այդ որոշումն ընդունելու ժամանակ գտնվել է արձակուրդի մեջ, ինչի պատճառով որոշումը ստորագրել է նրա տեղակալ Գ. Մալխասյանը:

Այժմ այս գործը գտնվում է ՀՀ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի վարույթում: Ա. Բուդոյանի հավաստմամբ` դատարանը հայցվոր կողմի միջնորդություններն ընդհանրապես ուշադրության չի արժանացնում, իսկ պատասխանող կողմ` «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» ներկայացուցիչն ընդհանրապես դատարան ոտք չի դնում, ինչը Էդ. Ավետիսյանին բոլորովին չի անհանգստացնում. «Մի քանի նիստ շարունակ միջնորդություն ենք ներկայացրել` նախագահող դատավորին խնդրելով դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին, որպեսզի հստակեցվի աշխատաժամերի դիմաց չվճարված պարտքը: Բառիս բուն իմաստով բերաններս փակում էր ու միջնորդությունն արհամարհում: Հետագայում ինքն է ասում, թե ինչո՞ւ դատահաշվապահական փորձաքննության միջնորդություն չեք ներկայացնում: Պատկերացնո՞ւմ եք, ոնց որ ծաղր ու ծանակի ենթարկի»: Միջնորդությունը բավարարելուց հետո Էդ. Ավետիսյանը հայցվորին ուղարկել է Արդարադատության նախարարությանը պատկանող մի փորձաքննության կենտրոն, որը դատահաշվապահական փորձաքննություն կատարելու լիցենզիա չի ունեցել. «Ստացվում է, որ Էդիկ Ավետիսյանն ուղարկում է մի կենտրոն, որի եզրակացությունը հետագայում անօրինական է համարելու: Երբ մենք հրաժարվեցինք` բացատրելով, որ այդ կազմակերպությունը լիցենզիա չունի` նա մեկ ուրիշ կենտրոն ուղարկեց, որը կրկին լիցենզիա չուներ: Հիմա դատական նիստերը ձախողվել են դատավորի գործողությունների ու դրա արդյունքում առաջացած ձգձգումների պատճառով: Այսինքն` կարող են մի քանի տարի շարունակ էս հարցը քնեցնել դատարանում, որպեսզի «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության» խաթրը չկոտրեն»,- ասում է Ա. Բուդոյանի շահերի պաշտպան Ա. Հայրապետյանը, ով հույս ունի, որ մամուլի հրապարակումը զսպաշապիկ կլինի ՀՀ արդարադատության համակարգը ներկայացնող դատավորի համար: